Սերժ Սարգսյան.«Ժողովրդի և պետության համար կարևորագույն խնդիրները լուծելիս, պետք է խորհրդակցել բոլորի հետ»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ԱՄՆ-ի, Կանադայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի շրջանակների պատվիրակներին, ովքեր Հայաստանում են Արմենական կուսակցության հետ համատեղ համաժողովի առիթով: Նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ, Ս. Սարգսյանը կարևորել է ՌԱԿ-ի դերն ու նշանակությունը հայապահպանության, հայ մշակույթի և դպրության զարգացման, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման, Հայ դատին հետամուտ լինելու գործում:
Նա հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի կուսակցության առջև դրված խնդիրների լուծմանն ու հետագա արդյունավետ գործունեությանը:
Նախագահը հյուրերի հետ զրուցել է հայ-թուրքական երկխոսության արդի զարգացումների մասին, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Ինձ համար կարևոր է լսել ձեր տեսակետներն այս հարցի շուրջ: Սփյուռքի կարծիքն իմանալու համար, ինչպես գիտեք, նախաձեռնել եմ համահայկական ուղևորություն, քանի որ համոզված եմ, որ մեր ժողովրդի և պետության համար կարևորագույն խնդիրները լուծելիս պետք է խորհրդակցել բոլորի հետ: Անկախ այն բանից` ինչպիսին են կարծիքները, ես պարտավոր եմ լսել դրանք և բացատրել այս գործընթացի էությունը»,-ասել է նախագահը:
Armar.am












