Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան

«ԱՃԻ ՏԵՄՊԵՐԸ» ՆՎԱԶՈՒՄ ԵՆ

Մարտ 27, 2013թ. 16:20

Ավիկ ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ

Կառավարության վերջին նիստում վարչապետն անդրադարձավ Հայաստանի արդյունաբերության եւ շինարարության աճի տեմպերին
Մասնավորապես, շինարարության ոլորտի վերաբերյալ Տ.Սարգսյանը նշեց. «Մտահոգիչ է շինարարության ցուցանիշը. 2012 թվականին մենք առաջին անգամ կասեցրինք անկման միտումը շինարարության ոլորտում եւ արձանագրեցինք տարվա արդյունքներով կես տոկոսանոց աճ շինարարության ոլորտում: Հունվար-փետրվար ամիսներին մենք շինարարությունում արձանագրել ենք անկում` շուրջ 8 տոկոսային կետով, եւ հասկանալի է, որ 2013թ. տնտեսական աճի ցուցանիշն ապահովելու համար մեզ անհրաժեշտ է շինարարության ոլորտում իրականացնել պետական ծրագիր»:

Վարչապետի մտահոգությունը հասկանալի է, քանի որ շինարարության ոլորտի թվերը պիտի մտնեն տնտեսական աճի ընդհանուր ցուցանիշների մեջ: Անհասկանալին անիմաստ շինարարությունն է, մանավանդ՝ բնակարանային:

Տնտեսագիտական տարրական նորմերի համաձայն, միշտ պահանջարկն է պայմանավորում առաջարկը: Եթե այս տեսանկյունից նայենք Երեւանի բնակարանային շինարարությանը, ակնհայտ է, որ առաջարկն ավելի մեծ է, շատ ավելի մեծ: Պատահական չէ, որ վերջին հինգ տարիներին բնակարանների շուկայում առքուվաճառքի թիվը երկու հազարով նվազել է: Ասվածը չի նշանակում, որ բնակարանի կարիք ունեցողները մեզանում վերացել են: Վերացել են մատչելի բնակարանները:

ԽՍՀՄ տարիներին մարդիկ աշխատում էին, հետո «տուն էին ստանում» ու քեֆ-ուրախությամբ տեղափոխվում նոր բնակարան: Շուկայական կոչված հարաբերությունները ջնջեցին այդ հույսը: Տունը դարձավ ոչ միայն բնակվելու վայր, այլեւ գրավի միջոց: Վերջին միջոց վերջնական բնակարան գնալու ճանապարհին:

«Տուն ստանալ» արտահայտությունը պատմության գիրկն անցավ: Այն հայտնվում է միայն այն դեպքում, երբ մի մեծահարուստ, իր գովքը անելու նպատակով, տուն է նվիրում մի երջանիկ ընչազուրկի:
Իսկ աշխատավարձով բնակարան ձեռք բերելը մեր իրականությունից շա՜տ հեռու երեւույթ է, անհնարին մի բան:

Արդեն քանի տարի` մայրաքաղաքում հայտնվում են բազմաթիվ բարձրահարկեր, այսպես կոչված, էլիտար շենքեր, որոնք հասարակ մահկանացուներին անհասանելի են, իսկ «հատուկ» մահկանացուներն էլ արդեն բնակարանի կարիք չունեն. կամ դղյակ ունեն, կամ հինգ տուն:
Բնակարանի կարիք ունեցողներին եթե այդ բնակարանները նույնիսկ ձրի տան, չեն գնա, քանի որ դրանց միայն վարձավճարները հսկայական են` էլ անվտանգության ծառայություն, էլ էլիտար աղբահանություն, էլ ավտոկայանատեղի եւ այլն: Այսինքն՝ աշխատավարձով գոյատեւող մարդը դրանցում բնակվել չի կարող:
Այդ է պատճառը, որ էլիտար կոչվող շենքերի կեսը կամ երկու երրորդը բնակեցված չէ:
Պատկերացրեք շուկայում, ասենք, հազար դոլարով վաճառվող ծիրան եւ դրա շուրջը հավաքված ծիրան սիրող հազար անփող մարդ: Նույնն է. նայում են ու քրթմնջալով հեռանում:

Այսինքն՝ «շինարարության տեմպեր» ասվածը մեր իրականության մեջ խիստ հարաբերական է:
Եթե այդ շենքերը կառուցվում են, բայց հասարակության գերակշիռ մեծամասնությանը մատչելի չեն, ապա դրանց շինարարությունը դառնում է ինքնանպատակ: Դառնում է շինարարություն շինարարության համար: Ո՞ւմ ենք խաբում:

Այդ շենքերը աշխատանքով ապրող մարդուն չեն էլ հետաքրքրում: Շատերի միակ հույսը երեք սենյակը վաճառելն է, երկուսը գնելը, որ կարողանան ապրել: Այսինքն՝ նրանք անցնում են կառավարության ցուցանիշների կողքով` առանց հասկանալու, որ գոյատեւումից կարեւոր բաներ կան` պաշտոնական թվեր:
Բայց ոչինչ չի կարող կառուցվել ցուցանիշներ ապահովելու համար: Այս առումով էլ մենք, փաստորեն, առանձնահատուկ ենք: Նորմալ տրամաբանությամբ, շինարարությունը պետք է համապատասխանի քաղաքի աճի տեմպերին, ավելի ճիշտ՝ պիտի բխի դրանցից: Բայց եթե քաղաքը չի աճում, եթե չասենք ավելին, ի՞նչ ճակատագիր է սպասում այդ շինարարությանը:

Մեր խորին համոզմամբ, շինարարության ոլորտում իրականացվող պետական ծրագիրը պիտի ուղղվի բնակարանների մատչելիության ապահովմանը` համապատասխան մեխանիզմների մշակմամբ: Մանավանդ երիտասարդ ընտանիքների համար:
Այլապես կարող ենք խոսել միայն կառավարական շինաբանության մասին:


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն