ԱՐՑԱԽԻ ՆՄԱՆ ԵՐԿԻՐՆ ԱՐԺԱՆԻ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ
ԲԱՔՈՒՆ ԿՓՈՐՁԻ ԿԱՇԱՌԵԼ ԵՎ՜ ԽԱՎԻԱՐՈՎ, ԵՎ՜ ՆԱՎԹՈՎ
Բայց ոչ բոլոր պետություններն են տրվում նման գայթակղության ու դավաճանում իրենց սկզբունքներին
Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը վերջապես մի պահ թոթափելով ներքաղաքական լարվածությունն ու մի կողմ դնելով հետընտրական հակասությունները դրսևորեցին բացառիկ միասնականություն` հանդես գալով համատեղ հայտարարությամբ, որում երախտագիտություն հայտնեցին լիտվացի պատգամավորներին՝ Սեյմասում Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության խումբ ստեղծելու համար:
Այս հարցի շուրջ է մեր հարցազրուցը ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:
–Ի՞նչ գործոններ նպաստեցին, որպեսզի Լիտվայի Հանրապետության Սեյմասի մի խումբ պատգամավորները ձեռնամուխ լինեն ԼՂՀ-ի հետ բարեկամության խմբի ստեղծմանը, նրանց այս արժանապատիվ եւ խիզախ քայլը ի՞նչ կարող է տալ Արցախին անկախության ճանաչման պայքարում:
-Դա հնարավոր եղավ շնորհիվ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության ու փոխհամագործակցության: Խմբի ստեղծումը նաև արդյունք է միջազգային աշխարհաքաղաքական զարգացումների, որովհետև մենք տեսնում ենք, որ վերջին մի քանի տարում նախկին չճանաչված երկրների մեծ մասն այսօր հասել են միջազգային ճանաչման: Բոլորն են հասկանում, որ դա այլևս անշրջելի գործընթաց է: Իսկապես, խմբի ստեղծումը Արցախի համար շատ կարևոր է, չնայած դրանից մենք չպետք է ընկնենք էֆորիայի մեջ, այլ պետք է պատրաստ լինենք ավելի մեծ ու հստակ գործողությունների իրականացման:
Արցախն իր արտաքին քաղաքականության հայեցակարգում ունի երեք հիմնական հարց. ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, Արցախի միջազգային ճանաչում, երկկողմ հարաբերությունների զարգացում: Այս երեք գործընթացները չնայած փոխկապակցված են, այնուհանդերձ, դրանք պետք է տարանջատենք և մեկը մյուսով չպայմանավորենք: Ասելիքս այն է, որ օրինակ, երկկողմ հարաբերությունների հաստատման ժամանակ մենք չպետք է իբրև նախապայման բարձրացնենք Արցախի ճանաչման հարցը, քանի որ նման մոտեցման դեպքում կարող ենք ձախողել թե՜ մեկը, թե՜ մյուսը: Հետևաբար, Լիտվիայի խորհրդարանի կայացրած որոշումը` երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, ես համարում եմ կարևոր քայլ: Բայց միաժամանակ պետք է կարողանանք այնքան խորացնել բարեկամական հարաբերությունները, որպեսզի դրանք ինչ-որ պահի նաև հնարավոր լինի տեղափոխել ճանաչման հարթություն: Լիտվիան լինելով նախկին ԽՍՀՄ հանրապետություն, շատ լավ տեղյակ է խորհրդային տարիներից մեր տարածաշրջանում առկա հիմնախնդրին: Միևնույն ժամանակ, Լիտվիան եվրոպական պետություն է, ՆԱՏՕ-ի և ԵՄ անդամ երկիր, և նրա կողմից այս որոշման ընդունումն անուղղակիորեն նշանակում է նաև Արցախի անկախության ճանաչում:
Արցախն արժանի է նման հարաբերությունների ստեղծման, եթե ԼՂՀ-ն լիներ ոչ նորմալ պետություն, ուր չեն հարգվում մարդու իրավունքները, ապա ոչ ոք նման պետության հետ չէր ցանկանա հարաբերություններ հաստատել, այն էլ բարեկամության խումբ ձևավորել: Այդ խմբի ձևավորումը գնահատելի է և՜ քաղաքական, և՜ բարոյական առումով, այն հնարավորություն կտա զարգացնել Արցախ-Լիտվա հարաբերությունները տարբեր ոլորտներում` մշակութային, գիտական, կրթական նաև քաղաքական:
– ԼՂ հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից խումբը ի՞նչ դերակատարում կարող է ունենալ:
-Խմբի անդամներն Արցախը դիտարկում են որպես բարեկամական երկիր, հետևաբար, բարեկամ երկրի ճակատագրի հանդեպ նրանք չեն կարող անտարբեր լինել: Բնական է, որ այդ խումբը պետք է շահագրգռված լինի, որ հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, ինչը ևս Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը զսպելուն ուղղված կարևոր գործոն է:
-Լիտվացի ինը պատգամավորների ստորագրված հայտարարության մեջ կարևոր շեշտադրումներ կան. ինքնորոշման իրավունքը դիտում են ՙժողովուրդների անվտանգության եւ ժողովրդավարական զարգացման միակ հնարավոր երաշխիք՚, մյուս կողմից կարևորում ՙօրինական ընտրությունների միջոցով ազատ ու ժողովրդավարական հասարակություն կառուցելու Արցախի ջանքերը՚:
-Մեջբերված հատվածները երկու կարևոր բան են փաստում. նախ, միջազգային հանրությունը գիտակցում է ինքնորոշման անխուսափելիությունը և գնահատում ժողովրդավարության զարգացման գործում Արցախի ջանքերը: Նկատեմ, որ որոշ վերլուծաբաններ մտահոգված են, թե չճանաչված պետությունների ճանաչման գործընթացը նման տեմպերով շարունակվելու դեպքում կարող է հանգեցնել նման հարյուրավոր նոր պետությունների առաջացման` քայքայելով եղած պետությունները: Բայց մենք բերում ենք հետևյալ հակափաստարկները, նախ, ոչ բոլոր կազմավորումներն են ի վիճակի հասնելու դե ֆակտո անկախության, և ոչ բոլորն են կարող ժողովրդավարական պետականություն ձևավորել: Իսկ Արցախն այս փուլերն արդեն անցել է, մենք հռչակել ենք մեր անկախությունը, այն չի մնացել թղթի վրա, մենք պաշտպանել ենք մեր պետությունն ու ամրապնդել այն, ստեղծել ենք ժողովրդավարական պետություն` միջազգային չափանիշներին համապատասխան: Եվ դա նկատվել ու գնահատվել է նաև մեր լիտվացի գորընկերների կողմից: Իհարկե, ունենք դեռ բազմաթիվ խնդիրներ, բայց ո՞ր պետությունը չունի: Կարևորն այն, էր մեր հիմքը ճիշտ է դրված և մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուրեմն, նման երկիրն արժանի է միջազգային ճանաչման:
– Այսպիսի քայլերն իրո՞ք վկայում են այն մասին, որ Արցախը միջազգային ասպարեզում դիտվում է որպես քաղաքականության ինքնուրույն գործոն, թե՞ նման գնահատականները փոքր-ինչ չափազանցված են:
– Ամենևին էլ չափազանցություն չեն: Խմբի ստեղծումն այդ երկրի կողմից Արցախի ճանաչմանը միտված առաջին քայլն էր: Մյուս կողմից, Բաքվի ֆաշիստական քաղաքականությունն արդեն իսկ միջազգային հանրությանը համոզել է, որ Ադրբեջանն այն պետությունը չէ, որի քմահաճույքները, այն է` Արցախը Ադրբեջանին բռնակցելը, պետք է բավարարել: Մի պետություն, ուր հերոսացվում է մարդասպանը, խրախուսվում ֆաշիստական հողի վրա կատարված սպանությունը, չի կարող համարվել քաղաքակիրթ հանրության անդամ: Եվ սա իր ազդեցությունն ունենում է Արցախի միջազգային ճանաչման վրա, Բաքուն հայտնվել է իր իսկ ստեղծած թակարդում:
– Չկա՞ մտավախություն, որ Լիտվան կարող է ընկրկել Ադրբեջանից եկող հիստերիկ ճնշումներին. գաղտնիք չէ, որ նման դեպքերում Ադրբեջանը գործի է դնում իր հայտնի ՙխավիրական՚ քաղաքականությունը` ուղղակի կաշառելով օտարերկրացի քաղաքական ու պետական գործիչներին:
-Իհարկե, և՜ Ադրբեջանը, և՜ նրա դաշնակից երկրները հիստերիա կբարձրացնեն, Բաքուն կփորձի կաշառել խավիարով, նավթով, քանի որ նրանց պետական համակագն ու մտածողությունը հիմնված է հենց ֆաշիզմի ու կաշառակերության վրա: Բայց մենք այդ ամենին պետք է սառնասրտորեն վերաբերվենո և լինենք գործնական: Նաև պետք է հաշվի առնել, որ ոչ բոլոր պետություններն են տրվում նման գայթակղության ու դավաճանում իրենց սկզբունքներին: Ես Լիտվիան նման երկիր եմ համարում: Բարեկամության խումբը ստեղծվել է համոզմունքների ու սկզբունքների հիման վրա, իսկ նման մարդկանց կաշառելն ուղղակի անհնար է:
-Վերջերս թուրքական աղբյուրները <գաղտնազերծեցին>, թե Անկարան 2012թ. վերջերին ՙՄիացյալ տրանսպորտային միջանցքներ՚ ծրագիրն է ներկայացրել Մինսկի խմբին: Եվ որ Եվրոպան Ասիային կապող այդ կամուրջին միանալու համար Հայաստանը պետք էր, ինչպես ձևակերպում է թուրքական աղբյուրը, Ադրբեջանին հանձնի ազատագրված տարածքները: Ինչպե՞ս է Արցախն արձագանքում առաջարկվող այս ՙառևտրին՚:
-Միանշանակորեն մերժում ենք նման <առևտուրը>: Մի բան հստակ է` ցանկացած փոխանակում պետք է հիմնված լինի համարժեքության վրա: Բայց սա ոչ համարժեք քայլ է: Եթե ինչ-որ մեկը, անգամ տեսականորեն, կարծում է, թե ինչ-որ ճանապարհների դիմաց Արցախի ներկայիս սահմանները կարող են փոփոխության ենթարկվել ու կարող է լինել վերադարձ 88-ին, ապա սխալվում են: Չի՜ կարող լինել վերադարձ անցյալին ո՜չ կարգավիճակի, ո՜չ սահմանների առումով: Ճանապարհները, գազամուղերն ու նավթամուղերը կարող են բացվել ու փակվել, իսկ տարածքը վերադարձնել չես կարող:
Սահմանը կարող է փոփոխվել միայն մեկ դեպքում, եթե Ադրբեջանը ևս պատրաստ լինի իր ներկայիս սահմանների վերանայմանը, այսինքն, լինի համարժեք փոխզիջման առաջարկ, ասենք` Ադրբեջանը մեկ գյուղ մեզ է տալիս, մենք էլ մեկը` Ադրբեջանին, ու գալիս ենք ընդհանուր հայտարարի: Կրկինում եմ` միայն համարժեքության պահպանման դեպքում, հակառակ պարագայում` սահմանների փոփոխությունը բացառված է, քանի որ Արցախի ներկայիս սահմանները երկրի անվտանգության երախիքն են, իսկ մենք չենք կարող չնչին իսկ թուլացնել մեր անվտանգությունը:
Հարցազրույցը վարեց` ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆԸ













