Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՃԱՆԱՉՈՒՄՆԵՐԻ ՇՂԹԱՆ
Արեւմտյան քաղաքական միտքը դեռ 60-ականներից վարում է Օսմանյան Թուրքիայի կողմից հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության փաստը մոռացության մատնելու, հայոց պահանջատիրության գործընթացին խոչընդոտելու, դրանով իսկ Հայկական հարցը վերջնականապես փակելու ծրագրված քաղաքականություն:
Սակայն Արեւմուտքին մշտապես կաշկանդել է Հայոց ցեղասպանության իրողությունը հաստատող բազմաթիվ վավերագրերի, իրավական փաստաթղթերի գոյությունը՝ վերջինիս թույլ չտալով բացահայտորեն հերքելու կատարված ոճիրը: Ու չնայած դրան` փրկօղակը գտնվեց. հարցը փակուղի մղելու յուրահատուկ մշակված քայլ էր ցեղասպանության միա՛յն ճանաչման գործընթացը առաջ մղելը:
Եվրախորհրդարանի 1987-ին ընդունած բանաձեւն իր հերթին եկավ հաստատելու, որ Արեւմուտքը շարունակում է հարազատ մնալ իր որդեգրած քաղաքական գծին. բանաձեւում հստակ ամրագրվեց. «Հայոց ցեղասպանության ճանաչում, բայց ոչ մի քաղաքական, իրավական, նյութական պահանջ ժամանակակից Թուրքիայից: Վերջինս պատասխանատու չէ Օսմանյան կայսրության հայ բնակչության ողբերգության համար»:
Ինչն էլ դարձավ արեւմտյան երկրների վերջին տարիների ուղենիշը. տարբեր պետությունների օրենսդիր ու գործադիր մարմիններ, եթե բարձրացնում էին (այսօր եւս) Հայոց ցեղասպանության հարցը, ապա միմիայն ճանաչման մակարդակով: ԱՄՆ սենատորների զգալի մասը եւս հայտարարում է` ճանաչել չի նշանակում դատապարտել, չի նշանակում վնասների հատուցում, առավել եւս՝ հողային պահանջ:
Այս իմաստով այսօր այլեւս անհասկանալի են դառնում Հայոց ցեղասպանության ընդամենը ճանաչմանն ուղղված հայկական լոբբիստական կազմակերպությունների ջանքերը` ամեն տարի Ապրիլի 24-ի նախաշեմին հերթական խնդրանք-հորդորով ԱՄՆ գործող նախագահին դիմելը:
Հայության այս ճիգերն առավել անհասկանալի են դառնում պատմական փաստերի համատեքստում: Հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունը դեռեւս 1951թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգների կողմից ՄԱԿ-ի Արդարության միջազգային դատարանին հղած հայտարարության մեջ բառացիորեն գրված է. «Քրիստոնյաների հալածանքները հռոմեացիների կողմից, հայերի ջարդերը թուրքերի կողմից, միլիոնավոր հրեաների եւ լեհերի ոչնչացումը նացիստների կողմից ցեղասպանություն հանցագործության ակնհայտ օրինակներ են: Այս հենքի վրա է Միավորված ազգերի Վեհաժողովը քննության առել ցեղասպանության հարցը»:
Այսինքն՝ ԱՄՆ-ը առաջին պետությունն է, ընդ որում, Ուրուգվայից եւ Արգենտինայից դեռեւս 14 տարի առաջ եւ Ցեղասպանության կոնվենցիայի ստորագրումից 3 տարի անց, որ հայերի դեմ իրականացվածը ցեղասպանություն բնութագրեց:
Հայտնի է նաեւ, որ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը 1981թ. մեկ անգամ եւս վերհաստատեց իր երկրի վերոնշյալ դիրքորոշումը: Այսպիսով գործ ունենք Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության արդեն իսկ ճանաչման փաստի հետ, մինչդեռ այն արդյունավետորեն օգտագործելու փոխարեն գրեթե մոռացության ենք մատնել: Ավելին՝ մի բան էլ վերստին ջանքեր ենք ուղղում, որ ԱՄՆ-ը կրկին ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինքնախաբեությա՞մբ ենք զբաղված:
Մի առիթով ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցիչը, որը լավատեղյակ էր ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքներին, անկեղծացավ, թե, արդյոք, հայկական լոբբիստական կազմակերպությունները չե՞ն գիտակցում, որ կենտրոնանալով Հայոց ցեղասպանության ընդամենը ճանաչման գործընթացի վրա, ջուր են լցնում թուրք-ամերիկյան (եւ ոչ միայն) քաղաքական խաղերի ջրաղացին:
Ստացվում է, որ ներքաշվել ենք Հայոց ցեղասպանության ճանաչման «գայթակղիչ» գործընթացի մեջ, որն անշուշտ ձեռնտու է նախ Արեւմուտքին. վերջինս միջազգային թատերաբեմում Հայոց ցեղասպանության ճանաչումը վերածել է Թուրքիային զսպող քաղաքական մահակի:
Այն առավելապես նպաստավոր է Թուրքիայի համար. կան փաստեր, որ անգամ թուրքական կողմը ֆինանսապես խթանում է ճանաչման գործընթացի շարունակականությանը: Թուրքական հաշվարկը շատ պարզ է` տաք պահել ցեղասպանության ճանաչման շուրջ ծավալվող քաղաքական շոուն, որն աննպատակ կլանում է հայության ֆինանսական, մարդկային, ազգային ռեսուրսը, եւ դրանով իսկ հայերին հեռու պահել առավել լուրջ` իրավական գործընթացներից:
Հարց է առաջանում՝ իսկ այդ ճանաչումների շղթան ի՞նչ է տալիս հայությանը: Ցեղասպան պետության` Թուրքիայի վրա, պարտադրանքի իրացման տեսանկյունից, դրանք ունե՞ն որեւէ հստակ իրավական նշանակություն: Իրողությունն այն է, որ բացի Թուրքիայից, այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը իրավական տեսանկյունից ոչ մի խնդիր չի լուծում, մասնավորաբար դրանք հնարավոր չէ օգտագործել Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար:
ԻՍԿ Ո՞ՒՐ ՄՆԱՑ ՀԱՅ ԴԱՏԸ
Չնայած տասնամյակներ շարունակ խոսում ենք Հայ Դատի մասին, չնայած Հայոց ցեղապանության խնդրի շուրջ տարբեր երկրներում մի շարք դատական գործընթացներ են իրականացվել, բայց, համաձայնեք, որ դատ` որպես այդպիսին, գոյություն չունի, քանզի բացակայում է ամենակարեւորը` միջազգային իրավական գործընթացը:
Քաղաքագետ Արա Պապյանը, անդրադառնալով դատական գործընթացներին, նկատել է. «Չի եղել գեթ մեկ իրավական ատյան, որտեղ կասկածի տակ դրվի Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը»: Ու չնայած դրան, մտահոգիչ է, որ հայությունը հապաղում է սեփական ներուժն ու ջանքերն ուղղել հայոց պահանջատիրությունը միջազգային իրավական հարթություն տեղափոխելուն:
Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման, փոխհատուցման խնդիրը պահանջում է համակարգված պետական մոտեցում: Իսկ սա նշանակում է, որ իրավապահանջատիրության գաղափարն ու այն կյանքի կոչելուն միտված մեխանիզմները պետք է սնուցվեն Հայաստանի Հանրապետությունում:
Ցավալի է, որ անցած 20 տարվա ընթացքում լուրջ քայլեր չեն արվել համապատասխան ռազմավարության ու մարտավարության մշակման ուղղությամբ: Անգամ չենք կարողացել ստեղծել ցեղասպանագետ իրավաբանների թիմ, որը ձեռնամուխ կլիներ ցեղասպանության իրավական փաթեթի կազմմանը, ինչը կներառեր Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման ողջ բովանդակությունն ու գործընթացը:
Մի բան պետք է պարզ լինի հայության համար. աշխարհն այսօր, քաղաքական տարաբնութ շահերով պայմանավորված, Թուրքիայից պատրաստ է պահանջել միայն Հայոց ցեղասպանության ճանաչում, եւ ոչ ավելին: Բայց չէ՞ որ քաղաքական շահերը հավերժական ու անփոփոխելի չեն: Կնշանակի հայությունը պետք է ամեն պահ պատրաստ լինի ցանկացած աշխարհափոփոխության:
Հայության բոլոր հատվածների հետ մեկտեղ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա համախմբման այն սուբյեկտը, որը կբարձրաձայնի հայության իրավապահանջատիրությունն ու միջազգային իրավական հարթության մեջ կհայտարարի ՀԱՅ ԴԱՏ-ի սկիզբը:













