Գլխավոր » Լրահոս

Բելգիայի սենատի նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ

Հոկտեմբեր 1, 2009թ. 18:00

ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերի գլխավորած պատվիրակությունը խորհրդարանում հանդիպել է ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը` խոսելով երկու ժողովուրդների բարեկամության մասին, համոզմունք հայտնեց, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար: Պարոն Մինասյանը նշել է, որ եվրոպական ինտեգրումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ այդ ճանապարհին կարեւորեց Բելգիայի զորակցությունը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` պարոն Մինասյանն ընդգծել է, որ հարաբերությունների կարգավորման այդ բարդ ու դժվարին ճանապարհին Հայաստանն ակնկալում է եվրոպական կառույցների աջակցությունը:

Այս համատեքստում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անկախ Հայաստանի պատմության ընթացքում համարձակ քայլ է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա փուլը` հավելելով, որ այս հարցում ՕԵԿ-ը ողջունում և աջակցում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը կարևորել է հայ-թուրքական հարցի լուծումն առանց նախապայմանների, ինչը, ըստ պարոն Սաֆարյանի, լիովին չի արտահայտված Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված արձանագրություններում:

Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերն արձանագրել է, որ Բելգիայի խորհրդարանը հետաքրքրությամբ հետևում է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, և նրա դիտարկմամբ` Հայաստանում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվում, առաջընթացը զգալի ու նկատելի է:

Պարոն Դեկերը բարձր է գնահատել Բելգիայի հայ համայնքի դերակատարումը երկրի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում, ինչն իր դրական ազդեցությունն է ունենում հայ-բելգիական հարաբերությունների զարգացման հարցում:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա հույս է հայտնել, որ հայկական հարցը իր դրական լուծումը կգտնի, կբարելավվեն Հայաստան-Թուրքիա հարաբերությունները. այս հարցում պարոն Դեկերն առաջարկել է Բելգիայի խորհրդարանի աջակցությունը: Այս համատեքստում նա հիշեցրել է, որ դեռևս 11 տարի առաջ Բելգիայի Սենատն ընդունել է բանաձև հայոց ցեղասպանության մասին, որն անհրաժեշտ է համարում ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը, հայ-թուրքական հարաբերություններին, ղարաբաղյան խնդրի կարգավորմանն առնչվող հարցեր:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն