Ի՞նչ դիվանագիտական հանդիպումների գնաց Րաֆֆի Հովհաննիսյանը
Նախագահական նստավայրից դուրս գալուց հետո ի՞նչ դիվանագիտական հանդիպումների է գնացել Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի հետ բանակցելուց հետո, հարցին <Ժառանգության> ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ դեռ ընտրությունները չեն ավարտվել, միջազգային դիտորդները վերջնական զեկույցները չեն հրապարակել, հետեւաբար` չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը` որպես նախագահի թեկնածու, եվրոպական կառույցների, ներկայացուցիչների, միջազգային դիտորդների հետ հանդիպումների լինի:
«Չեմ բացառում, կգա, կպատմի նաեւ այդ հանդիպումների մասին, հանրությանը կներկայացնի ոչ միայն Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը, այլեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները»,- ասաց «Ժառանգության» ներկայացուցիչը:
«Սերժ Սարգսյանը մեզնից լավ գիտի, թե ինչպես են բերվում իր քվեները, մի չնչին մասն է միայն, որ կարող է գալ կուսակցական խողովակներով, մնացածը եկել է վարչական ճնշումների եւ փողի արդյունքում: Հետեւաբար, Սերժ Սարգսյանը հստակ հասկանում է, որ այսօր ժողովրդական աջակցություն վայելող թեկնածուն գտնվում է Ազատության հրապարակում, այսինքն` իշխանության լեգիտիմության աղբյուրը այստեղ է»,- նշեց նա:
պարզ էր, որ Սերժ Սարգսյանը խուսափում է Ազատության հրապարակ գալուց, որից հետո պարզ էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանին ոչինչ չէր մնում, քան շարժվել նախագահական նստավայր եւ հանդիպել Սերժ Սարգսյանին, ով եւս պատրաստակամություն է հայտնել: Հետեւաբար, ես կարծում եմ, որ տրամաբանության տեսանկյունից Րաֆֆի Հովհաննիսյանը չափազանց ճիշտ քայլ է արել նախագահական նստավայր գնալով»,- նշեց նա` շեշտելով, որ նպատակը ոչ թե փակուղի ստեղծելն է, այլ հաղթանակը ամրագրելը:
Ստեփան Սաֆարյանը խորհուրդ է տալիս ոչ թե միջոցներին գնահատական տալ, այլ ձեռքբերված արդյունքներին: «Հանդիպումը ընդամենը միջոց է երկխոսությունը իշխանության փոխանցման վերաբերյալ կազմակերպելու առումով: Սերժ Սարգսյանը նախագահականի բանալիները փոստով չի ուղարկելու, Սերժ Սարգսյանը նախագահականի բանալիները այլ եղանակներով չի ուղարկելու, դրա համար առաջին հերթին պետք է հանդիպում, որ միշտ բաց պահեն հաղորդակցության խողովակները, ինչը եւ անում են Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Սերժ Սարգսյանը»,- ասաց Ստեփան Սաֆարյանը` շեշտելով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մինիմալ պայմանները ապահովում է, որպեսզի Սերժ Սարգսյանը գա եւ ժողովրդին փոխանցի իշխանությունը:












