Գլխավոր » Genocide, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն

ԺԱՄԱՆԱԿՆ Է ՀՍՏԱԿԵՑՆԵԼ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 6, 2013թ. 20:27

ՍասունյանԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Վերջին տարիներին հաճախակիացել են Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների կողմից տարբեր դատարաններ, մասնավորապես, ամերիկյան, ընդդեմ Թուրքիայի Հանրապետության ու թուրքական խոշոր բանկերի ներկայացվող հայցերը` Հայոց ցեղասպանության հետևանքով հայերից առգրավված գույքի, կալվածքների դիմաց փոխհատուցման պահանջով:

Անշուշտ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից անցումը իրավական հարթություն հայության գերխնդիրն է այսօր, սակայն հարց է առաջանում, այս կե՞րպ ենք պատկերացնում Հայ դատն ու հայոց պահանջատիրությունը, փոքր դատերով, հայոց ահռելի կորուստների դիմաց ընդամենը մի քանի միլիոն դոլար շահե՞լն է արդարացի փոխհատուցումը: Գուցե մի քանի միլիոննե՞րն են ոգևորում մեր հայրենակիցներին, այն դեպքում, երբ ցեղասպանության պատճառով մեր ժողովրդի կրած նյութական կորուստների արժեքն անցնում է միլիարդավոր դոլարների սահմանը: Իսկ հայրենիքի կորո՞ւստը:

Եվ վերջապես, մտավախություն չկա՞, որ նման գործընթացների արդյունքում Թուրքիան կարող է մի օր էլ հայտարարել, թե ինքն իր հասանելիքը տվել է հայերին ու հայոց պահանջատիրության հարցն այլևս փակված է:
Ամերիկյան դատարաններ ներկայացվող դատական հայցերին իր հրապարակումներում հաճախ անդրադարձող <Կալիֆոռնիա կուրիեր> պարբերականի գլխավոր խմբագիր ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց արտահայտված մտահոգությունը: <Անշուշտ, թուրքը փորձելու է մեզ խաբել` 10 մլն դոլար տալ մեկ հայի և այն համարել ցեղասպանության փոխհատուցում: Ու եթե մենք պետք է խաբվենք, ուրեմն մեղավորը ինքներս ենք>:

<ՙԿալիֆոռնիա կուրիեր>-ի գլխավոր խմբագրի փոխանցած տեղեկությունից պարզ դարձավ նաև հետևյալը: Օգտվելով հայերիս անկազմակերպվածությունից ու անհեռատեսությունից, իհայտ են եկել այլազգի անհատ իրավաբաններ, ովքեր գիտակցելով գործի շահավետությունը, փնտրել-գտնելով Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին` մինչ Հայոց ցեղասպանությունը Արևմտյան Հայաստանում տուն, հող, սեփականություն, գույք ունեցած անձանց, փորձում են գլուխ բերել իրենց փաստաբանական բիզնեսը: Նման դատերի միջոցով որոշակի գումարներ շահելու հեռանկարը պակաս չի ոգևորել նաև հայցվոր հայերին:

Տասնամյակներ շարունակ Արևմուտքը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ծառայեցրեց և շարունակում է ծառայեցնել իր քաղաքական, տնտեսական շահերին: Ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քաղաքական շոուն կլանեց ու կլանում է հայության ֆինանսական, մարդկային ռեսուրսները: Այսօր էլ փորձ է արվում բիզնեսի վերածել Հայոց ցեղասպանության պատճառով հայ ժողովրդի կրած մշակութային, հոգևոր, նյութական հսկայական կորուստների հատուցման պահանջը: Կիսելով մեր մտահոգությունները, Հ. Սասունյանը նկատում է` չենք կարող մեղադրել այդ օտարազգի փաստաբաններին, որոնք իրենց հաճախորդների դատը պաշտպանելով` փող են աշխատում, սակայն որպես ազգ, որպես պետություն ինքներս չզբաղվելով այդ կարևորագույն հարցով, այն թողել ենք ինչ-որ մարդկանց հույսին, դե, նրանք էլ վարվում են այնպես, ինչպես կամենում են: Իսկ եթե ուզում ենք, որ բիզնես շահերը մի կողմ մղվեն, որ վաղը թուրքերը մի քիչ փող տալով չասեն` վճարեցինք, հարցը փակվեց, ուրեմն, այսօր իսկ պետք է պետական մակարդակով կազմակերպենք մեր անելիքը. <չէ՞ որ այսօր պետություն ունենք, սփյուռքի մեջ հզոր կուսակցություններ ու հայտնի անձինք ունենք>:

Ու չնայած մեր ունեցած ներուժին, մեր անկազմակերպվածության, ոչ ճկուն դիվանագիտության հետևանքով առայսօր չենք կարողացել անգամ գլուխ բերել կարևորագույն հարցերից մեկը` անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումը աշխարհի տարբեր երկրների արխիվներից, որպեսզի հարկ եղած պահին կարողանանք մեր ազգային համընդհանուր պահանջատիրությունը կազմակերպված ու ծրագրված ներկայացնել միջազգային դատարան:

<Կալիֆոռնիա կուրիեր>-ի գլխավոր խմբագիրը կարծում է, որ նման աշխատանք հնարավոր է իրականացնել միայն իրավաբանական կենտրոնի ստեղծմամբ, ուր տարբեր լեզուներով կթարգմանվեն հավաքված փաստաթղթերը, կվարձվեն միջազգային իրավաբաններ, ովքեր մանրամասնորեն կուսումնասիրեն փաթեթն ու կորոշեն, թե միջազգային ո՞ր դատարանների միջոցով սկսել դատական գործընթացները: ՙՄենք միայն մասնագետների օգնությամբ պետք է պարզենք, թե ո՞ր հայցը միջազգային ո՞ր դատարանին պետք է ներկայացնել, որպեսզի շահող դուրս գանք, քանի որ յուրաքանչյուր դատարան ունի իր յուրահատուկ միսիան՚: Իսկ այս ամենն իրականացնելու համար առաջին հերթին պահանջվում է համախմբված, մասնագիտական աշխատանք, նաև անհրաժեշտ ֆինանսական ներդրումներ:

Ուժերի համախմբման մասին անվերջ խոսում ենք, սակայն գործնական հարթության մեջ քայլերը դեռ տեսանել չեն: Այս անգամ էլ ոչինչ չտվեց օրերս Հայաստանում կազմակերպված Հայոց ցեղասպանության հերթական գիտաժողովը. հնչեցին նույնաբովանդակ ելույթներ և ոչ մի գործնական առաջընթաց:

Գիտաժողովից խիստ դժգոհ Հարութ Սասունյանը նկատում է` հարցերն իրար էին խառնվել, մարդիկ կրկին խոսում էին, թե ինչ է կատարվել 1915-ին. <Դա մենք գիտենք ու կրկնելու կարիքը չկար, մեր հավաքվելու գլխավոր նպատակը չպետք է լիներ այդ մասին վերստին հիշեցնելը, այլ այն, թե ի՞նչ պետք է անենք 100 ամյակի նախաշեմին, ի՞նչ որոշումներ պետք է կայացնենք: Բայց այդ մասին շատ քիչ խոսվեց>:

Այս ամենից մտահոգ Սասունյանը հարց է հնչեցնում. հայերս` ՀՀ-ում և սփյուռքում, արդյոք լիովին գիտակցո՞ւմ ենք մեր ազգային շահը, ամեն ինչ անո՞ւմ ենք այն առաջ մղելու համար: ՙԵս դրան կասկածում եմ: Ցավոք, չարվածն ավելի շատ է, քան արվածը՚: Ժամանակն էլ իր հերթին է վկայում, որ հայրենազրկումից, մարդկային, մշակութային, նյութական ահռելի կորուստներ կրելուց 100 տարի անց էլ դեռ չենք կարողացել հստակեցնել մեր պահանջատիրության միասնական մարտավարությունը. <Այսօր դարձյալ լսում եմ նույն խոսակցություններ, թե պետք է հետապնդենք ցեղասպանության ճանաչման գործընթացը, 100 տարի դա ենք արել, ևս 100 տարի է՞լ պետք է նույնն անեք: Այդպես մենք կմնանք նույն ծուղակում: Պետք է հասկանանք` բա՜վ է, ճանաչման փուլն այլևս ավարտված է, ցեղասպանությունը փաստված է, այսօր մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները` հայ դատը մղելով իրավական հարթություն>:

Հասունացել է պահը. միջազգային ատյաններում հայոց պահանջատիրության բարձրաձայնումը դարձել է անխուսափելի քայլ, և հայերս պարտավոր ենք ինքներս տեր կանգնել մեր արդար դատին: <Մենք պետք է դատարանում փաստենք, որ մեր դեմ իրականացվել է ոճրագործություն, և դատարանի միջոցով հետ ստանանք այն ամենը, ինչ մեզնից խլել են թուրքերը` մեր հողերը, եկեղեցիները, կալվածքները, բանկային հաշիվները, իսկ զոհերի, կորսված կյանքերի դիմաց տան փոխհատուցում>:

Դիմելով ողջ հայությանը, ազգային խնդիրներով մտահոգ հայը հորդորում է խոսքից անցնել գործի ` ամեն հայ թող ոչ թե խոսքով մրցի, թե ինքը որքա՜ն հայրենասեր է, այլ գործով փաստի իր այդպիսին լինելը: <Եկեք նստենք, մտածենք, հստակեցնենք մեր շահը, ծրագրենք մեր ընթացքն ու իրականացնենք այն>:


Դիտել Genocide, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն