Գլխավոր » Լրահոս

Հովիկ Աբրահամյան. Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը

Փետրվար 21, 2013թ. 23:59

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընտրությունների արդյունքները գնահատում է շատ լավ եւ բարձր: Այս մասին նա ասաց ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հովիկ Աբրահմյանի խոսքով` ինքը շատ նորմալ է համարում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն է հավաքել: «Դա միայն Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, այլեւ այն մարդկանց, ովքեր դեմ են այսօրվա իշխանությանը: Որեւէ երկիր կա՞, որ իշխանությունը 100 տոկոս ձայն է ստանում կամ 90, 80: Մենք ունենք թերություններ, որոնք պետք է ուղղենք եւ ունենք այդ ներուժը, որ այնպես անենք, որ ժողովրդի այդ դժգոհությունը մարի»,-նշեց Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ կոալիցիայի նոր ձեւաչափին վերաբերող հարց չեն քննարկել:

ԱԺ նախագահը նշեց, որ ինքը կողմ է, որ լինի հաշտություն, ժողովրդի, իշխանության եւ բոլոր քաղաքական ուժերի միջեւ: «Ընտրությունն ավարտվեց եւ ես կարծում եմ, որ 58 տոկոս հավաքածը հաղթել է, իսկ 37 տոկոս հավաքածը` պարտվել»,-ասաց նա եւ համոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդին ոտքի հանելու ցանկություն չունի:

«Եղել են երեք տեղամասերի վերաբերյալ դիմումներ: Բոլոր տեղամասերը բացվել են: Մի տեղամասում ձայները մեր օգտին են ավելացել, երկու տեղամասում` Րաֆֆի Հովհաննիսյանի: Ի՞նչ իշխանափոխության մասին է խոսքը: Գոյություն ունի Սահմանադրություն, օրենք: Եթե որեւէ մի լուրջ խախտում չկա, ինչի մասին է խոսքը: Բոլոր երկրներում էլ թերություններ կան»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

ԱԺ նախագահը հերթական անգամ ստիպված եղավ կրկնել, որ վարչապետ դառնալու ցանկություն չունի, իսկ վարչապետի փոփոխության հարց չի քննարկվել: Ավելին` նա գտնում է, որ վարչապետը նորմալ աշխատում է: Ի դեպ, հարցին, թե չե՞ն ցանկանում Րաֆֆի Հովհաննիսյանին պաշտոն տալ, նա պատասխանեց, որ առաջինն ինքը պետք է ուզի, իսկ նախագահի պաշտոնը չեն կարող տալ, որովհետեւ դա իրենց ցանկությունով չի, ժողովուրդն է ընտրել Սերժ Սարգսյանին:

Չի բացառվում, որ այն մարզերում, որտեղ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը քիչ ձայներ է հավաքել, այդ մազպետներին նկատողություններ տրվեն: Ավելին` նրանք պետք է գնահատվեն ըստ աշխատանքի: Այս մասին արձագանքելով NEWS.am-ի հարցին, ասաց Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, հավելելով, որ «հնարավոր է ամեն ինչ»:

Նրա խոսքով` նման հարց չի քննարկվել, թե որ մարզպետներն են հայտնվել սեւ ցուցակում: «Ես նորից եմ ասում, որ չեմ բացառում, բայց նման հարց դեռ չի քննարկվել»- կրկնեց Հովիկ Աբրահամյանը:

Արձագանքելով լրագրողների հարցին, Սերժ Սարգսյանը գո՞հ է իր աշխատանքից, նա պատասխանեց, որ դա նախագահին պետք է հարցնել: Իսկ իր մասով ասաց, որ ինքն անձամբ շատ գոհ է իր աշխատանքից: «Այո, ես անձամբ շատ գոհ եմ եւ շտաբի բոլոր աշխատողներից եմ գոհ, շատ լավ աշխատել են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը, զարմանքը հայտնելով, թե ինչու իրենք պետք է դժգոհ լինեն ընտրությունների արդյունքներից: «Բայց ես ձեր վրա զարմացած եմ, 58,6 տոկոս ձայն ստանալը դժգոհությո՞ւն պետք է առաջացներ»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե խոշոր քաղաքներում` Գյումրիում, Արմավիրում, Եղեգնաձորում, Վանաձորում Սերժ Սարգսյանը պարտվել է, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Բայց շատ տեղերում էլ մենք հաղթել ենք: Զարմացած եմ ինչո՞ւ եք այդքան վատ տրամադրված»:

Հարցին, թե նոր կառավարությունում որտեղ է իրեն պատկերացնում, նա ասաց. «Ես նոր եմ ընտրվել ԱԺ նախագահ եւ աշխատելու եմ մինչեւ ժամկետն ավարտվի, այլ ցանկություն չունեմ»: Սակայն նաեւ նշեց, որ փոփոխություններ կլինեն, թե կադրային, թե բովանդակային առումով: Անդրադառնալով անվավեր քվեաթերթիկներին, որոնց մեջ նաեւ Սերժ Սարգսյանի ու իշխանությունների հասցեին ծաղրալից արտահայտություններ են եղել, ԱԺ նախագահն ասաց. «Ովքեր, որ հայհոյանքով են զբաղվում, անդաստիարակ մարդիկ են»:

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկանում որեւէ մեկի կամքին ճնշում գործադրել եւ տեղյակ չէ, թե ինչու իր խնամի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, լինելով Հայաստանում, չի մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին, արձագանքելով NEWS.am-ի հարցին, ասաց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Ես, որեւէ մեկի կամքի վրա չեմ ցանկանում ճնշում գործադրել կամ մտածել, ինչու չի եկել կամ ինչու պետք է գար»,- ասաց Հովիկ Աբրահամյանը եւ խոստացավ մեր հարցը փոխանցել նրան եւ նոր միայն պատասխանել:

Լրագրողի դիտարկմանը, թե չի¬՞ պատրաստվում Գագիկ Ծառուկյանին հորդորել, որ գա եւ մասնակցի ԱԺ նիստերին, քանի որ ընդամենը մեկ անգամ է եղել ԱԺ նիստին, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց. «Դուք հիմա հարցեր եք տալու, որը ինձ չի վերաբերում»:

http://m.news.am/arm/news/141467.html
news.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն