ՕՃԱՌԻ ՊՂՊՋԱԿՆԵՐ ԵՎ ԲԱՐՁՐ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Վաղը Երեւանում անցկացվելու է պղպջակների տոն, ընդ որում, մի հանճարեղ խորագրով` «Մի սպասեք կատարյալ պահի, վերցրեք պահը եւ այն դարձրեք կատարյալ»:
Բանից անտեղյակ ընթերցողներին ասենք, որ տոնը նվիրված է օճառի պղպջակներին, որոնք գոյանում եւ օդում խաղում են փչելով: Փոքրիկ հարմարանքը պահում են բերանի առաջ եւ երազկոտ հայացքով մեղմ փչում. գոյանում են ծիածանագույն զանազան պղպջակներ, որոնք աչք են շոյում եւ առաջացնում ուրախ տրամադրություն:
Երեխաները սիրում են այս խաղը, մանավանդ երբ պղպջակներ են բաց թողնում շենքերի պատուհաններից. բայց ոչ այն պատճառով, որ այդպես ավելի գեղեցիկ է կաթում տակով անցնողի գլխին, այլ այն, որ ծնողներն ասում են` տունը չկեղտոտես, փչի դուրս:
Պղպջակների հանդեպ այս հանրային ուշադրությունը ցույց է տալիս, որ վերջապես գիտակցվել ու կարեւորվել են պղպջակների դերն ու նշանակությունը հայ իրականության մեջ, եւ պղպջակներ բաց թողնելը մանկական խաղից վերածվել է համազգային տոնի եւ, առանց սեռ ու տարիք հարցնելու, հասարակական-քաղաքական կյանքի բաղադրիչի:
Սրա խոր գիտակցությամբ է, հավանաբար, առաջնորդվել տոնը նախաձեռնողը` «Ֆլաս Մոբարմենիա» ընկերությունը, որը հեռատեսորեն նշել է, որ տարիքային սահմանափակում չկա. տոնին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն օճառի պղպջակներ եւ բարձր տրամադրություն:
Ընտրված հիանալի խորագիրը նույնպես վկայում է, որ գիտակցված է այլեւս այս տոնի հասարակական-քաղաքական նշանակությունը:
Անշուշտ, չպետք է սպասել կատարյալ պահի. այն պետք է դարձնել կատարյալ: Ինչպե՞ս: Օճառով կամ, ինչպես շատերն են սիրով օգտագործում, սապոնով: Օճառը հո միայն լվացվելու համար չէ՞: Այն էլ մեր ժամանակներում, երբ լվացվելու համար հազարումի զիբիլ կա, իսկ օճառը…
Ճիշտ այնպես, ինչպես հիմա օճառվելը երբեք չի նշանակում լողանալ-մաքրվել, այլ նշանակում է ապագա պաշտոնի հավաստի միջոց: Դու օճառվում ես, քեզ փչում են, եւ դու դառնում ես ընտիր հագուկապով պղպջակ:
Տոնի կազմակերպիչները մի հարցում վրիպել են, որ պղպջակների տոնին անձամբ չեն հրավիրել պետական բազմաթիվ պաշտոնյաների, օրենսդիր մարմնի որոշ ներկայացուցիչների: Դա նրանց ինքնաճանաչողության համար կունենար մեծ նշանակություն: Օճառի փրփուրից մինչեւ պղպջակ ճանապարհին հետեւելիս նրանք թերեւս կհիշեին իրենց կենսագրության երանելի դրվագները: Վերջն է միայն տխուր. դրանք պայթում են եւ կաթում գետնին:
Այսինքն՝ վաղը ինչ-որ առումով նաեւ մասնագիտական տոն է:
Սակայն մեզ միաժամանակ զայրացնում է այն, որ պղպջակների համաժողովրդական տոնը դուրս է մնացել պետական-պաշտոնական պղպջակների ուշադրությունից: Այն չի ներառվել նաեւ Հայաստանի պետական տոնացույցում:
Նման կարեւոր տոն եւ այսպիսի անշուք նախապատրաստություն: Պատճառն այն է, որ կազմակերպչական այդ ահռելի աշխատանքը թողնվել է ընդամենը մեկ ընկերության ուսերին:
Մեր խորին համոզմամբ, անհրաժեշտ էր ստեղծել ժամանակավոր կառավարական հանձնաժողով` պղպջակների տոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար, քաղաքապետարանին հանձնարարել քաղաքը զարդարել օճառի գովազդներով եւ մի քանի կարկառուն պղպջակների վահանակներով: Եղածները ակնհայտորեն չեն արտացոլում պղպջակի իրական արժեքը:
Ըստ կազմակերպիչների, մասնակիցները «պղպջակներ բաց թողնելու գործընթացը սկսելու են ժամը 15։00-ին Թումանյան փողոցից, անցնեն Հյուսիսային պողոտայով` հասնելով Աբովյան փողոց»:
Դե հիմա պատկերացրեք, թե որքա՜ն բովանդակալից միջոցառումներ կարելի էր անցկացնել այս նշանակալից տոնի կապակցությամբ, որոնցով այն իսկապես կդառնար ժողովրդի ամենասիրած տոներից մեկը: Այդ միջոցառումների թագն ու պսակը կդառնար պղպջակներ բաց թողնողների շքերթը, ասենք, Հյուսիսային պողոտայով: Համոզված ենք` պողոտայի անբնակիչ շենքերի պատուհանների մոտ այնքան մարդ կխռնվեր` դիտելու այդ անօրինակ հրաշքը, որ Հյուսիսային պողոտան երբեք չի տեսնելու:
Շքերթն ավելի գունագեղ ու շքեղ դարձնելու համար կարելի էր նույնիսկ գունավորել պղպջակները, եւ յուրաքանչյուր տոնական շարասյուն Հյուսիսային պողոտան անցներ` միագույն պղպջակներ բաց թողնելով:
Եթե մեզ հանձնարարվեր շքերթի կազմակերպումը, ապա մենք այն կսկսեինք Հյուսիսային պողոտայի սկզբնամասում տեղադրված մի աթոռի վրա մեկին կանգնեցնելով, որն ունենար միաժամանակ բազմագույն պղպջակներ բաց թողնելու ունակություն: Դա նաեւ կխորհրդանշեր առաջիկա իրադարձությունները:
Առաջինը, բնականաբար, պղպջակներ բաց թողնելով, Հյուսիսային պողոտայով կանցներ ԱԺ պատվիրակությունը` խմբակցությունների ղեկավարների գլխավորությամբ: Պատվիրակության գլխին կծփային կարմիր պղպջակները` միայն մեկ ծիրանագույն բացառությամբ:
ԱԺ պատվիրակությանը անթույլատրելի մոտ հեռավորությամբ, իրենց սեւ պղպջակները բաց թողնելով, Հյուսիսային պողոտայով կանցնեին ժամանակավոր կառավարության անդամները: Շքերթի կազմակերպիչը, ամենայն հավանականությամբ, նրանց դիտողություն կաներ, որ գլուխը կախ` պղպջակներ բաց թողնել չի կարելի. տոն է, վերջապես:
Ենթադրելի է նաեւ, որ այդ պահին տոնական շքերթը փորձեին խանգարել ինչ-որ անհայտ անձինք, որոնք փորձեին իրենց անհայտ ծագման պղպջակները պայթեցնել ժամանակավոր կառավարության անդամների շորերին:
Հանդիսատես ժողովուրդը կուրախանար այնպես, ինչպես ուրախացել է… չէ, այդպես երբեք չի ուրախացել: Եվ քանի որ ամեն ինչ սկսվում է Երեւանում, եւ քանի որ պղպջակներ բաց թողնելու «գործընթացի» հայրենիքը եւս Երեւանն է, պղպջակներ բաց թողնողների շքերթին չմասնակցել չէին կարող նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների գնացող ուժերը, մանավանդ որոշները վաղուց հմտացել են պղպջակներ բաց թողնելու մեջ:Հաջոդ օրը մոլորված են մնալու միայն Հյուսիսային պողոտան մաքրող տիկնայք. լվացքի հոտ, բայց ավելի շատ կեղտ:













