ԵՐԲ ԵՆՔ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՈՒՑ
«Եթե1995-96 թվականներին ճիշտ ընտրություններ անեինք, այդ հարցում արդեն պրոբլեմներ չէինք ունենա՝ շատ առաջ գնացած կլինեինք։ 1995-96 թվականներին սխալ ցիկլի մեջ մտանք։ Այս ընտրություններով այդ ցիկլը վերջանում է։
Ի սկզբանե պարզ էր, որ հաղթելու է Սերժ Սարգսյանը, եւ հիմա մեր նպատակը պետք է լինի այն, որ նա իր երկրորդ ժամկետում ավելի օգտակար լինի պետությանը եւ ժողովրդին, քան առաջինում։ Այս ընտրություններից հետո սկսվում է նոր փուլ, նոր քաղաքական ուժերի նախապատրաստում, եւ կարծում եմ, որ հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն արդեն ամբողջությամբ կվերահսկվեն ժողովրդի կողմից։
Կլինեն նորմալ ընտրություններ, բոլորը կիմանան՝ ոչ թե ձայնը պետք է տալ մեկին, որ չլինի մյուսը, այլ ընտրել նրան, ում ուզում ես, եւ այդպիսի մարդիկ դաշտում լինեն»,- հայտարարեց երեկ Հանրային խորհրդի նախագահ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ՝ անդրադառնալով փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին։
Ինչի՞ վրա է հիմնված այս լավատեսությունը։ «Առաջին հերթին՝ ինտուիցիայի վրա։ Երկրորդ՝ ամեն ինչը հասունանում է. տանձը հասունանում է, հետո՝ ծառից ընկնում։ Շատ վատ պրոցեսներ հասունացան, փտեցին եւ ընկնում են ծառից. կան բաներ, որ այսօր արդեն չես կարող անել։
Բացի դրանից, Հայաստանում աճել է երիտասարդություն, որի մտածողությունը շատ դեպքերում գուցե անհասկանալի, բայց, մյուս կողմից, բավական գրագետ է, ընդդիմադիր, ըմբոստ եւ իր իրավունքները, արժանապատվությունը պահող»,- նշում է բանախոսը։
Այլ բան է, ըստ նրա, որ մեզ չհաջողվեց լիարժեք իրացնել 88-ի համազգային շարժման հսկայական պոտենցիալը. «Կարող էինք շատ ավելի լավ արդյունքներ ունենալ։ Մետաղը, երբ հալեցնում, լցնում ես ինչ-որ կաղապարի մեջ, սառում-մնում է, բայց սառած վիճակում արդեն շատ դժվար է մուրճով խփելով՝ ձեւը փոխել։ 88-ին, երբ «մետաղը» հալված էր, մենք սխալ կաղապարի մեջ մտանք, հիմա մուրճով հա՜ խփում ենք, փորձում մի պոչը մտցնել էս անցքի մեջ, մյուսը հանել, եւ շատ ավելի դժվար է լինում»։
Այդուհանդերձ Հանրային խորհրդի նախագահը կասկած չունի, որ վաղ թե ուշ ամեն ինչ իր տեղը կընկնի. «Կունենանք նորմալ պետություն, ժողովրդավարական համակարգ, մարդու իրավունքների պաշտպանություն։ Մի՛ մտածեք՝ այդ ամենը լինելու է։ Չեմ ասում՝ մի մտածեք, տանը նստեք։ Ո՛չ, պայքարե՛ք, բայց դա լինելու է»։
Վ.Մանուկյանը, իհարկե, իրեն իրավունք չի վերապահում խորհուրդներ տալ այս փուլում ընդդիմադիր ընտրազանգվածի ձգտումները մարմնավորող թեկնածուին՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց, վերլուծելով իրավիճակը, արձանագրում է. «Րաֆֆի Հովհաննիսյանը ունի երկու հնարավորություն. առաջին՝ հայտարարում է, որ իսկապես տեղի են ունեցել կեղծիքներ, բայց ընդունում է ընտրությունների արդյունքները եւ չի բողոքարկում։ Դա կլինի նոր, օրիգինալ էջ հայ ժողովրդի, երրորդ հանրապետության պատմության մեջ, որովհետեւ երբեք որեւէ թեկնածու այդպես չի վարվել։ Իհարկե, դա շատ դժվար որոշում կլինի, որովհետեւ ինքը անկեղծորեն համոզված է, որ հաղթել է, եւ եթե նման քայլ անի, բոլորը նրան կմեղադրեն դավաճանության, ծախվածության մեջ»։
Երկրորդ ճանապարհը տրորված արահետով գնալն է՝ հանրահավաքային ալիք ստեղծելը, որ, ավաղ, եկեղեցի չի տանում. «Կլինեն հանրահավաքներ, ընդհարումներ թերեւս չեն լինի, ինչպես 2008թ. մարտի 1-ին՝ հասարակության մեջ մեծ լարվածություն չկա, իշխանությունն էլ ուրիշ որակների է՝ կամաց-կամաց դա կմաշվի, կգնա. հանրահավաքները կնվազեն, Ր.Հովհաննիսյանը կհայտարարի՝ տեր եմ ձայներին, չի կարողանա, իրենից էլ կհիասթափվեն, եւ նորից կգա նույն անտարբեր վիճակը։ Այս երկու ճանապարհն եմ տեսնում, բայց որոշում կայացնողը Ր.Հովհաննիսյանն է»։ Ինչպիսին կլինի այդ որոշումը՝ դժվար է ասել։
Մի բան պարզ է. «Երկրորդ ճանապարհը ժողովրդին երբեք ոչ մի օգուտ չի տվել։ Բոլոր նախագահական ընտրություններից հետո եղել են ցույցեր, բողոքներ, երբեմն արյուն թափվել է, երբեմն՝ ոչ, բայց ժողովուրդը այդ ամենից ոչինչ չի շահել։ Իսկ թեկնածուն, որը առաջնորդել է բողոքի ցույցերը, կամաց-կամաց կորցրել է իր միավորները, հավասարեցրել զրոյի, եւ հաջորդ անգամ դուրս է եկել մեկ ուրիշ լիդեր։
Առաջին ճանապարհը չգիտեմ՝ ինչ կտա, բայց դավաճանության մեջ մեղադրանքների առաջին պոռթկումից հետո կարող է համախմբել մարդկանց եւ նոր դաշտ ստեղծել հենց Ր.Հովհաննիսյանի շուրջ»։
Ինչ քայլեր պետք է անի իշխանությունը Ր.Հովհաննիսյանին ընդառաջ՝ նույնպես միանշանակ չէ։ Սերժ Սարգսյանը համոզված է, որ հաղթել է մաքուր ընտրություններում, եւ խնդիր չունի սիրաշահելու երկրորդ տեղը գրաված թեկնածուին։
Այնուամենայնիվ «Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները խոսում են ոչ միայն լավ կազմակերպված ընտրարշավի մասին, այլեւ ցույց են տալիս, որ իշխանություններից դժգոհությունն ավելի մեծ է, քան կարելի էր սպասել, եւ իշխանությունը դրա հետ պիտի հաշվի նստի»։ Ինչպե՞ս։ «Այստեղ տարբերակները շատ են։ Ե՛վ կարող է կառավարության մեջ ներգրավել ընդդիմադիր որոշ գործիչների, ե՛ւ կարող է ԱԺ-ում ինչ-որ ձեւով, օրինակ, խորհրդակցական կարգով, օգտագործել ընդդիմության կարծիքը։ Բազմաթիվ ձեւեր կան»,- կարծում է բանախոսը։
Ի դեպ, Վ.Մանուկյանը փոքր-ինչ զարմացած է, որ «Ժառանգության» առաջնորդի «ամերիկյան քարոզարշավն» արժանացել է հանրության մի ստվար հատվածի հավանությանը. «Իմ տպավորությամբ, այդ պահվածքը պիտի որ ժողովրդին այնքան էլ հոգեհարազատ չլիներ. ձեռքսեղմումներ, ժպիտներ… Բայց, պարզվեց՝ մեր ժողովրդի վրա էլ է դա դրական ազդել, եւ ինձ համար դա նորություն էր։ Նշանակում է՝ ճիշտ էր կազմակերպել քարոզարշավը։ Ստացվում է, որ կարիք չկա ծրագիր ներկայացնել, քարոզել սեփական գաղափարները՝ ուղղակի «կարելի է գնալ, ձեռք սեղմել, եւ դա լավ է»։
Վ.Մանուկյանը հավատում է ընդդիմադիր նոր ուժի ձեւավորման հեռանկարին։ Ավելին, համոզված է՝ «այն, ինչ լինելու է, լինելու է անսպասելի բոլորի համար», բայց չի շտապում բարձրաձայնել՝ արդյոք խոսքը վերաբերում է «նոր դեմքերի» ի հայտ գալո՞ւն։ «Կապրենք, կտեսնենք»,- ասում է նա՝ հույս հայտնելով, որ հաջորդ նախագահական ընտրությունները չեն լինի «երեք նախագահների տիրույթում՝ մենք այդ բերմուդյան եռանկյունուց դուրս կգանք»։
Իշխանությունները խոստանում էին անցկացնել լավագույն ընտրությունները, եւ պնդում են, որ այդպես էլ արել են։ ԵԺԿ-ն նույնպես բարձր գնահատական տվեց անցած ընտրություններին։ Ինչպիսի՞ն էր ընտրական գործընթացը՝ ըստ Վ.Մանուկյանի։
«100 տոկոսանոց մաքուր ընտրություններ չէին, բայց կարող եմ ասել, որ մաքուր էին նախորդ բոլոր նախագահական ընտրություններից։ Բայց իդեալակա՞ն էին։ Իհարկե՝ ո՛չ»,- նկատեց ՀԽ նախագահը։













