ՋՐԻ ՕՐԸ ՄԵՐ ՆՎԻՐԱԿԱՆ ՏՈՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Երեկ նշվում էր Ջրի համաշխարհային օրը: Եվ մենք, հետեւելով ՄԱԿ-ի սեւեռված ուշադրությանը, ամբողջ օրը նվիրեցինք հայ իրականության մեջ ջրի տեղի եւ դերի մասին խորհրդածություններին:
Կյանքի հիմք հանդիսացող չորս տարրերից` հողից, օդից, կրակից եւ ջրից մեզ համար ամենակարեւորը ջուրն է: Նույնքան, որքան Լենինի համար կինոն։
Հողը հեչ. պետք եղավ` կդնենք օտարի «ոչխարի տակ», փող կաշխատենք: Օդը հեչ. կաղտոտվի` կաղտոտվի. շնչողն էլի կշնչի. հինգ աստղանի զովասուն «դաչաները» ո՞ւմ համար են: Կրակն էլ հեչ ու հեչ. հո նախնադարում չե՞նք ապրում, որ փայտ հավաքենք, վառենք, կերակուր պատրաստենք ու գազաններից պաշտպանվենք:
Իսկ հնացած պարզունակ պատկերացումներից, թե առանց այդ չորսի կյանք չկա, պետք է հրաժարվել: Լավ էլ կա. երեքը պետք չեն. միայն ջուր:
Այսպիսով կարելի է ասել, որ Ջրի օրը մեր նվիրական տոներից է:
Անկախ ՄԱԿ-ի որոշումից` մենք ջրի արժեքը շատ լավ գիտենք, քանի որ Հայաստանը ջրառատ երկիր է, ուր անհիշելի ժամանակներից գոյություն ունի ջրի պաշտամունք: Հո Քուվեյթում չե՞նք, որ նավթ պաշտենք:
Իսկ պաշտամունքի առարկային պիտի երկյուղածորեն վերաբերվել, առիթ-անառիթ ջուր բաց չթողնել, մանավանդ ոռոգման ջուր: Ավելի լավ է այն հոսի ժամանակների մեջ, քան լցվի հայ գյուղացիների նվաստացուցիչ բանջարանոցներն ու այգիները: Թող թքեն ծառի տակ ու բերք ստանան, բայց ջրին չկպչեն, քանի որ այն մարդկության օրրանն է:
Հիշենք թեկուզ «Սասնա Ծռեր» էպոսը (ականջդ կանչի, նախագահի նախկին թեկնածու), ըստ որի, Ծովինարը հղիանում է մի լիքը եւ մի կիսատ բուռ ջուր խմելով, որից ծնվում են Սանասարն ու Բաղդասարը: Ահագին ջրեր են հոսել մեր պատմության ամբողջ ընթացքում` իրենց մակերեւույթին ունենալով սովորաբար շատ գերաններ եւ հատուկենտ տաշեղներ: Հիմա ժամանակները փոխվել են, փոխվել է նաեւ ջրի տարածի որակական կազմը` հատուկենտ գերաններ եւ լիքը տաշեղ:
Ինչեւէ. ազգագրագետները վկայում են, որ ջուրը կյանքի աղբյուր է, որն այժմ դարձել է ոչ միայն ապրանք, այլեւ պետական-պաշտոնական ներշնչման ակունք:
Ջուրը նախապես չի վաճառվել. թող չափազանցություն չթվա, բայց երբ մարդը ծարավել է, ջուր է խմել ու դրա համար չի վճարել: Հիմա, երբ ծարավում է, նախնյաց ավանդույթով դարձյալ ջուր է խմում, հետո նայում է ջրաչափին ու կում-կում վճարում:
Ջուրը մեր իրականության մեջ ողողել ու ոռոգել է ամենատարբեր ոլորտներ, բայց նրա դերը առանցքային կարեւորություն ունի հատկապես գործունեության պետական-պաշտոնական շրջանակներում եւ քաղաքականության մեջ: Պաշտոնական այդ գործառույթը կոչվում է ջուր ծեծել կամ ջուրծեծոցի: «Ջուր ծեծել» արտահայտությունը նշանակում է դատարկ-դատարկ «դուրս տալ», խոսել ոչ մի բանի մասին, այսինքն՝ դատարկաբանել: Սովորական երեւույթ է, չէ՞:
Հետազոտողները գուցե ապագայում պարզեն, որ ջուր ծեծելու սովորույթը գալիս է ջրի հազարամյա պաշտամունքից: Սրա օգտին է խոսում նաեւ այն փաստը, որ մեզանում ջուր ծեծելը բարձրացվել է արվեստի մակարդակի:
Գաղտնիքներից մեկն այն է, որ դրանով հետեւողականորեն զբաղվում են ամենաբարձր ատյաններում, հատկապես օրենսդիր եւ գործադիր մարմիններում, տարբեր կուսակցություններում ու կուսակցությունների խմբերում:
Օրինակ, խորհրդարանում ջուրը շատանում է հատկապես քառօրյա նիստերի ընթացքում: Նկատած կլինեք` բարձրանում է ու քչքչալով հոսում դեպի ամբիոն, հետո կուտակվում է եւ կաթկթում բարձրախոսից, երբեմն էլ` հռետորի ճակատից: Այսինքն՝ ընտրյալներից շատերը ջրի հետ գալիս են, ջուր են ծեծում եւ ջրի մեջ հեռանում: Ջրալի շատ օրենքներ նույնպես դա են վկայում:
Կառավարությունում ջրօգտագործումն ավելանում է հատկապես հինգշաբթի օրերին, երբ թանկագին ծառայողական մեքենաներով «ջրեղենը» տեղափոխվում է նիստերի դահլիճ` ծեծելու ազնիվ նպատակով: Մենք էլ անօգնական հայացքով հետեւում ենք, թե ոնց են ծեծում մեր հանապազօրյա ջուրը:
Կյանքի ակունքը, մարդկության զարգացման ամբողջ ընթացքում հոսելով ու հոսելով, եկել-կուտակվել է մի ջրամբարում, որը ժամանակակից ըմբռնումներով կոչվում է քաղաքական գործունեություն: Արդեն չորս ամիս մեր քաղաքական ուժերը, լինեն ընդդիմադիր թե ոչ, ինչո՞վ են զբաղված` Ջրի համաշխարհային օրվան նախապատրաստվելով: Իսկ ջուր ծեծելը համարվել է կուսակցական առաքելություն:
Երեւանի ավագանու ընտրությունները եւս կուսակցական ջրերում հայտնվելու վտանգի մեջ են: Այս կապակցությամբ, վերջին օրերի ներքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ քաղաքական տարբեր ուժեր հիմա ավելի զբաղված են «շլանգի» փնտրտուքով: Իրար ջրելու հարց կա. միայն թե ջրի գողություն չլինի:
Ջրի համաշխարհային օրը գալիս-գնում է, բայց մենք տարվա բոլոր օրերին մնում ենք ամենատարբեր որակի ու գույնի ջրի մեջ:













