ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆ Է ՍԿՍՎՈՒՄ
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
-Ի՞նչ եք կարծում, ապրիլի 9-ից հետո ներքաղաքական կյանքը կմտնի՞ բնականոն հուն։
-Ապրիլի 9-ին ոչ թե կավարտվեն քաղաքական գործընթացները, այլ կթեւակոխեն մի նոր փուլ: Ցանկությունս է, որ քաղաքական երկու դերակատարները` նախագահ Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը, համագործակցեն ու գան փոխզիջման։ Ինչի միտումն արդեն նկատելի է:
-Րաֆֆի Հովհաննիսյանը չկարողացավ ներկայացնել հարցերի առաջնահերթությունը, ձեւավորել հանրությանը ընկալելի օրակարգ: Արդյոք նման լուրջ բացթողումները չե՞ն վտանգի ձեր կանխատեսած նոր փուլը:
-Համակարծիք չեմ ձեր դիտարկմանը: Նախ այն, ինչ այսօր կատարվում է մեզանում, նոր իրականություն է` նոր մարտավարությամբ ու նպատակներով: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյան գործչի կողմից այս նոր պայքարը տարվում է ճկուն, մտածված ու բարեկիրթ ձեւով: Եվ բոլորովին պարտադիր չէ, որ այդ գործընթացը նման լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ժամանակների գործընթացներին:
Ի՞նչ ասել է` չկա օրակարգ, կա հստակ ծրագիր` ունենալ արժանապատիվ Հայաստան եւ հասնել համազգային համաձայնության: Մարդիկ տագնապած ասում են` ի՞նչ է անելու Րաֆֆի Հովհաննիսյանը: Ես տեղյակ չեմ նրա խոհանոցին, բայց կարծում եմ, որ Հովհաննիսյանը նաեւ միտումնավոր չի ասում իր անելիքը, ի վերջո, քաղաքական գործիչը պարտավոր էլ չէ բացել իր մարտավարությունը: Խնդիրը նպատակին հասնելն է:
-Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած ՀՀՇ-ական նախկին գործիչներից մեկը, օրինակ, այսպես է պատկերացնում ապրիլի 9-ը` հավաքվելու ենք «ոչ» ասենք Ս.Սարգսյանի երդմնակալությանը, «այո»` Ր.Հովհաննիսյանին ու դրա համար հարկավոր է, որ հրապարակում շա՜տ մարդ լինի` ինչքան շատ, այնքան տպավորիչ:
-Սա ՀՀՇ-ի գործելաոճն է` միտինգ, ամբոխավարական ճառե՜ր, որը Հայաստանին փակուղի մտցրեց: Ու փառք Աստծո, որ այդ գործելակերպի վերջը գալիս է, այն իր դարն արդեն ապրել է:
Իսկ եթե նման միտք կարտահայտի որեւէ քաղաքագետ, ապա նրանից անպայման պահանջեք իր դիպլոմը: Դա ընդամենը տգիտություն է, այդպիսիք շփոթեցնում են ե՛ւ ընդդիմությանը, ե՛ւ իշխանությանը: Քաղաքականությունը միտինգում չի ձեւավորվում, դա «Ղարաբաղ» կոմիտեի ամբոխավարությունն էր, ասում էին` եկեք քվեարկենք, մի քանիսը ձեռք էին բարձրացնում ու հետո հայտարարում էին` ժողովուրդը ընդունեց այս բանաձեւը, բայց ո՞նց կարող է միտինգը բանաձեւ ընդունել:
Բացի դրանից, այսօր մարդիկ կարող են չգալ հրապարակ, փոխարենը տանը` համակարգչի միջոցով հետեւել գործընթացին: Ուրեմն գործ ունենք որակական փոփոխության հետ, եւ սա պետք է գնահատել: Այնպես որ կրիտիկական զանգվածի անհրաժեշտություն չկա: Ի վերջո, հանրապետության նախագահը հայ ժողովրդի առաջ պարտավորություն է ստանձնել փոփոխություններ իրականացնելու, եւ առանց կրիտիկական զանգվածի ներկայության իր խոստումը կատարելու է:
Մյուս կողմից՝ սա ֆիասկո ապրած քաղաքական ուժի ներկայացուցչի խոսք է: Ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերը խորը հիասթափություն են ապրում: Հիշեք, թե ինչ էին հայտարարում նախընտրական շրջանում, թե մրցակցային պայքար չի լինի, ընտրությունների ելքը կանխորոշված է։ Ու քանի որ ընտրություններին չմասնակցած քաղաքական ուժերի ղեկավարության ոչ մի կանխատեսում չիրականացավ, ես նրանց առաջարկում եմ գնալ թոշակի:
Իսկ այսօր նոր ընդդիմության ձեւավորման շրջան է սկսվում: Մինչդեռ ֆիասկո ապրածները տառապում են նախանձի զգացողությամբ, մտածում են` գիշեր-ցերեկ չարչարվել են, փորձել տարիներով իմիջ ձեւավորել, բայց այսօր իրենք չեն ժողովրդի ձայնը կրողը, ու դրա համար կողքից մուտիլովկաներ են անում, փորձում իրենց տեղը գտնել: Նկատելի է նաեւ, որ սրանք վերադարձ են ուզում, վրեժ ունեն լուծելու:
Այնպես որ պետք է սրանց անտեսենք ու տեսնենք, թե ի՞նչ է անում հանրապետության գլխավոր դերակատար նախագահ Ս.Սարգսյանն ու հիմնական գործող ֆիգուր Ր.Հովհաննիսյանը: Կարծում եմ, որ Հովհաննիսյանն այնքան բանականություն կունենա, որ կեղծն ու անկեղծն իրարից կտարանջատի: Իսկ նախագահը, որին հատուկ է սառը դատողությունը, ճիշտ եզրակացությունների կհանգի: Եվ մեկմեկու հասկանալով` կկարողանան սինթեզել երկուստեք առկա պահանջները, նպատակներն ու առաջ տանել մեր երկիրը:
-Եթե ոչ երկխոսություն, ապա էլ ի՞նչ. այս գիտակցմամբ հասարակությունը դեռ սպասում է Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպմանը: Բայց միաժամանակ հասկանալի չէ, թե երկխոսությունն ի՞նչ օրակարգ պետք է ունենա եւ ի՞նչ նպատակի շուրջ ծավալվի:
-Իրավիճակը ես այսպես եմ պատկերացնում. մարդիկ ձայն են տվել ու սպասում են, թե քաղաքական լիդերներն ի՞նչ են անելու: Նրանց գործողությունները մինչ այսօր չեն հանգեցրել բախումների, ինձ թվում է, որ կկայանա նաեւ սպասված երկխոսությունը, քանի որ երկուստեք կա պատասխանատվության հստակ գիտակցում:
Կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը որպես հանրապետության նախագահ կգնա համագործակցության երկրորդ դերակատարի հետ. կնստեն, կճշգրտեն քաղաքական օրակարգը, ստրատեգիական հարցերը, կմշակեն համատեղ ծրագիր, որը կներկայացնեն ժողովրդի դատին:
Եվ շատ կարեւոր է, որ այդ ծրագիրն իրականանա գիտակ գործիչների միջոցով: Սա կլինի ազգային-դեմոկրատական հեղափոխության իսկական դրսեւորում, որը իրականացվում է բախումներից խուսանավելու մարտավարությամբ:
Ի դեպ, երկխոսությունն ու համատեղ ծրագրի մշակումը պետք է լինի հանգիստ, մեկուսացված միջավայրում` Հայաստանի ներկայի ու ապագայի մտահոգությամբ, եւ ոչ թե միտինգներում: Չմոռանանք, միտինգավորների շարքերում կան ե՛ւ պրովոկատորներ, ե՛ւ նեղացածներ: Նաեւ չպետք է անտեսենք այն, որ Հայաստանում կա մարդկանց մի զանգված, որին ձեռնտու չէ իշխանություն-ընդդիմություն համաձայնությունը, գուցե այն ձեռնտու չէ նաեւ արտաքին ուժերին:
Բայց այս ամենը չպետք է խանգարի երկու կողմերին` գիտակցել Հայաստանի կենսական շահն ու ձեռնամուխ լինել Հայաստանի վերածննդին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












