Գլխավոր » Լրահոս

Տիգրան Խզմալյանի պատասխանը Շուշան Պետրոսյանին. Ընդունեք իմ կարեկցանքը

Մարտ 2, 2013թ. 13:32

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի պատասխանը` ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին`

«Դժվար չէ՞ միշտ ընդդիմադիր լինելը» հեգնանքով տրված Ձեր հարցին կասեմ, որ դժվար է ընդդիմադիր չլինելը երկրում, որտեղից քսան տարվա մեջ անարդարության ու անօրինության պատճառով արտագաղթել է բնակչության կեսը: Դժվար է չլինել ընդդիմադիր սեփական Հայրենիքում, որտեղ իշխանությունը տասնհինգ տարի շարունակ զավթված է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք ցանկացած ընտրությունները վերածում են հերթական պետական հեղաշրջմանը, բռնի ուժով ու կեղծիքներով վերահաստատելով բռնապետությունը:

Դժվար է չլինել ընդդիմադիր, երբ միայն պաշտոնական տվյալներով բնակչության 1/3 ապրում է աղքատության շեմից ցածր, դպրոցականների 15% քաղցած են մնում, որտեղ պաշտոնյաները մանկապարտեզներից գողանում են կարագը, բանակից` միսը, թոշակառուներից` նպաստը, եւ այս ամենը նույնպես պաշտունական տվյալներով: Որտեղ մաքսային ու հարկային ծառայությունները օրինականացված թալանով են զբաղված իսկ պետական աշխատանքի հիմանական գործառույթն է ժողովրդին կեղեքելու արհեստը: Որտեղ իրական արվեստն ու մշակույթը փոխարինվել են հեռուսատեսային աղբով ու օտարածին կլկլոցով:

Դժվար է այս պայմաններում չլինել ընդդիմադիր: Եւ անհնար է հաշտվել այս խայտառակության հետ, եթե ունես մարդկային ու ազգային արժանապատվություն: Եւ անհնար է արվեստով զբաղվել, ձեւանալով, որ ամեն ինչ ճիշտ է եւ այսպես էլ պետք է լիներ: 30 արծաթը մնում է 30 արծաթ, դավաճանությունը` դավաճանություն, իսկ պայքարը հանուն արդարության` ժողովրդին ծառայելու միակ հնարավոր ընտրություն է: Ժողովրդին, այլ ոչ նրան կեղեքող զավթիչներին:

Իմ ու ընկերներիս ընտրությունն այս պայմաններում շատ հեշտ է: Ձերը` դժվար է ու խայտառակ: Ընդունեք իմ կարեկցանքը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն