Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Սերժ Սարգսյանի ուղերձը «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին

Մարտ 23, 2013թ. 16:51

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմակերպած «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին, որում ասված է.

«Գիտաժողովի հարգելի՛ մասնակիցներ
Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հրատապ խնդիր է մեր հետագա անելիքներին, մասնավորապես աշխարհի տարբեր անկյուններում անցկացվելիք միջոցառումների օրակարգի մշակմանը, նաեւ բացթողումներին անդրադառնալը, որոնց վերացումը մեզ հնարավորություն կտա, առավել համապարփակ ու խորքային մոտեցում ցուցաբերելով, հավուր պատշաճի կազմակերպել Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված բազմաբնույթ միջոցառումները եւ դրանց միջազգային հնչեղություն տալ:
Հաջորդ տարի համայն մարդկությունը ոգեկոչելու է Առաջին աշխարհամարտի զոհերի հիշատակը եւ անդրադառնալու է մարդկությանը պատուհասած լայնամասշտաբ պատերազմի հետեւանքներին ու դասերին:

Ցավոք, այդ պատերազմի քողի տակ իրականացված զանգվածային սպանություններն ու ցեղասպանությունները, որպես այդպիսիք, մնացին անպատիժ, եւ հենց այստեղ պետք է փնտրենք նոր ու ծավալներով առավել ահարկու Երկրորդ աշխարհամարտի եւ Հոլոքոստի սարսափների ակունքներն ու ծագումնաբանությունը:

Ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը, ի հեճուկս աշխարհի երեսից իրեն ջնջել ցանկացող ոճրագործների ու նրանց գործը շարունակողների, կարողացավ ոտքի կանգնել, կերտել իր պետականությունը, ստեղծել ամուր ու հուսալի ազգային կառույցներ Սփյուռքում: Մեծ եղեռնի հարյուրամյակը սոսկ տարելից չէ. միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների անցկացումը մեզ հնարավորություն կտա ամբողջ աշխարհին ի ցույց դնել մեր միասնականությունն ու հաստատակամությունը` ցեղասպանության հետեւանքների վերացման հարցում ոչ միայն չընկրկելու, այլեւ հաջորդ սերունդներին պայքարի ու մաքառման նոր եղանակներ փոխանցելու առումներով:

Հայոց ցեղասպանության պատմությունը եւ դրա դասերը չեն առնչվում միայն հայ ժողովրդի պատմությանն ու հիշողությանը: Այն հավասարապես վերաբերում է նաեւ թուրքական պետության եւ թուրք ժողովրդի պատմությանն ու հիշողությանը, եւ այս տեսանկյունից մեզ համար ոգեւորիչ է, որ տասնամյակներ շարունակ անփոփոխ մնացած լռությունն ու ժխտողական կեցվածքն այլեւս տեղի են տալիս, եւ թուրք հասարակության առավել գիտակից հատվածն իր մեջ ուժ է գտել վերանայելու անցյալում տեղի ունեցած ողբերգության հանդեպ պարտադրված մոտեցումներն ու կեցվածքը, ավելին` նույնիսկ քննադատաբար մոտենալու պաշտոնական դիրքորոշմանը եւ ըմբոստանալու ժխտողականության նոր երեւույթների դեմ:

Մենք համոզված ենք, որ հայերի եւ թուրքերի ապագա սերունդներն անպայման գտնելու են համակեցության նոր բանաձեւը, եւ դրան հասնելու համար, անշուշտ, օգտակար է լինելու անցյալում գործած ոճրագործությունների հետեւանքների վերացման հարցում փոխգործակցությունը՝ որպես արդարության վերականգնման կարեւոր երաշխիք:

Այս գիտաժողովի արդյունքում ի մի բերված առաջարկություններն ու նկատառումներն անպայմանորեն հաշվի են առնվելու Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աշխատանքների ընթացքում, ուստի մեր հորդորն է՝ հնարավորինս բաց եւ անկաշկանդ քննարկումներ իրականացնել հետագա անելիքների ճշգրտման ու ռազմավարության որդեգրման առումներով»:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն