Գլխավոր » TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն

ՆԻՍՏԻՑ ՀԵՏՈ ԳՆԱՑԵՔ ՎԵՐՆԻՍԱԺ

Ապրիլ 6, 2013թ. 20:58

ԾաղրանկարԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հայրենի կառավարությունը նիստ առ նիստ հաճելի անակնկալներ է մատուցում հայ հասարակության տարբեր շերտերի: Այդ շերտերը նաեւ ենթաշերտեր ունեն` տնանկ արվածներ, դեղին համարանիշերով տաքսիների միամիտ վարորդներ, համառորեն չմեռնող թոշակառուներ եւ ամենակարեւոր անկարեւորները` գործազուրկներ:
Բայց այս մարդիկ տեղյակ չեն, որ Աստծո ամեն հինգշաբթի Հանրապետության հրապարակին հարող շենքերից մեկում իրենց մասին կառավարական որոշումներ են ընդունվում, հանձնարարականներ են տրվում, եւ, ինչպես միշտ, կամ հավանության են արժանանում, կամ լրամշակման ուղարկվում: Իսկ այս անտեղյակները մնում են իրենց հոգսից կառչած` չհասկանալով, որ այն այլեւս գոյություն չունի:
Մեզ հիացրեց, որ վերջին նիստում «կառավարությունը, հիմք ընդունելով իր նախկին որոշումներից մեկով հավանության արժանացած ՀՀ զբաղվածության 2013-2018թթ. ռազմավարությունը, հավանություն է տվել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքի հայեցակարգին, որով առաջարկվում են զբաղվածության քաղաքականության մշակման եւ իրականացման մոտեցումներն ու մեխանիզմներն արտացոլող օրենքի հիմնադրույթները: Դրանցից են ճկունության հնարավորության ընձեռումը, աշխատանքի տեղավորման ծառայություն մատուցող ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակումը, մասնագիտական կողմնորոշման` որպես առանձին ծրագրի ամբողջացումը եւ հստակեցումը, նոր ծրագրերի փորձարկումը»:
Չվախենաք. կառավարական քննարկումների եւ որոշումների մառախուղը նորություն չէ, ավելին՝ այն նիստերի հիմնական «եղանակն է»: Բայց գոնե գործազրկությունը հաղթահարելու մասին որոշումները պիտի զերծ լինեն այդ մառախուղից:
Կառավարության պաշտոնական կայքից մեջբերման մեջ հասկանալու բան չկա. պետք է միայն խորասուզվել եւ տեսնել, թե ինչ ասել է «ճկունության հնարավորությունների ընձեռում»: Չես հասկանում` ո՞վ կամ ի՞նչը պետք է ճկուն լինի, որ գործազուրկը աշխատանք ունենա:
Մեզ հասած տեղեկություններով, բոլոր գործազուրկները կամ նրանց մեծ մասը ճկուն սպասում են աշխատանքի: Այնքան ճկուն, որ դարձել են ճկված: Այդ կերպ էլ գնում են Ռուսաստան ու այնտեղ նորից դառնում ճկուն:
Սա այն հարցն է, երբ կառավարության եւ գործազուրկների տեսակետները չեն համընկնում: Մարդիկ գործ են ուզում, որ աշխատեն, կառավարությունը չգիտես ում ճկունության մասին որոշումներ է ընդունում:
Եթե ցավալի չլինեին, զվարճալի կլինեին նաեւ «զբաղվածության քաղաքականության մշակման եւ իրականացման մեխանիզմները»:
Այս «մեխանիզմները» մեկն են` գործ, աշխատանք. քաղաքականությունը ինքնիրեն կմշակվի, բայց ցավն այն է, որ կառավարական մակարդակով այդ քաղաքականությունը միշտ սկսում է մշակվել միայն այն դեպքում, երբ մարդկանց համար աշխատանք չկա: Թեպետ այդ «մշակումը» ոմանց համար դարձյալ վարձատրվող աշխատանք է, բայց ընդհանուր գործազրկության հետ իրականում որեւէ կապ չունի:
«Ոչ պետական կազմակերպություններին ծրագրերի իրականացման պատվիրակում»:
Սրա իրականացման արդյունքն էլ հավանաբար պիտի լինի գործազուրկին աշխատանքով ապահովելը: Նման արտահայտություն, ճիշտն ասած, չէինք լսել. պատվիրելը գիտեինք: Բայց քանի որ խոսքը գոյություն չունեցող երեւույթի մասին է, կարելի է նաեւ պատվիրակել: Ի՞նչ տարբերություն:
Մեր համոզմամբ, մի երկու գործազուրկի էլ կարելի է պատվիրակել կառավարություն, որ ներկաներին պատվիրեն ծրագրեր մշակելու արանքում կոնկրետ գործողություններ ձեռնարկել աշխատատեղեր բացելու ուղղությամբ:
Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով հիշյալ խնդրին, ասել է. «Գաղտնիք չէ, որ Հայաստանի Հանրապետության համար մեկ խնդիրը աշխատանքի խնդիրն է, եւ մարդիկ մշտապես այդ հարցն են բարձրացնում, որ չկա աշխատատեղ, չկա աշխատանք: Եթե մենք ունենք 3000-ից ավելի թափուր հաստիք, ապա, մի կողմից, պարտավոր ենք ավելի ակտիվորեն այդ տեղեկությունը տեղ հասցնել, եւ երկրորդ` պետք է ներկայացնենք` ինչ հնարավորություն ենք տալիս վերապատրաստման համար»:
Մեզ թույլ տանք ասել, որ «տեղեկությունը տեղ հասցնելու» անհրաժեշտություն չկա, քանի որ «տեղերում» գտնվողները շատ լավ գիտեն իրերի դրությունը: Բայց շատ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ թափուր հաստիքներ են եւ որքան աշխատավարձով, որովհետեւ «պետական սեկտոր» ասածը մեզանում խիստ հարաբերական հասկացություն է:
Իսկ ինչ վերաբերում է սեփականագրպանված ոլորտներին, ապա դրանց տերերին հետաքրքրում են միայն բարետես արտաքինով, կյանքին թեթեւ նայող մինչեւ 30 տարեկան գործազուրկ կանայք եւ աղջիկներ:
Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի բնակչության շուրջ ութ տոկոսը գործազուրկ է: Սրանք այն մարդիկ են, որոնք պետականորեն գրանցվել են գործազուրկի կարգավիճակով: Իսկ ընդհանուր հաշվարկային թվերով, գործազուրկ է բնակչության մինչեւ քսան տոկոսը: Կառավարությանը չնեղացնելու համար կողմնորոշվենք տասնհինգ տոկոսով` Հայաստանի բնակչությունն ընդունելով 2,5 միլիոն: Ուրեմն, գործազուրկների թիվը կազմում է 350 հազարից ավելի:
Չենք կարծում, թե գործազուրկների այս հսկայական բանակը տեղյակ չէ 3000 թափուր հաստիքներից, բայց ի՞նչն է պատճառը, որ նրանց մեջ չգտնվեց 3000 աշխատել ցանկացող: Արդյոք միայն տեղեկացված չլինե՞լը:
Կառավարության նիստում վարչապետը խոսել է նաեւ գործազուրկ աշխատունակների վերապատրաստման ծրագրի, ինչպես նաեւ «ակտիվ զբաղվածության քաղաքականության» մասին. «Եթե մարդը լսում է, որ ինչ-որ մի մասնագիտության, օրինակ` խառատի թափուր տեղ կա, ինքն ասում է` ցավոք սրտի, ես խառատ չեմ: Բայց եթե զուգահեռաբար ասենք, որ պետությունն անվճար վերապատրաստում է ձեզ, եւ դուք կարող եք պետության այդ ծրագրից օգտվել, վերապատրաստվել եւ այդ աշխատատեղն ստանձնել, դա կնշանակի ավելի ակտիվ զբաղվածության քաղաքականություն իրականացնել»:
Ո՞ւմ համար է գաղտնիք, որ Հայաստանի արդյունաբերական հզորությունը բազմապատիկ նվազել է, եւ բանվորական շատ հարգի մասնագիտություններ ուղղակի վերացել են: Իզուր չէին մարդիկ հեգնում բանվորի արձանը ապամոնտաժելուց հետո` «Բանվոր կա՞, որ բանվորի արձան լինի: Վաղը համբալի արձան կդնեն»:
Իսկ վարչապետի` հատկապես խառատի մասնագիտությունը հիշելը հավանաբար խորհրդային կարոտախտի նշան է: Նշենք միայն, որ այս մասնագիտության տեր մարդիկ վերապատրաստվելու կարիք չունեն. նրանք նաեւ ձեռքերով են հիշում իրենց երբեմնի աշխատանքը:
Նիստից հետո գնացեք Վերնիսաժ եւ հարցրեք:


Դիտել TOP, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն