ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ
Առաջին հայացքից քաղաքականությունը եւ բանաստեղծությունը իրարից շատ հեռու երեւույթներ են. մանավանդ մեր իրականության մեջ առաջինը տաղանդ ու օժտվածություն չի պահանջում: Բայց միայն առաջին հայացքից, քանի որ հայ քաղաքական մտքի ասպարեզում ամեն ինչ երեւում է երկրորդ եւ հատկապես երրորդ հայացքից:
Երրորդ հայացքից մեզանում, եթե կուզեք, քաղաքականությունն ու գրականությունը նույնիսկ փոխադարձ ներթափանցումներ ունեն: Դրա վկայությունը չէ՞ այն, որ իր մարզային, հուսանք վերջին, այցելությունների ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Ր.Հովհաննիսյանը պարբերաբար կարեւորում է հայ ընտանիքների երեխայի կոշիկը:
Այսինքն՝ ցայտուն է Չարենցի հայտնի բալլադի ներթափանցումը քաղաքական ոլորտ: Տարբերությունն այն է միայն, որ մուժիկը Իլյիչից էր կոշիկ ուզում, իսկ մեր քաղաքական գործիչը` ոչ մեկից: Ուղղակի հայ ընտանիքները պետք է ապահովված լինեն:
Ընդհանրապես Հայաստանում ամենուր զգացվում է, որ դարավոր մշակույթ ունենք, հատկապես բանաստեղծական հակումներ:
Նախագահի նախկին թեկնածու Հրանտ Բագրատյանի կարգախոսի համաձայն, եթե «Ընդամենը 100 քայլ» հետ գնանք, դարձյալ կհանդիպենք խոհափիլիսոփայական ներշնչանքով հագեցած մի ուրիշ ճշմարտության, որ, ի հեճուկս հոգեւոր սպասավորների, տեսել էր մեկ այլ նախկին թեկնածու` «Վերեւում Աստված կա»:
Այստեղ էլ ակնհայտ է Նարեկացու «Մատյանի» ազդեցությունը: Թեեւ Նարեկացին, Աստծո տեղն իմանալով, միայն աղոթում էր եւ մեղքերի թողություն խնդրում: Բայց դե բոլոր ժամանակների մեր հանճարը քաղաքական գործիչ չէր, իսկ էպոսը դեռ ձեւավորվում էր: Ուստի տեղյակ էլ չէր, որ «Հնարավոր է»:
Բայց, փաստորեն, ամեն ինչ հնարավոր է, այն էլ տասը դար հետո: Այդ ընթացքում միտքն ավելի ճկուն է դառնում ու սուր: Մուսաները օրուդադար չեն տալիս քաղաքական գործիչներին. պոեմներ են, որ հյուսվում են, գրական-քաղաքական հոսանքներ են, որ միախառնվում են, կատակերգություններ են, որ հորինվում են:
Հիմա մեր քաղաքական ուժերի ստեղծագործական մտքի, ինչպես ընդունված է ասել, թիրախը Երեւանն է:
Մայիսի 5-ին մայրաքաղաքի ավագանու ընտրություններն են: Այս կապակցությամբ ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը մի անօրինակ ջերմեռանդությամբ լծվել են «ներս մտնելու» գործին: Երբ ծանոթացանք այդ քաղաքական ուժերի նախաքարոզչական կարգախոսներին, ուրախացանք, որ Պառնասը դատարկ չէ, որ դեռ կենսունակ են հայ բանաստեղծության դարավոր ավանդույթները: Այդ կարգախոսներից մի քանիսը այնպիսի քնարականությամբ են ուղղված Երեւանին, որ դրանց չի կարող դիմակայել նույնիսկ ոչ մի կին:
«Ժառանգություն» կուսակցությունը, բնականաբար, նախ սիրալիր բարեւել է Երեւանին «Բարեւ, Երեւան» կարգախոսով: Մնացած խոսակցությունը, հավանաբար, հետաձգել է մինչեւ ընտրություններին հաջորդող շրջան: Ի դեպ, այս «բարեւի» մեջ մեծ խորհուրդ կա, նաեւ զիջողամտություն, քանի որ ապրիլի 9-ի «երդմնակալության» արարողությունից հետո ողջույնի նշանակությունը կհազարապատկվի: Մայրաքաղաքն էլ կցնցվի. այդ ո՞ւմ բարեւն էր, որ անպատասխան մնաց:
ՀՅԴ-ն հորդորել է մայրաքաղաքին փոխել Հայաստանը: Կուսակցությունը ժամկետներ չի նշել, բայց «Երեւան, փոխիր Հայաստանը» կարգախոսը ՀՅԴ-ի նպատակների վերաբերյալ կասկածներ չի թողնում: Մնաց Հայաստանը փոխելու վերաբերյալ Երեւանի կարծիքը. եթե փոխի, ո՞ր պետության մայրաքաղաքը դառնա: Այսինքն՝ գործ ունենք իրականության բանաստեղծական ընկալման հետ:
ԲՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրությունների առիթով վերադարձել է քաղաքական Հայաստան եւ սպառնագին մի ուղերձ հղել, որի անունն է` «Սկսենք Երեւանից»: «Փոխելու ենք»: Այս կուսակցությունն էլ կոնկրետ չի նշում, թե հատկապես ինչն է ուզում փոխել` Երեւանից սկսած: «Փոխելու» հատվածում թերեւս հնարավոր լինի ԲՀԿ-ի եւ «Ժառանգության» համագործակցությունը, քանի որ «հնարավոր է»:
ՀՀԿ-ն «Ավելի լավ Երեւան» է խոստանում: Ասենք, որ համեմատությունը լեզվի պատկերավորման միջոցներից մեկն է, որը շատ հաճախ գործածվում է բանաստեղծական խոսքում: Այն ունի երեք բաղադրիչ. համեմատվողները եւ այն հատկանիշը, որի հիման վրա կատարվում է համեմատությունը: Այսօրվա Երեւանի եւ «ավելի լավ Երեւանի» տարբերությունը կարող է լինել քաղաքային մասշտաբի անհաջող ղեկավարների փոխարինումը եւ հաճախ անճոռնի շինարարության կասեցումը: Նաեւ Երեւանում գտնվող ճարտարապետական հուշարձանները այս ու այն այլակերպի հոշոտումից փրկելը:
Երկար մտորումներից հետո հետաքրքիր նախաձեռնողականությամբ է հանդես եկել ՕԵԿ-ը` «Մենք կարող ենք ավելին»: Այսինքն՝ եթե համեմատում ենք ավելի լավ Երեւան խոստացող ՀՀԿ-ի կարգախոսի հետ, ՕԵԿ-ն առաջարկում է շատ ավելի լավ Երեւան:
ՀԱԿ-ը հանդես է եկել մի կարգախոսով, որ ամեն ինչի հետ կապ ունի, բացի երեւանցիներից` «Իշխանությունը քաղաքացուն»: Նման կարգախոսով կարելի է առաջնորդել նաեւ Կոնգոյի հայրենասերներին եւ անմիջապես տեղափոխվել հարեւան երկրի հեղափոխականների մոտ:
«Ժառանգություն»-Բարեւ, Երեւան:
Երեւան-Հազար բարի: Ի՞նչ եք ուզում:
«Ժառանգություն»-Բարեւ, Երեւան:
Երեւան-Ուրի՞շ:
ՀՀԿ-Ավելի լավ Երեւան:
ՀՅԴ-Երեւան, Փոխիր Հայաստանը:
Երեւան-Ինչի՞, ո՞ւր գնամ:
ԲՀԿ-Սկսենք Երեւանից: Փոխելու ենք:
Երեւան-էս ինչ փորձանք եկավ գլխիս:
ՕԵԿ-Մենք կարող ենք ավելին:













