Հայոց ցեղասպանության մասին գիրքը փոստով ուղարկվել է թուրք պատգամավորներին
Հայոց ցեղասպանության մասին ականատեսների վկայություններն ի մի բերած «Կապույտ գիրքն» ուղարկվել է Թուրքիայի խորհրդարան, տեղեկացնում է «Ակօս»-ը։
Գիրքը խորհրդարան էր ուղարկվել նաև 4 տարի առաջ, սակայն խորհրդարանի խոսնակի «խնդրանքով» այն խորհրդարանի շենքից ներս չէր մտցվել։
Երեկ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն հիշեցրել է 4 տարի առաջ տեղի ունեցածը։
«Դպրոցական երեխաների նման՝ պատգամավորներին էլ ցանկացան «վտանգավոր նյութերից» հեռու պահել։ Գրքերը խորհրդարան չթողնելով տեսանք, թե ազատության հետ կապված որքան լուրջ խնդիրներ կան այնտեղ (նկատի ունենալով խորհրդարանը)»,-ասել է Զարաքոլուն։
Նա հայտարարել է, որ 4 տարի առաջ տեղ չհասած գրքերն այսօր դարձյալ ուղարկվել են պատգամավորներին՝ սկսած խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքից և Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Էրթուղրուլ Քյուրքչուից։
Լոնդոնում գործող Կոմիտասի ինստիտուտի տնօրեն Արա Սարաֆյանն էլ ներկայացրել է գիրքը՝ հիշեցնելով, որ այն հրատարակվել է 1916թ.-ին, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից՝ ականատեսների վկայությունների հիման վրա։
Նա հայտարարել է, որ Թուրքիայի Ազգային Մեծ ժողովն այժմ էլ փորձում է Հայոց ցեղասպանության ժխտման մի մասնիկը մնալ։
Tert.am












