Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային գիտաժողովը

Մարտ 22, 2013թ. 15:57

Երևանում այսօր մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը:

Գիտաժողովի բացման խոսքում նշեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը, այն նպատակ է հետապնդում Մեծ Եղեռնի հարյուրամյակի նախօրեին քննարկումներ սկսել և եզրակացություններ տալ երեք հիմնական ուղղություններով տարվող աշխատանքներին:

Առաջինը՝ Հայոց ցեղասպանության գիտական ուսումնասիրության և թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հետագա հեռանկարներն ու ուղղությունները, երկրորդը՝ ժխտողականության դեմ արդյունավետ պայքար մղելու աշխատաեղանակներն ու հրամայականները և երրորդը՝ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների իրավահաջորդներին փոխհատուցման ու դրա հետ կապված խնդիրների իրավական հիմնավորումների քննարկում:

Ըստ զեկուցողի՝ ակնկալվում է, որ գիտաժողովը պետք է կարևոր հանգրվան հանդիսանա Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ շահեկան գիտական քննարկումների ու անհրաժեշտ հետևությունների համար, որի ընթացքում կձևակերպվեն հստակ եզրակացություններ ու առաջարկներ Հայոց ցեղասպանության տակավին չուսումնասիրված կամ նվազ ուսումնասիրված ոլորտների ուղղությամբ գիտական աշխատանքների իրականացման ու դրանց աջակցություն ցուցաբերելու համար:

Գիտաժողովի կազմակերպումը, որին իրենց մասնակցությունն են բերել Հայոց ցեղասպանության հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները, կարևոր ստուգատես կլինի 2015 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողովի անցկացման նախօրեին, ինչպես նաև կոչված է լրջորեն նպաստելու Հայոց ցեղասպանության ուսումնասիրության ոլորտում գիտական սերնդափոխության գործընթացին:

Գիտաժողովին մասնակցում են ոչ միայն հայտնի հայազգի պատմաբաններ, այլ նաև անվանի փորձագետներ, մասնավորապես՝ Վոլֆգանգ Գուստը և Թեսսա Հոֆմանը Գերմանիայից, Իսրայել Չառնին և Յաիր Աուրոն՝Իսրայելից, թուրք մտավորական Ռագըփ Զարակոլուն:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն