Գլխավոր » TOP, Հասարակություն

Ի՞ՆՉ ԱՆԵՆՔ` ԶԵՆՔԻ՞ ԴԻՄԵՆՔ. Մշակութային վանդալիզմը քրեորեն հետապնդելի արարք է

Ապրիլ 6, 2013թ. 20:02

փակ շուկա ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

Մշակութային վանդալիզմը քրեորեն հետապնդելի արարք է

Դեռ մեկ տարի առաջ ահազանգ հնչեցվեց, որ Երեւանի կենտրոնում հետեւողականորեն ոչնչացվում է հերթական մշակութային հուշարձանը` Մաշտոցի պողոտայի Ծածկած շուկայի շենքը: Հիշեցնենք, որ այն ընդգրկված է պետության կողմից պահպանվող պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում:

Մեկ տարի շարունակ տարբեր կազմակերպություններ` պետական ու հասարակական, բարձրաձայնում են, որ սեփականատեր Սամվել Ալեքսանյանը, խախտելով բոլոր օրենքները, առանց համապատասխան թույլտվության ու պատմամշակութային հուշարձանի վերակառուցման համար համապատասխան ատյաններում համաձայնեցված նախագծի, վերանորոգման անվան տակ ոչնչացնում է պատմական հուշարձանը:

Հարցը քննարկվեց նաեւ Հանրային խորհրդում, որը ջրի երես հանեց մի շարք փաստեր: Պարզվեց, որ Հայաստանում պետության պահպանության տակ գտնվող 25 հազար հուշարձաններից 6000-ը օտարված են, այսինքն՝ դրանք ունեն սեփականատերեր, որոնց հետ, սակայն, չեն կնքվել օրենքով պարտադիր պահպանական պարտավորագրեր:
Համաձայն դրանց, սեփականատերը ստանձնում է որոշակի պարտավորություններ` չկատարել որեւէ ճարտարապետական միջամտություն առանց թույլտվության:
Հանրային խորհուրդը դեռ մեկ տարի առաջ բարձրացրեց օրենքը խախտողներին պատասխանատվության ենթարկելու, շենքի քանդված հատվածները վերականգնելու, ընդհանուր տեսքը նույնությամբ պահպանելու հարցերը: Ու չնայած տարբեր ուղղություններով շարունակվող պայքարին` սեփականատեր Սամվել Ալեքսանյանն ավելի համառ գտնվեց. մշակութային կառույցի ավերը շարունակվում է առ այսօր:

Ճարտարապետների միության նախագահ ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ չնայած քաղաքապետարանի «ինչ-որ վարչության պետ» իրեն վստահեցրել էր, թե շուկայի շենքի վերանորոգման աշխատանքները դադարեցվել են, իսկ անօրինական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը տուգանվել (ընդ որում՝ երկու անգամ. մի դեպքում 1 մլն 200 000, մյուս դեպքում` 200 000 դրամով), սակայն դա իրականությանը չի համապատասխանում: «Ե՛վ տուգանում են, ե՛ւ թույլ տալիս, որ շարունակվի, ինչպե՞ս հասկանալ այս ամենը»,- իրավացիորեն տարակուսում է ճարտարապետը:
Եվ իրոք, իրողությունը բոլորովին այլ է. շուկայի քանդման աշխատանքները ոչ միայն չեն դադարեցվել, այլեւ հուշարձանի կեսն այս պահին այլեւս գոյություն չունի, փոխարենը վեր է բարձրացել անօրինական կառույցը` 4 հարկանի մի շինություն:

«Համոզված եմ, այս պահին էլ, երբ մենք զրուցում ենք, շինարարական աշխատանքները շարունակվում են: Ինձ ամեն օր նոր նկարներ են ցույց տալիս, թե իրականում ի՞նչ է կատարվում այնտեղ: Հուշարձանն ամբողջությամբ աղավաղված է»: Փաստորեն սեփականատերը, անտեսելով բոլոր որոշումները, շարունակում է գողեգող ավարտին հասցնել իր սեւ գործը:
«Մենք մեկ տարի է խոսում ենք, գրում ու բողոքում, բայց հարցը չի լուծվում, էլ ի՞նչ անենք` զենքի՞ դիմենք»:
Զենքի դիմելու փոխարեն կա առավել քաղաքակիրթ ճանապարհ, որն այս դեպքում իրավականն է: Մշակութային վանդալիզմը քրեորեն հետապնդելի արարք է, ընդ որում` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով: Կնշանակի, այլ բան չի մնում անել, քան քրեական պատասխանատվության ենթարկել շուկայի սեփականատիրոջը:
«Եթե Հայաստանն իրավական երկիր է, հարցը պետք է լուծում ստանա միայն իրավական հարթության մեջ»,- «Հայոց Աշխարհ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության հանձնաժողովի նախագահի տեղակալ Հրաչյա Պողոսյանը:

Ճարատարապետների միությունը մեկ ամիս առաջ որոշեց գնալ հենց ա՛յդ ճանապարհով. հերթական բաց նամակն ուղղելով դատախազությանը՝ պահանջեց քրեական պատասխանատվության ենթարկել սեփականատեր Սամվել Ալեքսանյանին: Սակայն ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին զարմացրել էր դատախազության պատասխան-նամակը, թե սեփականատիրոջը պատժելու, նրա դեմ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:

Հարց է առաջանում. այդ դեպքում ինչպե՞ս կանխել հանցագործությունը:
Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն իր հերթին տեղեկացրեց, թե երկու գերատեսչությունները` քաղաքապետարանն ու մշակույթի նախարարությունը, եւս դիմել են սեփականատիրոջն ու զգուշացրել, որ նախագիծը հաստատված չէ, դադարեցրե՛ք ապօրինի շենքի կառույցումը, բայց արի ու տես, որ «այդ մարդը չի բարեհաճում կատարել երկու գերատեսչությունների պահանջը, այսինքն՝ մերժում է անգամ պետության խոսքը»:

Նախօրեին քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամները ֆեյսբուքյան սոցիալական ցանցի միջոցով կրկին նամակ են ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ճարտարապետներին առավել մտահոգել է շուկայի սեփականատիրոջ ցուցադրական անհնազանդությունն ու այս ամենի հանդեպ պետական ատյանների թեւաթափ կեցվածքը: «Տպավորությունն այնպիսին է, կարծես սեփականատերը ապահովագրված է անպատժելիության զորավոր մուրհակով»,- գրված է նամակում:
Ճարտարապետները եւս համոզված են, որ այս զավեշտալի ներկայացմանը վերջակետ դնելու մի ճանապարհ կա` պատմաճարտարապետական հուշարձանի հետ կատարվածը որակել որպես մշակութային վանդալիզմ, սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ, նրանից պահանջել հուշարձանին հասցված վնասի հատուցում, ապա զրկել նրան գույքի նկատմամբ սեփականության իրավունքից:
Նամակի հեղինակ 15 ճարտարապետները քաղաքապետին հորդորում են, որ քրեական գործը հարուցի հանրային շահերը ներկայացնող ատյանը` քաղաքապետարանը: Նրանք համոզված են, որ Ծածկած շուկայի հանդեպ քաղաքապետ Տարոն Մարգարյանի անհանդուրժողական դիրքորոշումն անպայման իր արդյունքը կունենա:


Դիտել TOP, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն