Գլխավոր » Hay-turq, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

Ալիևի ցինիկ պահվածքի մեղավորը միջազգային հանրությունն է

Մարտ 21, 2013թ. 12:27

imagesՀարցազրույց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

Օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Ո՞րն էր համանախագահների այս այցի նպատակը:
-Համանախագահների վերջին այցը Արցախ նոյեմբերին էր` 4 ամիս առաջ: Այս այցն առանձնահատուկ էր նրանով, որ առաջին անգամ Արցախ ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ամերիկացի համանախագահ Յան Քելին, չնայած նա հանդիսանում է համանախագահ երկրի ժամանակավոր ներկայացուցիչը: Այնուհանդերձ, սա իր համար ճանաչողական բնույթ ունեցող այցելություն էր:
-Իսկ ինչպիսի՞ն էր ամերիկացի համանախագահի առաջին տպավորությունն Արցախից:
– Կարծում եմ, որ Յան Քելին Արցախից մեկնեց լավ տպավորություններով, դրական տպավորություն ստացավ մեր մայրաքաղաքից, մեր բարեհամբույր ժողովրդից: Չնայած կան աշխարհաքաղաքական հստակ շահեր, չնայած մշտապես առկա է Ադրբեջանի նավթային գործոնը, բայց նման այցերը շատ կարևոր են. համանախագահները գալիս, անձամբ տեսնում են Արցախը, տեղում շփվում արցախցու հետ և հետո այցելելով Ադրբեջան` ակնհայտ զգում տարբերությունը: Բացի պաշտոնական հանդիպումից, նրանք մասնակցեցին նաև ոչ պաշտոնական միջոցառումների: Այսինքն, հնարավորություն ունեցան շփվելու արցախցիների հետ:
– Ոչ պակաս հետաքրքիր էր նաև այցի ձևաչափը. երթուղին սկսվեց հենց Արցախի Հանրապետությունից:
-Այս անգամ, իրոք, ձևաչափը փոքր-ինչ փոխվել էր, նախ այցելեցին Ստեփանակերտ, հետո մեկնեցին Երևան, ապրիլի 1-ին կմեկնեն Բաքու, որից հետո դարձյալ կվերադառնան Արցախ, ու դրանով եզրափակեն տարածաշրջանային այցելությունը: Այս կերպ համանախագահները փորձում են կոմպենսացնել վատ եղանակի պատճառով Արցախ չկատարած, ձախողված այցերը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել էր, թե պետք է արագացնել հիմնախնդրի լուծումը: Հանդիպման ժամանակ, այս առումով, նոր շեշտադրումներ նկատվեցի՞ն:
– Ոչ, այցը նոր շեշտադրումներով աչքի չընկավ, պարզապես, վերստին ընդգծվեց հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժետությունը և, որ իրենք աշխատում են այդ ուղղությամբ: Մենք էլ ենք ուզում, որ գործընթացն արագանա, բայց խնդիրն այն է, որ արագացումը հայկական կողմերով չի պայմանավորված: Հետևաբար, գիտակցում ենք, որ երկար ճանապարհ ունենք անցնելու:
Հայտնի է, որ Բակո Սահակյանը վերահաստատել է պաշտոնական Սփեփանակերտի դիրքորոշումն ու ընդգծել ԵԱՀԿ հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնման մասին, խոսքն անշուշտ վերաբերում է բանկցություններում Արցախի մասնակցությանը:
-Այո, իհարկե, քանի որ առանց դրա հակամարտության կարգավորումը տեղի չի ունենա: ԼՂՀ նախագահը նաև համանախագահների ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության վրա, ընդգծեց, որ Բաքուն չի ընդունում հայկական կողմից և ոչ մի առաջարկություն, որը կարող է նպաստել փոխվստահության մթնոլորտի ստեղծմանը. դա է վկայում զինադադարի ռեժիմի շարունակաբար խախտումը:
– Բայց Բաքուն ոչ միայն հայկական կողմի, այլև հե՜նց Մինսկի խմբի առաջարկներն է մերժում ու արհամարհում:
– Եվ ոչ միայն համանախագահների, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները: Մարդասպան Սաֆարովի հերոսացումը սարսափելի ոտնձգություն էր միջազգային հանրության բարոյականության ու բոլոր սկզբունքների վրա: Այն, որ Ադրբեջանում այրում են ճշմարտությունը բարձրաձայնած գրողի գրքերը, նշանակում է այդ երկրում գործում են նույն ձեռագրով, ինչպես ֆաշիստները 30-ական թվականներին: Ուրեմն, միջազգային հանրությունը պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնի Ադրբեջանի վարքագծին:
– Նախօրեին` Նովրուզի տոնի առիթով, Ադրբեջանի նախագահը բոցաշունչ ճառով հանդես եկավ, կրկին մեղադրելով Հայաստանին ու համանախագահներին` ոչ կառուցողական դիրքորոշման համար: Փոխարենը, հատուկ ընդգծեց, թե իրենք առաջնորդվում են միայն միջազգային իրավունքի նորմերով:
– Գիտեք, Ալիևի նման ցինիկ պահվածքի մեղավորը հենց միջազգային հանրությունն է, վերջինս ուղղակի դա թույլ է տալիս նրան: Ադրբեջանի նախագահը խոսում է ոչ կառուցողական դիրքորոշման մասին, սակայն իր երկրում անձամբ քարոզում ֆաշիստական գաղափարախոսություն, այն դարձրել է պետական քաղաքականություն` հերոսացնելով մարդասպանին, հավակնելով Ղարաբաղի, Հայաստանի Հանրապետությունների տարածքներին` Երևանին, Սևանին, Զանգեզուրին: Ու քանի որ նրա հայտարարությունները միջազգային հանրության կողմից մնում են անարձագանք, Ալիևն ավելի է ագրեսիվանում ու կոպտորեն խախտում միջազգային նորմերը, նրա քայլերն ապտակ են ուղղված միջազգային հանրությանը:
Ինչ վերաբերում է միջազգային նորմերով առաջնորդվելուն, գուցե խոսքն իրե՞նց սեփական նորմերի մասին է: Հիշենք, որ ժամանակին ֆաշիզմն էլ է համարվել միջազգային ֆենոմեն, այժմ Ալիևն հենց դրանով էլ առաջնորդվում: Ի՞նչ միջազգային իրավունքով առաջնորդվելու մասին է խոսքը, երբ քաղաքակիրթ աշխարհն այսօր ընդունում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, այդ գործընթացը տեղի է ունենում Ֆոլկլենդյան կղզիներում, մարդիկ իրենք են իրենց ճակատագիրը որոշում և Մեծ Բրիտանիայն դրան չի խոչընդոտում:
Անկախացան Կոսովոն, Հարավային Սուդանը, Շոտլանդիան է գնում այդ ճանապարհով, նույնիսկ Ամերիկյան որոշ նահանգներ են նման հայտ ներկայացրել, և միայն Ադրբեջան է հիվանդագին ընդունում ինքնորոշումը: Պաշտճառը շատ պարզ է, այդ պետությունը կառուցվել է հայատյացության, մարդատյացության սկզբունքների վրա, դժբախտաբար, նման փիլիսոփայությամբ առաջնորդվող երկիրը չի կարող ընդունել որևէ նորմալ առաջարկ:
Միջազգային հանրությունը պետք է մեծ ջանքեր ձեռնարկի, որպեսզի իրավիճակը շտկվի: Այսօր Ադրբեջան պետությունը նաև անհանդուրժելի է դարձել ադրբեջանական հասարակական որոշակի շերտերի համար. բողոքի ցույցերը շարունակվում են: Ժողովրդի մի մասը հոգնել է իշխանության քաղաքականությունից: Ու որպեսզի ներքին շարժումները կասեցվեն, Ալիևը կրկին դիմեց արտաքին թշնամու կերպարի քարոզչությանը` հայատյացությանը: Անհասկանալի է` Եվրոպան, որը փորձում է ժողովրդավարական երկիր դարձնել Լիբիան, Սիրիան, ինչո՞ւ է աչք փակել Ադրբեջանի վրա:
– Ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսովն ասել է, թե օդանավակայանի հարցը կարող է լուծվել փոխադարձ վստահության դեպքում, իսկ եթե չկա դա, կա վախ ոչինչ չի լուծվի: Թշնամանք սերմանող երկրի քաղաքագետն ի՞նչ քարոզ է անում:
– Փոխվստահության ձևավորումը ձախողում է հե՜նց Ադրբեջանը: Թող Յունուսովը վերցնի, կարդա ու հիշի, թե ինչպիսի բարբարոսական կոչեր ու հայտարություններ են արել և անում Ադրբեջանի իշխանավորները: Նույն Յունուսովը պետք է ուժ ունենար ու դատապարտեր մարդասպան Սաֆարովի հերոսացումը: Ի դեպ, տեղակացնեմ, որ Յունուսովի մայրը հայուհի է, չնայած նա իրեն Ադրբեջանի նվիրյալ զավակ է համարում: Եվ այս առումով, նրա հայտարարությունում ես սուբյեկտիվ գործոն եմ տեսնում, դա ինքնապաշտպանության պես բան է: Նրան խորհուրդ կտայի, ուշադրությամբ կարդալ Ալիևի հայտարություններն ու փորձել գոնե հոգու խորքում` ինքն իր հետ, անկեղծ լինել:
– Արցախում տեղյա՞կ են ադրբեջանցի երիտասարդների ՙայցելության՚ մասին. պատրաստվում են երթ կազմակերպել դեպի Արցախի Ասկերանի շրջան:
– Սա մի PR ակցիա է, որն ունի մի շարք նպատակներ. նախ, շեղել հանրության կարծիքը ներքին խնդիրներից: Այդ երիտասարդներին հասցնելով Արցախի սահմանին, իշխանությունն ուզում է ցույց տալ, որ իրենք ունեն միայն մեկ` արտաքին թշնամի, ու ոչ թե պետք է ներքին դաշտում պայքարեն, բողոքի ցույցեր կազմակերպեն, այլ համախմբվեն արտաքին թշնամու դեմ: Մյուս կողմից, հաշվի առեք, որ առջևում Ադրբեջանի նախագահական ընտրություններն են:
Պարզ է, որ երթի կազմակերպումը պետության նախաձեռնությունն է և սա արվում է պետական ֆինանսավորմամբ: Ադրբեջանի երիտասարդությանը խորհուրդ կտամ փոխել իրենց երթի ուղղությունը, և ոչ թե գալ Արցախի սահմանի մոտ, այլ գնալ Բաքում, ու Ալիևի նստավայրի կամ նրա բազմաթիվ դղյակների շուրջ ցույցեր կազմակերպել, որովհետև Ադրբեջանի արատը այդ երկրի իշխանություն է, որը ժողովրդին գցել է ֆաշիզմի գիրկը: Դա երկիրը կործանման տանող ճանապարհ է: Եթե Ադրբեջանի հասարակության ներսում կան համարձակ մարդիկ, որոնք կարող են ուժ գտնել իրենց մեջ և դատապարտել ֆաշիզմի քարոզչությունն իրենց երկրում, միայն այդ դեպքում Ադրբեջանը որպես պետություն ապագա կունենա, հակառակ դեպքում կործանումն անխուսափելի է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն