Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը. նա այժմ Բաղրամյան 26-ում է
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը , ով պաշտոնական տվյալներով հավաքել է մոտ 37 տոկոս ձայն եւ հայտարարել է նախագահական ընտրություններում տարած հաղթանակի մասին, ուղեւորվել է Հայաստանի նախագահի մոտ` բանակցությունների:
Ազատության հրապարակում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ` Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է. «Դատելով գործող կուսակցության մամուլի քարտուղարի հայտարարություններից` Սերժ Սարգսյանը չի ընդունել իմ առաջարկը Ազատության հրապարակ գալու վերաբերյալ: Միեւնույն ժամանակ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղարը հայտարարել էր, թե Սարգսյանը պատրաստ է ինձ ընդունել ցանկացած պահի: Հարգելով երրորդ նախագահի ներդրումը անկախ Հայաստանի պատմության մեջ` ես ընդունում եմ այդ հրավերն ու այժմ ուղեւորվում եմ նրա մոտ` բանակցությունների, որպեսզի ելք գտնենք ճգնաժամից դուրս գալու համար»:
Դրանից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե Ազատության հրապարակում հաջորդ զանգվածային հանդիպումը կայանալու է վաղը, 17:00-ին: Հովհաննիսյանի մի քանի հարյուր կողմնակիցներ որոշեցին ուղեկցել նրան:
Սերժ Սարգսյանը ընդունել է Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նրանք այժմ զրուցում են նախագահի նստավայրում: Տեղեկացրել է մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը։












