Հայաստանում ապրում է 100 տարեկան և ավելի բարձր տարիքի 135 մարդ. ամենատարեցը 116 տարեկան է
Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Արդեն 16-րդ տարին է, ինչ այն նշվում է նաեւ Հայաստանում: Այսօր հանրապետությունում գործող տուն-ինտերնատներում անցկացվում են տոնական միջոցառումներ, իսկ երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա հանդիսավոր նիստ եւ համերգ:
Ինչպես մեր թղթակցին հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գեւորգյանը, հանրապետությունում գործում են 3 ոչ պետական եւ 4 պետական տուն-ինտերնատներ, որոնցում, ընդհանուր առմամբ, ապրում է 1100 տարեց:
Ըստ նրա, Հայաստանը դասվում է ծերացող երկրների շարքին, քանի որ հանրապետության բնակչության 13%-ը կամ մոտ 420 հազարը տարեցներ են, այսինքն` նրանց տարիքը 65-ից բարձր է: Հանրապետությունում բնակվող տարեցների ընդհանուր թվի շուրջ 10%-ը կամ 40 հազարը միայնակ են:
Ա. Գեւորգյանը նշեց նաեւ, որ Հայաստանում ապրում է 100 եւ ավելի բարձր տարիք ունեցող 135 մարդ: Նրանցից ամենատարեցը` Արարատում ապրող Օլգա Բարսեղյանը, 116 տարեկան է:
Նշվեց նաեւ, որ նախարարության Միայնակ տարեցների եւ հաշմանդամների սոցիալական սպասարկման հանրապետական կենտրոնը Երեւան քաղաքում տնային պայմաններում սպասարկում է 1500 միայնակ ծերերի եւ հաշմանդամների, իսկ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը` 4000 միայնակ տարեցների:












