Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական

ԿԳԱ ԺԱՄԱՆԱԿԸ ՈՒ ՋՐԱՏԱՐՆԵՐՆ ԱՐՑԱԽԻՑ ԿՁԳՎԵՆ ԴԵՊԻ ՍԱԿԱՎԱՋՈՒՐ ԵՐԿՐՆԵՐ

Մարտ 23, 2013թ. 19:34

ArzaxԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Ադրբեջանի <նավթային բումի> դարաշրջանը, գիտնականների կանխատեսմամբ, կավարտվի 2028-ին: Եվ այն, որ նավթի ու գազի պաշարները 2010-ից սկսել են նվազել, իսկ էներգետիկ սեկտորի եկամուտները մի քանի անգամ կրճատվել, փաստում են հենց ադրբեջանական նավթա-գազային բիզնեսով շահագրգիռ ամերիկացի մասնագետները: Ակնհայտ է Ադրբեջանի մտահոգությունը. նավթային գործոնն իր քաղաքականության մահակը դարձրած այդ երկրի իշխանությունը հրաշալի գիտակցում է, որ այդ ռեսուրսի ավարտը կարող է տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխության պատճառ դառնալ` ի վնաս Ադրբեջանի: Մանավանդ բացի նավթային գործոնից այլ` մտավոր, հոգևոր, պատմական, մշակութային հարստությամբ աչքի չընկնող երկրի ու ժողովրդի համար այն կարող է կործանարար լինել: Սա նկատի ունենալով է, որ Թուրքիան Ադրբեջանի իշխանություններին հուշում է` խաղադրույքներ չդնել կասկածելի նավթային պաշարների վրա և որոնել նոր ռեսուրսներ, հակառակ դեպքում նավթային խաբկանքը կարող է երկրի համար անփառունակ ավարտ ունենալ:

Աշխարհում տեղի ունեցող բնակլիմայական փոփոխությունները, մասնավորաբար, ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, մասնագետներին հիմք են տալիս պնդելու, որ 21-րդ դարում ոչ թե նավթը, այլ քաղցրահամ ջուրն է դառնալու երկրագնդի գլխավոր ռազմավարական ռեսուրսը: Աֆրիկայում եւ Մերձավոր արեւելքում ջրի հարցն արդեն սրված է եւ պատճառ է հանդիսանում ոչ միայն հետամնացության եւ աղքատության, այլեւ քաղաքական անկայունության, էթնիկական եւ միջպետական կոնֆլիկտների: Այսինքն, ջուրը դառնում է ազգային անվտանգության խնդիր, և այն, որ 21-րդ դարում պատերազմները լինելու են ջրի համար, հեռու չէ իրականությունից։
Այս մտահոգությամբ, դեռ մեկ տարի առաջ, Ադրբեջանի նախագահին կից գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնը նոր ռեսուրսների փնտրտուքով տարված, նախագահ Ալիևին ներկայացրեց ՙԱդրբեջանի տեղը հիդրոպատերազմներում՚ վերտառությամբ մի զեկույց, ուր շոշոփվում էր մասնավորաբար, Արցախի ջրային ռեսուրսների հարցը։ Եվ սա ամենևին պատահականություն չէ:

Նավթային պաշարների սպառման շեմին կանգնած Ադրբեջանում սրվել է <ջրային ախորժակը>: Պատահական չէ նաև, որ այն դրսևորվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ադրբեջանական ռազմավարության մեջ:
Ադրբեջանը ջրային ռեսուրսներով հարուստ երկիր չէ, իսկ գետերի ակունքների 80 տոկոսը գտնվում են պետության սահմաններից դուրս, ինչը նշանակում է` ջրային կախվածություն արտաքին աղբյուրներից:

Այս առումով Ադրբեջանի համար դեռ խորհրդային տարիներից մեծ նշանակություն է ունեցել ջրային հսկայական պաշարներով հարուստ Արցախի Քարվաճառի շրջանը, որտեղից սկիզբ են առնում Թարթառ, Խաչեն, Արփա, Որոտան խոշոր գետերը: ԼՂՀ ջրամատակարարումը 85 տոկոսով ապահովվում է հենց այս շրջանից: Մասնագետների հավաստմամբ, ԼՂՀ-ն դասվում է ջրային պաշարներով ամենաապահովված երկրների շարքին: Արցախում համոզված են` աշխարհին սպառնացող ջրային աղետն իրենց չի սպառնա, քանի որ ԼՂՀ-ն ի վիճակի է ամբողջությամբ ապահովել իր բնապահպանական անվտանգությունը: Եվ ուրեմն, Քարվաճառի շրջանն արցախցու համար, բացի պատմական հայրենիք լինելուց, նաև ունի ռազմավարական մեծ նշանակություն:
<Եթե չլիներ ջրառատ Քարվաճառը, Ադրբեջանը մեր նկատմամբ կիրականացներ նաև կապույտ ցեղասպանություն>,- համոզված է ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

Իսկ ասվածն հավաստող փաստերը քիչ չեն: Այսպես, դեռ խորհրդային տարիներից Ադրբեջանը նախկին ԼՂԻՄ-ի հանդեպ վարել է հատուկ մշակված հիդրոդեմոգրաֆիական քաղաքականության` վերահսկողություն հաստատելով նախկին ԼՂԻՄ կարևոր գետերի ակունքների վրա: Օգտվելով դրանից, որ վերահսկողության տակ էր առնված ԼՂԻՄ ջրային պաշարների 88%-ը, Բաքվի իշխանությունները, մասնավորաբար, Հեյդար Ալիևի նախագահության տարիներին, Լեռնային Ղարաբաղի հանդեպ սկսեցին վարել ջրային ահաբեկչություն` թունավորելով գետերի ջրերը: Հետևանքը եղավ այն, որ 70-80-ականներին բնակչության շրջանում մի քանի անգամ աճեց քաղցկեղով հիվանդների թվաքանակը: <Հիշում եմ, հնարավոր չէր մոտենալ գետերին, մի քանի մետր հեռավորությունից արդեն իսկ զգացվում էր քլորի սարսափելի հոտը: Իսկ դրա որոշակի քանակի օգտագործումը, ապացուցված է, որ հանգեցնում է քաղցկեղի առաջացման>,- ասում է Դավիթ Բաբայանը:

Արցախի բնակչության դեմ ջրային ահաբեկչություն իրականացվեց նաև արցախյան ազատամարտի տարիներին: Երբ դեռ Քարվաճառը վերահսկվում էր ադրբեջանցի զինյալների կողմից, վերջիններս դարձյալ թունավորել էին Ստեփանակերտին ջուր մատակարարող աղբյուրները: Այս անգամ ջրին խառնելով մանր եղջերավոր անասունների քոսի դեմ պայքարի միջոց օգտագործվող քիմիական նյութեր:
<Այսօր իրավիճակն այլ է, բարեբախտաբար, Արցախի ջրային պաշարները գտնվում են արցախցիներիս վերահսկողության տակ ու դրանով իսկ մեր անվտանգությունը պաշտպանված է: Բայց սա չի նշանակում, որ պետք է հանգիստ նստենք, մանավանդ երբ հարևան երկիրն ամեն պահ գործում է մեր դեմ>:

Դավիթ Բաբայանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի նախագահի կողմից այսօր հնչող որոշ հայտարարությունների վրա. <Իզուր չէ, որ Ալիևն անվերջ հայտարարում է, թե Սևանա լիճը իրենցն է: Չէ՞ որ Սևանա լիճը ՀՀ ջրային պաշարների 80 տոկոսն է կազմում>: Ադրբեջանի նախագահի` միջազգային հանրությանն ուղղված ապակողմնորոշիչ ու կեղծ մեղադրանքը, թե Հայաստանն իր ատոմակայանի թափոնները լցնում է Քարվաճառի գետերի մեջ, ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը ևս դիտարկում է հայության դեմ իրականացվող հեռահար քաղաքական ծրագրերի շարքում: <Այդ բացահայտ կեղծիքը կանխամտածված է տարածվում, նպատակը հեռահար է. եթե երբևէ Ադրբեջանը կարողանա ձեռք գցել Քարվաճառի շրջանը, ապա մեր գետերի միջոցով կթունավորի Արցախի ժողովրդին ու կհայտարարի, թե մեղքը ձերն է, քանի որ ժամանակին այնտեղ ատոմակայանի թափոններ եք լցրել: Հետևաբար, Քարվաճառին տիրանալը կնշանակի ձեռքում ունենալ հզոր լծակ` Հայաստանի ու Արցախի դեմ ու անկանխատեսելի զիջումներ պարտադրել երկու հայկական պետություններին>:
Այս փաստերը մեկ անգամ ևս ապացուցում են, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում խիստ կարևորվում է ԼՂՀ ջրային անվտանգության ապահովման հարցը, քանզի <դրանից է կախված հայ ժողովրդի անվտանգ գոյատևումն իր պատմական տարածքում>:

<Մենք պետք է գիտակցենք, թե ինչ բաղադրիչներից է բաղկացած մեր անվտանգությունը` այն և՜ ռազմական է, և՜ տնտեսական, հոգեբանական ու կրոնական, և վերջապես, չմոռանանք ջրային ռեսուրսները որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ>:
Արցախում նաև համոզված են` կգա այն ժամանակը, երբ Արցախից ջրատարները կձգվեն դեպի սակավաջուր արաբական երկրներ. <Այս պահին Արցախն ունի առնվազն 2,5 մլրդ խմ ջուր, որն առանց բնապահպանական խնդիրներ հարուցելու կարող է արտահանել: Իսկ ապագայում ջրային երկիր դառնալու համար մենք պարտավոր ենք այսօր իսկ պահպանել մեր անտառները, մեր երկրի ողջ էկոհամակարգը, որպեսզի վաղը կարողանաք արդյունավետորեն օգտվել մեր հզոր ռեսուրսից>:

Իսկ մինչ կգա այդ օրը, ԼՂՀ նախագահի խոսնակն առաջարկում է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների որպես ջրային ռեսուրսներով հարուստ երկրի կարևորությունն ընդգծել նաև մեր ազգային ու պետական խորհրդանիշերի` զինանշանի, դրոշի վրա և օրենքում եռագույնի կապույտ գույնի մեկնաբանության կողքին ավելացնել` կապույտը խորհրդանշում է նաև հայկական երկու պետությունների ջրային պաշարների առատության փաստը: <Դիմում եմ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների օրենսդիրներին, կատարել օրենսդրական այդ փոփոխությունն ու դրանով ընդգծել մեր ջրային պաշարներով առատ երկիր լինելը, ցույց տալ, որ ջուրը ռազմավարական և ազգային անվտանգության տեսանկյունից հայության համար ունի կարևորագույն նշանակություն>:


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն