Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Մեր մեծերը

«Երբ կողքիս են որդուս ընկերները, ուրեմն և՝ ապրում է Վարդան որդիս»

Փետրվար 23, 2013թ. 23:08

ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Վարդան Ստեփանյանի (Դուշման) մասին գրվել ու դեռ շատ է գրվելու։ Սակայն այս զարմանալի հայորդու էությունը լիովին բացահայտած չենք լինի, եթե ծանոթ չլինենք նրա հոգու առաջին դաստիարակին, հերոսի սիրելի մորը՝ տիկին Զարիկին։ Մինչ տիկին Զարիկի հետ հանդիպելս, թվում էր, թե դժվար է կայանալու զրույցս մի մոր հետ, որը կորցրել է աշխարհում իր համար ամենաթանկը՝ զավակին: Սակայն որդու վշտից ճերմակած մայրն ինձ զարմացրեց ոգու տոկունությամբ։

Տիկին Զարիկ, Ձեզ տեսնելով կրկին համոզվեցի, որ հերոս մայրերից են հերոսներ ծնվում։

– Մայրը դեռ չծնված իր բալիկին սնում ու փայփայում է իր կրծքի տակ, ակամա նրան հաղորդում իր մտքերը, իր հույզերը, իսկ երեխայի ծննդից հետո այն դառնում է ավելի որոշակի, նպատակաուղղված, որը և կոչվում է դաստիարակություն, անշուշտ, մեծ նշանակություն ունի դաստիարակությունը, իզուր չէ ժողովուրդն ասում. «Մոր կաթի հետ է ժառանգել բնավորության այս կամ այն գիծը»։ Այդպես և որդիս ժառանգեց հայրենասիրությունն իր մորից։

Կարծում եմ, նա, ով հասուն տարիքում ընդունակ է հերոսական արարքի, արտասովոր մանկություն պիտի ունեցած լինի։

– Ճիշտ կռահեցիք. Վարդանը շատ էր տարբերվում իր հասակակիցներից։ Զարմանալի ձգտում ուներ նմանվելու պատմական հերոսներին, նա միշտ նախընտրում էր հերոսականն ու արտասովորը։

Իզուր չէ, որ դեռ 86-ին, պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դիմորդ Վարդան Ստեփանյանը ապշեցրեց հայոց լեզվի ընդունելության հանձնաժողովին իր՝ «Իմ սիրած կինոնկարը» շարադրությամբ, իսկ այդ կինոնկարը «Ձորի Միրոն»էր. «Հայ ասելով ես հասկանում եմ՝ Եղեռն, Պայքար, Վերակենդանացում… Կռվել ու զոհվել հայրենիքի համար՝ մարդու սրբազան պարտքն է։ Ա՜խ, երանի այն մարդուն, որ Մասիսը տուն կբերի…»: Խորհրդային ժամանակներում, այն էլ դիմորդի այսչափ ազատ խոսքը, իրոք, ապշեցնող էր։

– Այո՛, որդիս գրել էր այն, ինչ այնքան հարազատ էր իր հոգուն։ Հիշում եմ նրա խոսքերը. «Ես իմ ժողովրդի համար պատրաստ եմ պայքարել այնպես, ինչպես Ձորի Միրոն»։

– Տիկին Զարիկ, Վարդանը հաճա՞խ է ձեզանից գաղտնի պահել իր որևէ քայլը. որքան էլ դա եղել է ազնիվ ու արդարացված։

– Թեպետ միշտ ձգտել եմ որդուս համախոհը լինել, սակայն մտավախություն ունենալով, որ կարող եմ դեմ լինել իր այս կամ այն քայլին, և ինձ ցավ չպատճառելու համար ստիպված ինչ-որ քայլեր գաղտնի է պահել։ Դեռ 8-րդ դասարանում էր, որ ինձանից գաղտնի հաճախեց աերոակումբ, Արզնիի պարաշյուտիստների խմբի պարապմունքներին։ Այդպես կամավոր էլ մեկնեց Աֆղանստան՝ մեկ տարի շարունակ թաքցնելով իր զինվորական ծառայության վայրը։ Պարզվելուց հետո պատճառաբանեց. «Ես ամաչում եմ իմ ազգի շատ զավակների փոխարեն։ Գնում են Ռուսաստան ծառայության, դառնում շինարար։ Թուրքիան մեր դարավոր թշնամին է, իսկ մենք կռվող չունենք։ Վաղը ի՞նչ է լինելու մեր վերջը, եթե…»։ Նպատակը՝ լավ կռվել իմանալն էր։

Երկրորդ կուրսի ուսանող էր Վարդանը, երբ սկսվեց Արցախյան շարժումը և, իհարկե, նա առաջինների շարքում էր: Դժվար չէ՞ր Ձեր որդուն նորից տեսնել պատերազմի դաշտում։

– Որպես մայր մեծ էր անհանգստությունս, քանի որ որդիս 18 տարեկանից պատերազմի մեջ էր, սկզբում Աֆղանստան, իսկ երբ սկսվեց Արցախյան ազատամարտը՝ ամբողջությամբ նվիրվեց նրան։ Հաճախ էր կրկնում. «Ես ուրիշի երեխաներին եմ պաշտպանել, այսօր կարո՞ղ եմ տանը հանգիստ նստել ու տեսնել, թե ինչպես են իմ ազգի երեխաներին կոտորում թուրքերը»։ Եվ վերջապես. «Մա՛յր, քո մահն անգամ ինձ հետ չի պահի, ավելի թանկ բան կա՝ ազգ ու հայրենիք», այս խոսքերն ասող ազգասեր զավակին հետ պահել անկարող էի։

-Եվ, իհարկե, հարցի լուծումը գտաք նրան համակիր լինելով։

– Այո, գիտակցելով, որ այս պատերազմը մեր ազգի փրկությունն ու ինքնահաստատումն է, ես ևս որդուս հետ զինվորագրվեցի։ Որդիս հաճախ էր կրկնում ընկերներին. «Մորս ուժերը պետք է օգտագործել, նա շատ հարցերում կարող է մեզ օգնել»։ Գիշեր ու զօր գուլպաներ եմ գործել կռվող տղաների համար, մասնակցել հագուստի, սննդի հայթայթմանը։ Մեր բնակարանը վերածվել էր մի հավաքատեղիի, ուր ամեն անգամ մարտի գնալիս պատրաստվում, վերադառնալիս՝ հանգստանում էին տղաները… ամեն մեկը մի տան ճրագ… նրանցից շատերն այսօր որդուս հետ հանգչում են Եռաբլուրում…

-Ազգի հերոսի կոչմանն արժանի Դուշման Վարդանի մայրն այսօր ինչպե՞ս է նայում այն ծնողների արարքին, ովքեր ամեն ինչ անում են իրենց որդիներին զինվորական ծառայությունից ազատելու համար։

– Ուզում եմ որդուս խոսքերով պատասխանել Ձեր հարցին։ Ղարաբաղի նորաստեղծ բանակի զինվորների առաջ կանգնած, որդիս՝ մի ձեռքում հող պահած, մյուս ձեռքում խոտ՝ ասել է. «Սա այն հողն է, որ մեկ այլ ազգ չունի, սա այն խոտն է, որն աճում է միայն այս հողի վրա, հետևապես, այս հողն ու խոտն է, որ մենք պետք է մեր արյունով պաշտպանենք»։ Մեր հաղթանակները ձեռք բերվեցին արյան գնով` հողը պաշտպանող կամավորական տղաների շնորհիվ։ Եկող սերունդը չպետք է դա մոռանա։ Այսօր մենք բանակ ունենք, մի բան, որ երազել ենք ազգովի։ Մենք հաղթող ժողովուրդ ենք, իսկ արյամբ ձեռք բերված հաղթանակը անձնազոհաբար պաշտպանել է պետք։ Երբ մեր որդիներին բանակ էինք ճանապարհում, լուռ ու մունջ համակերպվում էինք` առ Աստված աղոթելով նրանց տունդարձի համար։ Սակայն այսօրվա հայ մայրը լավ գիտե, որ իր որդին գնում է Հայաստանի, իր ազգի, իր ժողովրդի խաղաղ գոյությունն ապահովելու։ Թող այսուհետ ոչ մի մայր արցունք չտեսնի, մեր արցունքները բավարար են ողջ պատմության համար, սակայն հայոց մայրերին, որ ծնել են բազում հերոսներ, վայել չէ դասալիք որդիներ ունենալը։

Ես խոնարհվում եմ Ձեր՝ իբրև որդեկորույս մոր, հոգու վեհության, հպարտության և հայրենասիրության առաջ։ Դուք ձեր կեցվածքով կրկնապատիկ վեհացնում եք Ձեր հերոս որդու անունը։ Սոցիալական այս դժվարին պայմաններն անգամ ի զորու չեն եղել ընկճելու Ձեր հոգին։

-Անտրտունջ ապրել եմ, այդպես էլ շարունակում եմ ապրել։ Մի պատգամ ունեմ միայն, որ ապրողները չզլանան ցուրտ ձմռանն անգամ վառ պահեն մեր որդիների հիշատակը։

Այդ սուրբ հիշատակի հավերժացումն է Դուշման Վարդանի տուն-թանգարանի ստեղծումը: Թանգարանը, որն ստեղծվում է Նուրբ բրդյա գործվածքեղենի կոմբինատի գրադարանի տարածքում, այն վայրն է, ուր ծնվել, ապրել ու հայեցի դաստիարակություն է ստացել Վարդան Ստեփանյանը, իսկ հետագա տարիներին դարձել նաև կոմբինատի սիրված ու պարտաճանաչ աշխատակիցը: Հայտնի է նաև, որ դեռ 95-ի մայիսի 6-ից կոմբինատի կոլեկտիվի ընդհանուր ժողովի կողմից որոշում է ընդունվել գրադարանը կոչել Վարդան Ստեփանյանի անունով, առկա են քաղաքային մշակույթի վարչության, Շենգավիթի համայնքային խորհրդի համապատասխան որոշումները։ Անցել է արդեն երկու տարի, ինչո՞վ է բացատրվել ուշացումը։

-Սեփականաշնորհման գործընթացը դադարեցրեց տուն-թանգարանի ստեղծման ընթացքը։ Սակայն կարևորն այն է, որ տնօրինությունն այսօր նպաստում է տուն-թանգարանի կայացմանը։ Ուզում եմ անպայման նշել աֆղանական պատերազմի վետերանների միության և անձամբ նախագահ Արմեն Մխիթարյանի մեծ օժանդակությունը։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներում կգործի որդուս անունը կրող տուն-թանգարանը, և կիրականանա նրա պատգամը. «Այս գրադարանը պետք է ծառայի ազգիս»։

– Վերջերս լույս տեսավ Վարդանի մասին պատմող գիրքը, որն արժեքավորվում է հերոսի կյանքի հուշագրությամբ։

– Այո, գիրքը հայրենասեր հայուհի, լրագրող Ամալյա Եդիգարյանի մեկտարյա աշխատանքի արդյունքն է։ Ամբողջ Ղարաբաղը միասին ենք շրջել։ Ամալյան հավաքել ու գրանցել է որդուս հետ կապված ամենափոքր հուշն անգամ։ Ամալյա Եդիգարյանը նաև «Հույս Վարդան» հիմնադրամի ստեղծողն է։ Այս անգամ ևս թե՛ գրքի տպագրման, թե՛ հիմնադրամի ստեղծման խնդրում աֆղանական պատերազմի վետերանների միության դերը մեծ է։ Երբ իմ կողքին են որդուս լավագույն ընկերները, ուրեմն և ապրում է Վարդան որդիս…

Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»
Օգոստոսի 28, 1997թ.


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Մեր մեծերը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն