Սիրիացիներն ունեն դավադրությունը խափանելու կամքի ուժ
Սիրիայի ապստամբները վերջնագիր են ներկայացրել “Հեզբոլլահ” շարժմանը՝ պահանջելով Լիբանանի շիաներից չխառնվել իրենց երկրի ներքին գործերին: Ընդդիմադիրները հայտարարել են, որ “Հեզբոլլահի” զինյալներին ընդունելու են որպես իրենց թշնամիներ դրանից բխող բոլոր հետևանքներով, եթե շիա ծայրահեղականները 48 ժամվա ընթացքում չդադարեցնեն հարձակումները սիրիական գյուղերի վրա, որոնք աջակցում են ապսամբներին: Հակառակ դեպքում, Սիրիայի սունիները խոստացել են համարժեք հարվածներ հասցնել Լիբանանի՝ շիաներով բնակեցված գյուղերին:
Վերջնագիրը ներկայացվել է “Հեզբոլլահի” զինյալներին Սիրիայի երեք սունի գյուղերի վրա հարձակում գործելուց հետո, որոնք տեղակայված են Լիբանանի հետ սահմանի մոտ: Ընդդիմադիրները տեղի ունեցած բնորոշել են որպես “արտասահմանյան զորքերի աննախադեպ ներխուժում” Սիրիայի տարածք:
“Հեզբոլլահ” լիբանանյան շարժումը սիրիական պատերազմի ամենասկզբից աջակցում է այդ երկրի ալավի իշխանություններին, որն իր կրոնական տեսակետերով մոտ է իսլամի շիական ուղղությանը: Դրա հետևանքով “Հեզբոլլահի” և Սիրիայի ապստամբների հարաբերությունները բավական լարված են:
Միևնույն ժամանակ, Սիրիայի իշխանությունները գնահատել են քաղաքացիական պատերազմի հասցրած վնասները մեկ տրիլիոն սիրիական լիրա (մոտ 14 միլիարդ ԱՄՆ դոլար): Այս մասին հայտնել է ավերված թաղամասերի վերականգմամբ զբաղվող կառավարական հանձնաժողովը, որն ուսումնասիրել է մինչև 2013 թվականի հունվարի 10-ը երկրում տեղի ունեցած իրադարձությունները: Տնտեսության անկման պատճառ սիրիական իշխանությունները համարում են “արտասահամանյան դավադրությունը”:
Իր հերթին մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը հայտարարել է ժնևում կայացած Սիրիայի հարցով մարդասիրական ֆորումի մասնակիցներին, որ, չնայած տոննաներով Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությանը, երկրում իրավիճակը կարող է բարելավել միայն քաղաքական լուծումը:
ՄԱԿ-ի տվյալներով, այսօր շուրջ 4 միլիոն սիրիացիներ մարդասիրական օգնության կարիք ունեն:
Միևնույն ժամանակ, ԵՄ ԱԳ նախարարները պայմանավորվել են Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետները ևս երեք ամսով երկարաձգելու մասին: ԵՄ հայտարարությունը նաև ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է պարունակում, որն ուղղված է երկրի
իշխանություններին: Եվրամիությունը կողմերին բանակցելու կոչ է արել: Նրա կարծիքով, այդ բանակցությունները, ի վերջո, պետք է հանգեցնեն Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկ լինելուն:
Այդուհանդերձ, Ասադը վստահ է, որ կառավարությանը կհաջողվի հաղթանակ տանել զինված ընդդիմության նկատմամբ:
“Մենք վստահ ենք, որ ապագան մերն է: Սիրիացիներն ունեն դավադրությունը խափանելու կամքի ուժ”,-ընդգծել է Սիրիայի ղեկավարը: Նրա խոսքերով, նրանք, ովքեր հավատարիմ են գործող իշխանություններին, “կազմում են սիրիացիների բացարձակ մեծամասնությունը”:












