Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի քաղաքացին. Րաֆֆի Հովհաննիսյան
Դիտորդները ինչ ուզում են թող գրեն, մեկը ուզում է, որ զիջենք Արցախի, ցեղասպանության հարցում, մեկը լավ է գրում, ինչ ուզում են թող գրեն, Հայաստանի ճակատագիրը որոշում է Հայաստանի քաղաքացին, հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա հանրահավաքում:
Նա նշել է, որ վաղը հանրահավաքի ժամանակ ժողովրդին կդիմեն ամենատարբեր գործիչներ: «Մեր պայքարը երկարատեւ է», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա հայտարարել է, որ հրամայում է ոստիկաններին, իրավապահներին, այսօր եւ ընդմիշտ ապահովել մեր քաղաքացիների անվտանգության իրավունքն «այս հրապարակից սկսած, եւ սահմանից սահման»:
«Այսօր ոչ մեկը չի ենթարկվում որեւէ սադրանքի, ոչ մի կռիվ, ոչ մի անարգանք: Ազատ խոսք, թող բանավեճ լինի, հանդարտություն, խաղաղություն», հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ ով ուզում է իր հետ կմնա հրապարակում, ով ուզում է, կգնա տուն: Նա բարի գիշեր է մաղթել հանրահավաքի մասնակիցներին:
Հանրահավաքը ավարտվել է, հրապարակում հնչում է Սարերի քամին, Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը ժամը 13-ին կրկին հրավիրել է հանրահավաքի, եւ ինչպես նշել էր, ժամը 14-ին միջոցառում է պլանավորել Սերժ Սարգսյանը, ու Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է հրապարակում դիմավորել նրան եւ նրանից ստանալ ժողովրդի իշխանությունը, ինչպես ինքն էր հայտարարել:
Ներկայում հանրահավաքի մասնակիցների մի մասը հրապարակում է շարունակում մնալ, նրանք պարում են եւ նրանց հետ պարում է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանը հայտարարել է, որ երբ վաղը հրապարակ կժամանի Սերժ Սարգսյանն իր ծրագրած միջոցառմանը, իրենք այստեղ կդիմավորեն նրան, հարգանքով, շնորհակալություն կհայտնեն իր ծառայության համար եւ միասին կհռչակեն Հայաստանի չորրորդ հանրապետությունը:












