ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆ ԻՆՉՊԵ՞Ս ԱՏԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ ՀԱՅԵՐԻՆ
Արմինե Սիմոնյան
Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ արդեն երկու տասնամյակ շարունակվող ագրեսիվ ու թշնամական գաղափարախոսության քարոզչությունը նորանոր դրսևորումներ է ստանում: Հարևան երկրում դիմում են ամենածայրահեղ քայլերի զոմբիացած հանրույթ ձևավորելու համար:
Մինչ Ադրբեջանի իշխանությունն ու հասարակությունը սպառնում էին կտրել ժողովրդական գրողի ականջը` հայկական ջարդերի մասին ճշմարիտ խոսք հնչեցնելու հանդգնության համար, ստացվեց մյուս հայատյաց տեղեկատվությունը: Ադրբեջանի կառավարությունը փետրվարի սկզբին որոշում է կայացրել դպրոցների տարրական դասարաններում կազմակերպել հատուկ դասընթացներ` ուշադրություն դարձրեք` հայերին ատելու և նրանց վարպետորեն սպանելու մասին:
Բանական մարդու համար այս լուրը կընկալվի իբրև մոլագար մտքի արգասիք, մինչդեռ հարևան երկրում այն պետական մակարդակով իրականացվող` պետբյուջեից ֆինանսավորվող ծրագիր է: Ադրբեջանի մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե ՙհայատյաց դասարանների՚ համար պատրաստվել են հատուկ դասագրքեր, իսկ որպեսզի լիարժեք կազմակերպվի ուսուցումը` տեսականին համադրում են գործնականը. 10 տարեկան երեխաներին կտրամադրվեն հակագազեր, անգամ ուսումնական նռնակներ ու զենք: Ծրագրի իրականացման աշխատանքներին ներգրավված է նաև Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությունը: Նկատենք, որ հայաստանյան լրատվամիջոցներից այս փաստին արձագանքեց միայն Կենտրոն հեռուստատեսությունը` լրագրող Նաիրի Հոխիկյանի պատրաստած հատուկ հաղորդմամբ:
Փաստորեն, գործ ունենք կրթա-ուսումնական մեծամասշտաբ ծրագրի իրականացման հետ, որով ամեն օր այդ երկրում պրոֆեսիոնալ մարդասպաններ են պատրաստվելու` թիրախ ունենալովը հարևան հայ ժողովրդին: Չնայած առանց այդ դասընթացների էլ Ադրբեջանում արդեն 2 տասնամյակ է, որ հային թիկունքից կացնահարող սաֆարովներ են դաստիարակվում: Նոր ծրագրով, պարզապես, Ադրբեջանի իշխանությունը հայատյացությունը մի նոր` պրոֆեսիոնալ մակարդակի կհասցնի:
Այն, որ ժամանակակից Ադրբեջանում իրականացվում է մի գործընթաց, որն ուղղակիորեն վտանգում է խաղաղ համակեցության հեռանկարն ու ձևավորում զոմբիացած թշնամիների հասարակություն, այլևս նորություն չէ մեզ համար: Բայց, արդյո՞ք հայերս, անհրաժեշտ չափով գիտակցում ենք հարևան երկրում շարունակ մեծացող վտանգը որպես լուրջ մարտահրավեր մեր ազգային անվտանգությանը։ Սխալված չենք լինի, եթե ասենք` ո’չ, կամ գրեթե ոչ: Ի տարբերություն Ադրբեջանում շարունակ մեծացող հայատյացության, Հայաստանում ՙգրանտակեր՚ քարոզիչների մի մեծ բանակ հեռուստաեթերից կամ դրանից դուրս զբաղված է մեր հասարակության մեջ հայ-թուրքական միակողմանի հանդուրժողականության սերմանմամբ, պատվիրատուի ցանկությունները բավարարելու համար սրանք մեր երկրում բացահայտորեն ադրբեջանական քարոզչամեքենայի դերն են ստանձնել: ՙԱդրբեջանական վայրագություններին, կույր ռևանշիստական կոչերին ի պատասխան հանդուրժողականություն քարոզելը նշանակում է ժխտել իրականությունը և բթացնել հայ հանրույթի զգոնությունը, ջլատել ազգի կենսունակության ներուժը՚, -նկատում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը, հիշեցնելով` սեփական շահերից հրաժարվելու գնով հանդուրժողականություն ձեռք չես բերում, այլ կարող ես ընկալվել որպես թույլ ու մատչելի թիրախ, ինչը առավել լկտիացնում է ագրեսորին:
Ադրբեջանում աճող հախուռն ագրեսիվության ֆոնի վրա այսօր մեզանում հրատապ խնդիր է դառնում իրողությունները ճշգրիտ գնահատելն ու ինքնախաբերության չտրվելը, ինչը նման դեպքում հավասարազոր է ինքնակործանման: Եվ հակառակը,ՙիրողության հստակ գիտակցումն իր հայրենիքում հայոց արժանապատիվ գոյության, նոր ցեղասպանությունները կանխելու հիմնական նախապայմանն է՚:
Մեզանում տարածված ոչ պակաս վտանգավոր մոլորություն է և այն, որ հայատյացությունը դիտում ենք ընդամենը Ադրբեջանի իշխանության` ալիևյան վերնախավի մենաշնորհը, և կարծում, թե նրա փոփոխությամբ վերջ կդրվի պետական մակարդակով հակահայկականության քարոզին: Մինչդեռ իրականությունն այն է, որ սովորական ադրբեջանցին այսօր ամեն ինչում ՙհայկական հետք՚ է որոնում, առկա բազմաթիվ պրոբլեմները պայմանավորում հայկական գործոնով, համոզված է ռազմական հոգեբանը: Կնշանակի` ատելությունը ներծծված է անդրկովկասցի թուրքերի հանրային գիտակցության մեջ:
Սակայն, ինչպես հաճախ է ասվում, մենք և թուրքերը դատապարտված ենք ապրել կողք-կողքի: Եվ ուրեմն, պարտադրված ենք հաշվի նստել և այս իրողության հետ:
Դավիթ Ջամալյանն այս առումով, նախ հիշեցնում է ազգամիջյան փոխհարաբերությունների համաշխարհային և հատկապես եվրոպական փորձը: Ազգերի միջև հանդուրժողականություն է հաստատվել և թշնամանքն աստիճանաբար վերացել է միայն այն բանից հետո, երբ ագրեսիվ կողմը հրաժարվել է իր ագրեսիվ-ծավալապաշտական նպատակներից. ՙՀայ- թուրքական փոխհարաբերությունները նույնպես չեն կարող լինել բացառություն: Հանդուրժողականության հաստատում, թշնամանքի վերացում հնարավոր է, երբ թուրք հանրույթը հրաժարվի իր ագրեսիվ նկրտումներից, երբ ընդունի հայերի՝ իրենց հայրենիքի տերը լինելու իրավունքը՚: Դ. Ջամալյանը հոգեբանական տեսանկյունից առողջ է համարում միայն այն հանդուրժողականությունը, որը հիմնված է խաղաղ համակեցության ներքին պատրաստակամության վրա, միաժամանակ պատրաստ պաշտպանելու սեփական կենսական շահերը: Հետևաբար, հումանիզմն առ թշնամին չպետք է լինի իր էությամբ ինքնակործան, չպետք է ենթադրի համակերպում հայրենազրկման փաստի հետ, հրաժարում սեփական կենսական իրավունքներից: Այն չի կարող ձեռք բերվել թշնամու ծավալապաշտական- ագրեսիվ նկրտումներին հագուրդ տալու գնով:
Ավելին, որպեսզի թուրքական էթնիկական հանրույթը դադարի հային թշնամի ընկալելուց, հոգեբանը մեկ ճանապարհ է տեսնում` հարկավոր է նրա ագրեսիվ հայատյացությանը ուժ հակադրել: ՙԱգրեսիան զսպող, խաղաղություն պարտադրող ուժ` խաղաղ ապագայի հեռանկարի պատրաստակամությանը զուգահեռ: Այս տրամաբանությամբ է մեր բանակն այսօր սահմանը պահում՚:
Եվ ուրեմն, ոչ թե ստրկամիտ հանդուրժողականությունն է ճանապարհը, որ քարոզում են նույնքան ստրկամիտ գրանտակերները, այլ միայն տնտեսապես, քաղաքականապես ուժեղ երկիր ու մարտունակ բանակ ունենալով է հնարավոր հարկադրել թուրքին ընդունել հայի հետ խաղաղ գոյակցության հեռանկարը.ՙՀանդուրժողականության ահա այսպիսի ճարտարապետությունը միայն կարող լինել կենսունակ` թուրքական հանրույթին թշնամուց, ի վերջո, վերածել հարևանի՚:












