Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ Ի ԳՈՐԾ, ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ` ԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մարտ 15, 2013թ. 15:03

Երկրում շարունակվող հետընտրական զարգացումներն, անկեղծ ասած, հոգնեցրել են բոլորիս, ոչ միայն իշխանությանը, նաև ընդդիմության ողջամիտ հատվածին, իսկ առավել ևս Ազատության հրապարակում հավաքված ժողովրդին: Ինչո՞ւ, որովհետև հայաստանցիներս, անկախ մեր քաղաքական կողմնորոշումներից, ուզում ենք սեփական երկրում ապրել արժանապատիվ կյանքով և ոչ թե ճամպրուկները հավաքելու տրամադրությամբ: Բազմիցս է ասվել` երկրում շատ են խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում: Հետևաբար, ներկայիս պահանջ-հրամայականն է` իշխանական և ոչ իշխանական ուժերը պարտավո’ր են ժամ առաջ համախմբել սեփական ներուժն ու այն ուղղորդել մեկ նշանակետի` երկրում բարեփոխումների հրատապ իրականացմանը: Հակառակ դեպքում շարունակվող ներքաղաքական փակուղին ամեն օր ի վնաս երկրի է աշխատելու:

Հուսադրող է, որ ընտրական արդյունքները վիճարկող կողմերը` Հանրապետականն ու <Ժառանգություն>-ը համակարծիք են կարևորագույն հարցում ` ելքը քաղաքական երկխոսությունն է: Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները չեն թաքցնում, որ իրենց հանրահավաքա-հացադուլային ծայրահեղ պայքարը հենց դրան է միտված` ժողովրդին ոտքի հանել ու իշխանություններին ստիպել նստել երկխոսության սեղանի շուրջ: Չնայած, ժողովրդին ոտքի վրա պահելու խնդիր իրականում չկա էլ, քանզի սկզբից ևեթ իշխանությունը դրական արձագանքեց երկխոսության առաջարկին` եկեք, նստենք, խոսենք ու որոշենք անելիքը: Եվ ուրեմն, ի՞նչն է խանգարում քաղաքական, քաղաքակիրթ երկխոսության կայացմանը, բացառելով <համայնքն ու գյուղեր գրավելու>, սրա կամ նրա <դիակի վրայով> անցնել-չանցնելու պաթետիկ հռետորաբանությունը: Պարզվում է խանգարիչ հանգամանքներն այնուհանդերձ քիչ չեն` երկխոսության սեղանին դրվելիք քաղաքական օրակարգի ձևավորումից սկսած, մինչև հանդիպման վայրի ընտրությունը: Եվ այդ անորոշությունը հրապարակի ընդդիմության ներսում է: Համաձայնեք, որ Ազատության հրապարակի ընդդիմության լիդերի համար <զգայուն հարց> է դարձել նախագահ Սերժ Սարգսյանին հրապարակ բերելը, հանուն ինչի էլ որոշեց մեկ ամիս սոված մնալ: Ասում է` ես արդեն մեկ անգամ գնացել եմ Բաղրամյան 26, հիմա Ազատության հրապարակ գալու հերթը Սերժ Սարգսյանինն է: Եթե երկրում կուտակված խնդիրների ֆոնին, իրոք, սա՞ է ընդդիմության լիդերի գերնպատակը, կնշանակի գործ ունենք, մեղմ ասած, անլուրջ իրողության հետ: <Լուրջ չէ>` եղավ Դեմկուսի նախագահ Արամ Գասպարի Սարգսյանի հակիրճ արձագանքը:

Որքան էլ Ազատության հրապարակը մեր հասարակության հոգեհարազատ հարթակներից մեկն է, սակայն այն չի կարող աշխատանքային երկխոսության համար նպաստավոր վայր համարվել, կարծում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ով համոզված է, որ երկխոսության համար նպաստավոր վայրի ընտրությունը կարևոր է ընթացքը ճիշտ հունի մեջ դնելու համար: Բացի այդ, հանդիպման վայրի ընտրությունն ամենևին պարտադիր չէ, որ կանգ առնի միայն Բաղրամյան 26-ի վրա` ՙայն կարելի է կազմակերպել մեկ այլ աշխատանքային միջավայրում, թեկուզ մեկ այլ գրասենյակում՚: Ի վերջո, կարևորը երկխոսելու իրական ցանկությունն է: <Հայաստանում կա բարեփոխումների հստակ պահանջ և ո՞ր կողմը կարողացավ կոնկրետ ձևակերպել բարեփոխումների ուղենիշն ու դրանց հիման վրա նախանշել երկխոսությունը, այդ քաղաքական թիմն էլ կհայտնվի շահեկան վիճակում>,- օրվա գերխնդիրն այսպես բանաձևեց Սուրեն Սուրենյանցը: Կնշանակի ժամանակն է շրջանցել խնդրի ձևական, հուզական կողմերն ու կենտրոնանալ բովանդակության վրա: Այն է` ձևավորել քաղաքական իրատեսական օրակարգ ու նստել երկխոսության:
Եվ ուրեմն, առաջարկներ ինչպիսի՞ փաթեթով պետք է ընդդիմությունը ներկայանա երկխոսության, որը իշխանությունը չորակի անիրատեսական: Իր հերթին` ի՞նչ առաջարկներ պետք է ներկայացնի իշխանությունը, որոնք ողջունելի լինեն Ազատության հրապարակի կողմից:
Իհարկե ՙհեշտ չէ գտնել այնպիսի եզրեր, որոնք կբավարարեն հրապարակին, և իշխանությունն էլ չի համարի, որ ենթարկվեց կապիտուլյացիայի՚,- ասում է քաղաքագետ Սուրենյանցը, միաժամանակ կարևորելով այն իրողությունը, որ թե՜ Ս. Սարգսյանը, թե՜ Ր. Հովհաննիսյանը փոխադարձաբար հանդուրժողոբար են տրամադրված, ինչն էլ հույս է է ներշնչում, որ այնուհանդերձ, երկխոսության ընդհանուր օրակարգ կգտնվի:

<Դժվար է ասել, թե ինչը կբավարարի այսօր Ազատության հրապարակի ընդդիմությանը, այնտեղից հնչում են, այնպիսի, կներեք, աբսուրդ պահանջներ, որոնց քննարկումն էլ լուրջ չէ>,- սա Արամ Գասպարի կարծիքն է, ով անլուրջ առաջարկների շարքում դասեց, օրինակ, ընդդիմության խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակեպելու, իշխանությունը հանձնելու պահանջները: Մանավանդ, երբ պահանջատեր է ներկայանում մի ուժ, որն անկարող եղավ իրավական լուրջ փաստարկներ ներկայանալ<Սահմանադրական դատարան. հետևանքը` իրավական հարթությունում կրած լրջագույն պարտությունն էր: <Ու հիմա հնչեցնել, թե ես եմ ընտրված նախագահը` զարմանալի է>: Արամ Գասպարին նույնքան զարմացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից տարբեր պետությունների ղեկավարների հասցեին հնչեցվող ՙհաթաթաները՚.<Իրավիճակը պահանջում է լրջություն, ի շահ մեր պետության>: Նա հրապարակի ընդդիմությանն ու նրա լիդերին խորհուրդ տվեց, ի վերջո, հստակեցնել սեփական նպատակները` պատրաստ են իշխանության հետ միասի՞ն լուծել այս կամ այն հարցը, թե՞ ընդամենը ասում են` հեռացե՜ք, մենք կգանք ու կանենք: Բայց այստեղ կա մեկ այլ կարևոր հարց. <Եթե պահանջում են հեռացում, այդ դեպքում պետք է համապատասխան իրավիճակ ստեղծել, այսինքն, ժողովուրդ պետք է տեսնի, որ ընդդիմությանն ունի լրջագույն ծրագրերը ու պոտենցիալ, միայն այդ ժամանակ կգա ու կասի` եկեք հեռացնենք իշխանությանը: Բայց քանի որ ընդդիմությունը չի հասունացրել այդ պահը, կնշանակի մնացածն արկածախնդրության պես բան է>: Այն, որ այդ կարողությունը չկա, փաստվեց հենց թեկուզ իրավական հարթությունում նրանց ակնհայտ պարտությամբ:

Դառնալով իշխանություններին, Արամ Սսրգսյանը հորդորում է ժամ առաջ սկսել համակարգային փոփոխությունները, դրա համար ամենևին պետք չէ սպասել երդմակալության արարողությանը, քանի որ ամեն օրը նշանակություն ունի, լարվածությունը պետք է թուլացնել գործնական քայլերով:
Հնչեց մեկ այլ գործնական առաջարկ ևս` ոչ միայն ՀՀԿ-ն ու ՙԺառանգություն՚-ը պետք է նստեն երկխոսության, այլև այն պետք է ներառի ավելի լայն քաղաքական շրջանակ: Վեհիշեց, որ նման փորձ արդեն եղել է. <ժամանակին Սերժ Սարգսյանը մի քանի անգամ կազմակերպեց կուսակցական ղեկավարների հետ հանդիպում` տարբեր քաղաքական հարցեր քննարկելու համար: Այժմ էլ կարող է օգտագործվել այդ ձևաչափը>, ինչը կնպաստի թե՜ քաղաքական օրակարգի ձևավորմանը, թե՜ արդյունավետ երկխոսության կայացմանը:

Բայց որպեսզի հնարավոր երկխոսությունը չարժանանա առաջինի անփառունակ ճակատագրին, ոչ պակաս կարևոր է դրան նախօրոք պատրաստված լինելը.<Առաջին փուլում պետք է այն նախապատրաստել փորձագիտական մակարդակով, այսինքն, մինչև առաջնորդների նոր հանդիպումն անհրաժետ է, որ հանդիպեն թիմերի ներկայացուցիչներն ու պատրաստեն օրակարգը, որպեսզի երբ առաջնորդները նստեն բանակցությունների սեղանի շուրջ, արդեն իսկ հղկված լինեն մոտեցումները>,- թիմերին խորհուրդ տվեց Սուրեն Սուրենյանցը:

Ինչ վերաբերում է երկխոսության բովանդակությանը, ապա քաղաքագետը կարծում է, որ այն կարող է կայանալ իրատեսական բարեփոխումների կոնկրետ ծրագրի շուրջ. կողմերը կարող են ստորագրել մի փաստատուղթ, որով կնախանշվեն առաջիկա 5 տարում իրականացվելիք համակարգային բարեփոխումները. <Խոսքս առաջին հերթին դատաիրավական, քաղաքական համակարգերի բարեփոխուման մասին է, մոնոպոլիայի դեմ պայքարին, առաջիկա բոլոր ընտրություններն ավելի լավ անցկացնելու պարտավորությանը, օլիգոպոլիաների դեմ ակտիվ պայքարին և այլն>:
Ընդհանրացնելով նշենք, քաղաքական գործիչների համոզմունքն է` ընդդիմությունը պետք է վեր կանգնի իր ոչ իրատեսական քայլերից, իսկ իշխանությունն առանց հապաղելու անցնի գործի, քանզի նժարին Հայաստան երկրի ապագան է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն