Գլխավոր » NKR, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան

ՊՈԼՍՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՆ ԱՆՏԵՍԵՑ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԸ

Ապրիլ 12, 2013թ. 12:54

Պոլսո Հայոց պատրիարքարանը վշտացրեց բազմաթիվ հայերի Թուրքիայում եւ ամբողջ աշխարհում, երբ չկամեցավ Զատկի տոնի առթիվ հոգեւորական ուղարկել Տիգրանակերտում (Դիարբեքիր) վերջերս վերանորոգված Սուրբ Կիրակոս եկեղեցում Սուրբ պատարագ մատուցելու համար:

Սուրբ Կիրակոսը սովորական հայկական եկեղեցի չէ. այն իր յոթ խորաններով եւ երեք հազար հավատացյալներ ընդունելու կարողությամբ Մերձավոր Արեւելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է: Եկեղեցու զանգակատունն ավերվել է 1915 թվականի մայիսի 28-ին թուրքական հրետանու կողմից, քանի որ ավելի բարձր էր, քան մոտակա մզկիթների մինարեթները: Թուրք զինվորները բարձրաստիճան եպիսկոպոսական փոխանորդ Մկրտիչ վարդապետ Չլղաթյանին ստիպեցին հետեւել զանգակատան ոչնչացմանը՝ քարշ տալով նրան դեպի նահատակություն:

Սուրբ Կիրակոսը մինչեւ 1980-ական թվականները զարմանալիորեն մնացել էր որպես գործող եկեղեցի տեղական քահանայով, որն ամբողջ տարին կանոնավոր եկեղեցական արարողություններ էր կատարում: Երբ Հայոց ցեղասպանությունից փրկվածների վերջին մի քանի ժառանգները հեռացան քաղաքից, եկեղեցին հայտնվեց անմխիթար եւ լքված վիճակում:

Նախկին տիգրանակերտցիները, որոնք վերաբնակվել էին Ստամբուլում, վերջին տարիներին հիմնեցին «Սուրբ Կիրակոս» հիմնադրամը, որը վերանորոգեց եկեղեցին 3,2 միլիոն դոլար գումարով: Գումարի երկու երրորդը հանգանակեցին Ստամբուլի, Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հայերը: Մնացած մեկ երրորդը տրամադրեց Դիարբեքիրի քրդական քաղաքային իշխանությունը, որը մեծապես աջակցում է տեղի հայկական նախաձեռնություններին:
Ի տխրություն Սուրբ Կիրակոսի ծխականների, նրանք զրկվեցին Սուրբ Զատկի ժամերգությունից, քանի որ Հայոց պատրիարքարանը տեղեկացրեց, որ չի կարող հոգեւորական ուղարկել Պատարագ մատուցելու համար: Նրանց ասացին, որ Պատրիարքարանի 23 հոգեւորականներից ոչ մեկը չի կարող գալ, քանի որ նրանք պետք է իրենց պարտականությունները կատարեն Ստամբուլում գործող երկու տասնյակից ավելի եկեղեցիներում, սակայն խոստացան, որ քահանան կժամանի Տիգրանակերտ հաջորդ կիրակի՝ Զատկից հետո:

Սուրբ Կիրակոսի ծխականները մեծապես հիասթափվեցին, քանի որ վերջերս էին տեղադրել եկեղեցու նոր զանգերը՝ մեծ ծախսերի ու ջանքերի շնորհիվ ձեռք բերելով Մոսկվայից: Գրեթե 100 տարի անց, Սուրբ Զատկի օրը նրանք ստիպված էին այդ զանգերն առաջին անգամ հնչեցնել առանց ծիսական արարողություն իրականացնող հոգեւորականի ներկայության: Այսուհանդերձ hավատացյալները, եկեղեցու վեհությամբ ներշնչված, մոմեր վառեցին եւ աղոթք կարդացին՝ տեղի հայոց լեզվի ուսուցիչ Գեւորգ Ֆիքրիի աջակցությամբ:

Չի երեւում, որ Հայոց պատրիարքարանը գոնե մտահոգված է Սուրբ Զատկի տոնակատարության առթիվ Տիգրանակերտ հոգեւորական չուղարկելու իր աններելի բացթողման համար, անգամ թուրքական մի շարք թերթերի, այդ թվում՝ «Հուրիեթի» եւ «Ռադիկալի» էջերում նրա անընդունելի վարքագծի վերաբերյալ ամոթալի մանրամասներ լայնորեն լուսաբանելուց հետո:

Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի բացակայության ընթացքում, որը անբուժելի հիվանդության պատճառով մի քանի տարի հիվանդանոցում է, պատրիարքարանի գործերը վարում է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Նա պետք է հոգեւորական նշանակեր Տիգրանակերտում ոչ միայն Սուրբ Զատկի օրը, այլեւ ամբողջ տարին ծառայելու համար: Նա պետք է նաեւ ամեն տեսակ աջակցություն ցուցաբերի իսլամացած եւ թրքացած բազմաթիվ հայերի, որոնք վերջերս վերանորոգված եկեղեցի են գալիս մկրտվելու խնդրանքով:
Էլ ավելի մտահոգիչ է, որ Արամ սրբազանը քանիցս քննադատական ակնարկներ է արել սփյուռքահայերի հասցեին, որոնք Թուրքիայի կառավարությունից պահանջում են Պոլսո Հայոց պատրիարքարանին վերադարձնել բռնագրավված ավելի քան 2500 հայկական եկեղեցիները: Նա բազմիցս պնդել է, որ Պատրիարքարանը ոչ միջոցներ, ոչ էլ հոգեւորականներ ունի այդ եկեղեցիները վերանորոգելու եւ գործարկելու համար:

Սրբազան Աթեշյանը չի հասկանում, որ առաջին հերթին պետք է ապահովել եկեղեցական կառույցների վերադարձը եւ հետո միայն մտածել դրանց վերանորոգման մասին: Անկախ նրանից՝ Պոլսո պատրիարքարանն ունի այդ միջոցները թե ոչ, հայ ժողովուրդն իրավունք ունի վերադարձնելու իր եկեղեցիները:
Բացի դրանից, բռնագրավված հայկական շատ եկեղեցիների են պատկանում հարակից տարածքներն ու շինությունները, որոնք կարող են անհրաժեշտ եկամուտ ապահովել այդ ծխերը վերանորոգելու եւ գործարկելու համար:

Հաշվի առնելով, որ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ամենեւին էլ ոգեւորված չէ հայկական եկեղեցիները Պատրիարքարանին վերադարձնելու խնդրով, զարմանալի չէ, որ, թեեւ ծագումով լինելով Տիգրանակերտից, ոչ մի ջանք չգործադրեց Սուրբ Կիրակոս եկեղեցին Սուրբ Զատկի առթիվ հոգեւորականով ապահովելու համար: Հետաքրքիր է, նա թուրքական ճնշմա՞ն է ենթարկվում՝ խոչընդոտելու համար ազգային եւ կրոնական զարթոնքի նորածին շարժումը Տիգրանակերտի հայերի շրջանում:

Հակառակ պարագայում, նախապես միջոցառումներ ձեռնարկելով՝ դյուրին կլիներ հոգեւորական ուղարկել Ստամբուլից, Հայաստանից, Լիբանանից, Երուսաղեմից, Եվրոպայից կամ էլ Միացյալ Նահանգներից:
Շատ ցավալի է, որ իսլամացած եւ թրքացած հայերը պետք է հակադրվեն Հայոց պատրիարքարանին՝ միաժամանակ պայքարելով Թուրքիայի կառավարության դեմ իրենց էթնիկ եւ կրոնական արմատներին վերադառնալու եւ իրենց ոտնահարված իրավունքներն ու բռնազավթված ունեցվածքը վերադարձնելու համար:
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր


Դիտել NKR, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն