ՄԻ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԵՐԵՎՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Բոլորս էլ բողոքելու եւ դժգոհելու ընդունակություն եւ հնարավորություն ունենք: Մանավանդ հիմա պատճառներն ու առիթները շատացել են: Եվ ժողովրդավարական եւ իրավական պետության հասնելու մի միջոց է դարձել նաեւ բողոքելը:
Բողոքում ենք ազգովին, գյուղովի, թաղովի: Անշուշտ, իրավիճակն այնպիսին է, որ անհնար է անկնճիռ, անխոչընդոտ քայլափոխ, երբ գրեթե յուրաքանչյուր աթոռավոր ու կնիքավոր ոչ թե պետական ծառայող, այլ պետական պատուհաս է դարձել նույն այդ պետության քաղաքացու համար: «Դե նա էլ եկել է Իլյիչին»:
Մենք շուտ ոգեւորվում ենք, հետո թաղվում խոր հուսահատության մեջ: Հեքիաթներին հավատացող ժողովուրդ ենք` առանց լիովին ըմբռնելու դրանցում պարունակվող իմաստությունը: Հիշեք մեր անկախության տարիների քաղաքական հեքիաթների հերոսներին:
Ազատության հրապարակում, վերընտրված նախագահի հրաժարականի պահանջով, հացադուլ է հայտարարել եւ հանրահավաքների շարք է նախաձեռնել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս, բնականաբար, ունի կողմնակիցներ, որոնք սատարում են նրան։
Անշուշտ, անկարգություններ չկան, ինչպես նաեւ չկան անկարգություններ հրահրող կոչեր: Ամեն ինչ, ինչպես ասում են, սահմանադրության շրջանակներում է: Բայց հասունանում են անցանկալի այլ երեւույթներ:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ր.Հովհաննիսյանը համաժողովրդական լիդեր չէ, եւ նախագահի ընտրություններում նրան ձայն են տվել ոչ այնքան Հովհաննիսյանին նախագահի պաշտոնում տեսնել ցանկացողները, որքան ներկայիս իշխանություններից դժգոհները (վկա՝ խորհրդարանական ընտրություններում «Ժառանգության» ստացած ձայները):
Եվ «Ժառանգության» նախագահը իսկապես հայտնվել է դժվարագույն վիճակում, քանի որ ակամա ստանձնել է մի դեր, որին, ըստ մեզ, պատրաստ չէ: Բացի դրանից, նրա կողքին հայտնվել են մարդիկ, որոնք թաքուն, շատ թաքուն նորից են փորձում հնչեցնել հեղափոխության իրենց երգերը:
Հանրահավաքներից մեկում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, «հղում անելով» Ր.Հովհաննիսյանի թույլտվությանը, նշեց շարժման (նորից շարժում) առաջիկա անելիքները: Ամենակարեւորը ապրիլի 9-ին` նախագահի երդմնակալության օրը, Սերժ Սարգսյանին մենակ թողնելն է մարզահամերգայինի «խղճուկ» դահլիճում:
Նույն այդ օրը Հանրապետության հրապարակում պետք է հավաքվեն մարդիկ՝ կանանցով, երեխաներով, դհոլ-զուռնայով` ողջունելու «Հայաստանի չորրորդ նախագահ» Ր.Հովհաննիսյանին: Այդ օրը վերածննդի տոն է լինելու (Պան Գի Մունի ականջը չընկնի):
Այսինքն՝ մարզահամերգայինի խեղճ դահլիճում հավաքվածները եւ ընդհանրապես Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած քաղաքացիները այդ «ակցիայով» դառնում են ո՞չ հայ, ազգի դավաճա՞ն:
Այդ ո՞ր ապուշը կարող է իրեն իրավունք վերապահել հայտարարելու, որ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած հարյուր հազարավոր քաղաքացիները Հայաստանի բարգավաճում չեն ուզում, իրենց երեխաների ապագայի մասին չեն մտածում: Ազատության հրապարակից քիչ այն կողմ էլ, ասենք, Թումանյան-Մաշտոց խաչմերուկում, քաղաքացու իրավունքներ կան:
Բողոքելը դարձել է մարմաջ, իրականությունը սեփական հուն շրջելու միջոց. իրականում մարդիկ ժողովրդավարության մասնիկից վերածվում են ժողովրդավարության մանրէի, ընդ որում, սեփական նախաձեռնությամբ:













