Գլխավոր » Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն

«Երեւանցիներն» ընդդեմ «ղարաբաղցիների՞»

Մարտ 3, 2013թ. 14:38

Նաիրա Հայրումյան

Այսօր Ազատության հրապարակում կրկին հանրահավաք տեղի կունենա, եւ սոցցանցներում արդեն քննարկում են, թե արդյոք ինչ-որ մեկը կարող է հարթակ բարձրանալ ու ասել, որ մեզ պետք չէ սփյուռքում ծնված առաջնորդ:

Ռուբեն Հախվերդյանի ելույթը փետրվարի 28-ին իսկական փոթորիկ է առաջ բերել հասարակության մեջ: «Ղարաբաղցիներ-հայաստանցիներ» գրեթե մոռացված թեման ջրի երես է ելել ու քիչ էր մնում փչացներ քաղաքացիական շարժումը: Սակայն այս անգամ հասարակությունը, ըստ ամենայնի, կարողացել է կողմնորոշվել:

2008 թվականին հենց Սարգսյանի ու Քոչարյանի ղարաբաղյան ծագման վրա շեշտը դնելն է սպանել համաժողովրդական շարժումը: «Ամեն ինչում մեղավոր են ղարաբաղցիները» կենցաղային կարգախոսը շատերը մերժեցին թեկուզ այն պատճառով, որ դա սլաքները հեռացնում էր իրական խնդիրներից: Եվ թիրախի սխալ ընտրելը փոշիացրել է շարժման հսկայական էներգիան:

Եթե Քոչարյանն ու Սարգսյանը վատ նախագահներ են, ի՞նչ կապ ունի նրանց ղարաբաղյան ծագումը: Այո, Ղարաբաղը 70 տարի եղել է Ադրբեջանի կազմում, այո, իմ հասունության ատեստատի մի էջը նույնպես ադրբեջաներենով է լրացված, եւ ի՞նչ: Մենք նախատում ենք ադրբեջանցիներին, որ նրանք հետապնդում են Աքրամ Այլիսլիին, ով համարձակվել է հայտարարել, որ կարոտով է հիշում Նախիջեւանի իրենց գյուղի հայկական եկեղեցին: Սակայն բուռն ծափահարում ենք Հախվերդյանին, ով կոչ է անում քշել «հեռավոր ադրբեջանական գավառից եկածին»:

Փետրվարի 28-ի հանրահավաքին Ազատության հրապարակում ելույթ ունեցավ Ղարաբաղում հայտնի ազատամարտիկ, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը: Վահանը Ղարաբաղում պատգամավոր է ընտրվել ՀՅԴ-ի ցուցակով, սակայն Ղարաբաղում նախագահական ընտրություններից հետո դարձել է անկախ պատգամավոր ու ընդդիմադիր շարժման մասնակից: Նա պայքարում է Ղարաբաղում ժողովրդավարության համար, որպեսզի այլեւս Ադրբեջանի գավառ չհանդիսացող Ղարաբաղը վերադարձնի իր արժանապատվությունը, դադարի վախենալ ադրբեջանցիներից, թուրքերից, ԿԳԲ-ից եւ այլնից, որպեսզի կարողանան հեռացնել վատ ղեկավարներին ու ընտրեն լավերին:

Դա է Հայաստանի ու Ղարաբաղի գլխավոր խնդիրը՝ հաստատել ընտրության միջոցով իշխանություն ձեւավորելու իրավունքը եւ հեռացնել վատ ղեկավարին: Եվ կարեւոր չէ, թե ծագումով որտեղից է այդ «վատը»՝ Ղարաբաղից, թե Ախալքալաքից: Սակայն Հայաստանում ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ այս արատավոր «գաղափարախոսության» սարդոստայնից, որը փաթաթվել է 2000-ականների կեսերին, այն է՝ Հայաստանի բոլոր աղետները ղարաբաղցիներից են գալիս: Այդ գաղափարախոսությունն այնքան խորն է թափանցել, որ հասարակությունն արդեն պատրաստ էր հանձնել Ղարաբաղը՝ հանուն Հայաստանի «բարգավաճման»:

Փառք Աստծո, դա հաջողվել է կանգնեցնել: Իսկ այժմ ժամանակն է կանգնեցնել այդ արատավոր գաղափարախոսության արթնացումը, որոնց հեղինակները «գավառականության» «քաղաքային» հակառակորդներն են: Իսկ որտեղի՞ց են նրանք ծնունդով:

lragir.am


Դիտել Լրահոս, Վերլուծական, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն