Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն

ՄԱԿ-Ի «ՊԻՈՆԵՐ ՊԱԼԱՏԻ» ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

Մարտ 21, 2013թ. 12:51

Ավիկ Մարության ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Նախօրեին նշվում էր երջանկության օրը

Աշխարհի ամենահեղինակավոր կառույցը ՄԱԿ-ն է: Կամ այդպիսին պիտի լինի:
Աշխարհի հզորներին երբ պետք է, ՄԱԿ-ը իր Անվտանգության խորհրդով դառնում է այդպիսին: Ասենք, եթե Միացյալ Նահանգներին պետք է մտնել հերթական «բռնապետական» երկիր եւ այնտեղ հաստատել ժողովրդավարություն` տնօրինելով նավթը, ՄԱԿ-ը կատարում է վարչության պետի կնիքի դեր: Այսինքն, կոպիտ ասած, թույլ է տալիս գրավել տվյալ պետությունը:

Այս դեպքում մարդասիրական մղումները մղվում են հետին պլան, եւ հանուն «ժողովրդավարության» զոհվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Այսինքն՝ քաղաքացիական պատերազմ հրահրելը ժամանակակից աշխարհում դարձել է ժողովրդավարություն հաստատելու ամենաարդյունավետ միջոցը:
Մնացած դեպքերում եւ ընդհանրապես ՄԱԿ-ը զբաղվում է «պիոներ պալատի» գործառույթներով: Այսինչ օրը հռչակել համաշխարհային շաբաթօրյակի օր, այնինչ օրը` համաշխարհային շոկոլադի օր, մյուս օրը` համաշխարհային բոզի օր (դեղին գույնի օր) եւ այսպես շարունակ: Համաշխարհային համբույրի օր էլ կա, եթե չենք սխալվում:
Ընդհանրապես սա հիշեցնում է թիթեռի վարք` մեկ օր այսպես, ամբողջ տարին` ոնց կուզեք: Ենթադրելի է, որ օրապակաս այս հռչակումներով ՄԱԿ-ը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այս կամ այն հիմնախնդրի վրա: Հիշենք, որ կա համբույր, հիշենք, որ կա մայրենի լեզու, շոկոլադ եւ այլն:
Բայց մենք, օրինակ, դժվարությամբ ենք պատկերացնում Գլխավոր ասամբլեայի դահլիճում հավաքված, փայլուն հագուկապով բազմությանը, որը քվեարկում է այդ «հռչակումների» օգտին:

Ոչ վաղ անցյալում էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին խիստ անհանգստացրել էր, որ աշխարհում դեռեւս կան «հետամնաց» երկրներ, որոնցում ոտնահարվում են գեյերի, լեսբուհիների եւ երկսեռականների իրավունքները: Ամոթ:

Բայց կան նաեւ համաշխարհային գեղեցիկ օրեր:
Երեկ նշվում էր Երջանկության միջազգային օրը: Մենք էլ, բանից անտեղյակ, դժբախտ-դժբախտ անցանք երջանկության 24 ժամը` առանց իմանալու, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2012թ. որոշել է, որ մարտի 20-ը պետք է հռչակվի Երջանկության միջազգային օր:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նշել է, որ երջանկությունն ընկած է մարդկային ցանկությունների հիմքում: Նա ցավով հայտնել է նաեւ, որ «նյութական բարեկեցությունը դեռեւս անհասանելի է շատ մարդկանց, ովքեր ապրում են ծայրահեղ աղքատ պայմաններում»:
Օրինակ, դուք գիտեի՞ք, որ երջանկությունն ընկած է մարդկային ցանկությունների հիմքում: Բայց ինչն է հետաքրքիր. մտածում ենք, մտածում ու գլխի չենք ընկնում, թե ինչ ձեւով կարելի է նշել երջանկության միջազգային օրը. ի՞նչ անենք: Ապուշ ժպիտը դեմքերիս ման գալ չենք կարող, ուրիշին խուտուտ տալով երջանկացնելն էլ «կռվի բուն է»:

Մնում է միայն մի ծածուկ տեղ նստել ու կպած մտածել երջանկության մասին: Միայն մեկ օր:
Հետո վերադառնալ Երեւան, գնալ Ազատության հրապարակ եւ փաստացի տեսնել մեր ապագա երջանկության երկունքը: Բայց այդ ընթացքում պետք է անընդհատ դժբախտ լինել, քանզի միայն դժբախտն է ի զորու հասկանալու երջանկության իրական արժեքը:
Հայաստանի կառավարությունը արդեն քանի տարի զբաղված է համաժողովրդական երջանկության ծրագրերի մշակմամբ, իսկ անհամբեր դժբախտները ոչ մի օր սպասել չեն ուզում` ելնելով Պան Գի Մունի դրույթներից:

Գոնե երեկ պետք էր հասկանալ, որ երջանկության ծրագրերը մինչեւ չմշակվեն, չեն կարող իրականացվել: Պատկերացրեք իրականացվող անմշակ ծրագիր, ասենք, կենսաթոշակների կամ նվազագույն աշխատավարձերի բարձրացման մասին: Խայտառակություն: Կրկնապատկված թոշակից անակնկալի եկած դժբախտի կյանքը ո՞վ կփրկի: Սրտի տագնապն անխուսափելի է, իսկ վերջնականապես մշակված ծրագրերում կյանքի ապահովության հարցն էլ է ներառված:
Այսինքն՝ կարող են կրկնապատկել, բայց կմեռնեք. հարցեր կան: Իսկ մարդը մեզանում ամենամեծ կապիտալն է. փողը հեչ: Գեղեցիկ է հնչում նաեւ` անփող կապիտալ: Հայաստանում սա ամենագնահատվածն է:
Եվ հետո մի մոռացեք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հիշել է նաեւ ձեզ` «ծայրահեղ աղքատ պայմաններում» ապրողներիդ, ուստի դուք գտնվում եք այդ համաշխարհային կազմակերպության թափառաշրջիկ ուշադրության կենտրոնում:

Մի հուսադրող հանգամանք եւս, որ դժբախտների ուրախության աղբյուրն է: Երջանիկն արդեն երջանիկ է ու վերջ. առաջընթացի տեղ չունի մինչեւ Վերին դատաստան: «Օբյեկտ», ուռած փոր, ջիպ, տուն: Իսկ դուք աղքատության քաշած գծից անդին դեռեւս ունենք երջանիկ լինելու գիտակցական հաճույքը: Սա մեծ առավելություն է:

Ի դեպ, հայրենի կառավարությանը առաջարկում ենք մի պատկառելի պատվիրակություն ուղարկել Բութանի Թագավորություն: Երջանկության միջազգային օր նշելու նախաձեռնությունը ծնվել է այնտեղ: Եվ գիտե՞ք ինչու. Բութանի բնակիչները համարվում են աշխարհի ամենաերջանիկ մարդիկ:
Թե ինչ չափանիշներով է կատարվել այդ դասակարգումը, անհայտ է, բայց մարդիկ երջանիկ են, հո զոռով չի՞: Թող գնան-տեսնեն, թե այդ երկրի բնակիչներն ինչո՞ւ են երջանիկ, այդ ի՞նչ մեխանիզմներ են գործում այդ թագավորությունում, որ մարդիկ ուրախ-զվարթ ապրում են: Մի երկու ծրագիր էլ թող այնտեղ արտագրեն:
Բայց թող երկար չմնան, որ Բութանի բնակչությունը դարձյալ մնա երջանիկ:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն