ԲՈԼՈՐ ՄԱՍԵՐՆ ԷԼ ՓԱԿՎԵՑԻՆ
ԱՎԻԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Երբ նախագահական ընտրությունների նախաշեմին Լ.Տեր-Պետրոսյանը հիշեց, որ այս աշխարհում անցկացրած 68 տարին եւ քաղաքական գործունեությունն այլեւս անհամատեղելի են, ՀԱԿ-ի շատ համակիրներ հուսահատվեցին եւ դարձան մի քիչ՝ քիչ։ Իսկ ավելի շատերն էլ հուսավառվեցին, որ տհաճ հիշողությունների ժամանակն անցնում է, եւ գալիս է թարմ ուժերի քաղաքական գործունեության ժամանակը:
Բայց ՀԱԿԿ համագումարում կուսակցության առաջնորդ ընտրված Լ.Տեր-Պետրոսյանը, հուրախություն բոլորիս, մոռացավ իր տարիքը եւ ստանձնեց ՀԱԿԿ-ի «համակարգված գործունեության» ղեկավարումը: Այսինքն՝ 68-ը հանրապետական խմորումների համար շատ է, բայց քաղաքային մասշտաբի հանրապետական տեղաշարժերի համար` բավարար: Գուցե:
Տեր-Պետրոսյանն իր ճառի սկզբում նշեց, որ ճառ չի ասելու, դաստիարակչական աշխատանք չի տանելու, քանի որ դահլիճում նստած յուրաքանչյուրը թե քարոզիչ է, թե հռետոր, թե դաստիարակ: Ասենք միայն, որ Հայաստանում տարիներ տեւող ներքաղաքական առեւտրին ականատես հասարակության մեջ արդեն ոչ քարոզ լսող կա, ոչ հռետորաբանության հավես ունեցող, ոչ էլ մանավանդ ՀԱԿԿ-ի դաստիարակության կարոտ:
Մեզ հետաքրքրեց հատկապես Լ.Տեր-Պետրոսյանի գնահատականը հինգ տարվա կատարված աշխատանքի մասին. «ՀԱԿԿ աշխատանքը սկսվելու է վաղվանից: Մինչեւ այսօր դա Կոնգրես դաշինքն էր, որը գուցե Հայաստանի պատմության ամենաբացառիկ միավորումն էր, որտեղ ընդգրկված էին 18 կուսակցություններ եւ կազմակերպություններ»:
Մեզ թույլ տանք նկատել, որ Հայաստանի պատմությունն այդքան աղքատիկ չի եղել, որ նրա ինչ-որ էջում բազմի Կոնգրես «ամենաբացառիկ միավորումը»: Այստեղ են ասել` լացեք, հայեր:
Լ.Տեր-Պետրոսյանը համագումարին հիշեցրեց, որ ինքը ոչ միայն քաղաքական գործիչ է, այլեւ գիտնական եւ հակված է փաստերին: Արժանին մատուցելով ՀԱԿԿ-ի ղեկավարի գիտական վաստակին, ասենք, որ փաստերը նաեւ ճշգրիտ լինելու տարօրինակ հատկություն ունեն: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ այդ 18 կուսակցությունների «բացառիկ» միավորումը կարող էր լինել 45 եղած-չեղած կուսակցությունների «համաշխարհային ամենաբացառիկ» կոնգրես: Մի՞թե դա հայոց պատմության նշանակալից իրադարձություններից ամենաերեւելին է:
Իրականությունն այն է, որ քիչ թե շատ ազդեցիկ կուսակցություններն ու քաղաքական գործիչները հեռացան ՀԱԿ-ից: Մնաց ՀՀՇ-ն, որն ինչ-որ կերպ պիտի հանդես գար դաշինքով քողածածկ` այս անգամ որպես կուսակցություն, որովհետեւ նախկին անվանումը վաղուց արդեն վարկաբեկված է:
Ինչպես համագումարում նկատեց Լ.Տեր-Պետրոսյանը, «այս մասը փակվեց»:
Այնուհետեւ կուսակցության առաջնորդն անդրադարձավ ՀԱԿԿ ծրագրի փիլիսոփայությանը՝ նշելով. «Նախ, այդ ծրագրում պետք է արտահայտված լիներ այսօրվա մեր Հայ ազգային կոնգրես կուսակցության պատմական ակունքները:…Դրանցից մեկը 1988-ի շարժումն է` ՀՀՇ-ն, մյուսը` Հայ ազգային կոնգրեսը, որը ստեղծվեց 2008-ին»:
ՀՀՇ-ի ղեկավարին հիշեցնենք միայն մեկ «պատմական ակունք»: 1992-ին` Դաշնակցության գործունեությունը կասեցնելը նախապատրաստելու «միջոցառումների» շրջանակներում, Լ.Տեր-Պետրոսյանը ՀՅԴ-ին մեղադրանք ներկայացրեց Հայաստանը հարեւան երկրների հետ պատերազմի մեջ ներքաշելու հանցագործության, ինչպես նաեւ զինված ջոկատներ պահելու համար: Հիշեցնենք նաեւ, որ այդ ժամանակ դեռեւս հայկական կանոնավոր բանակ գոյություն չուներ:
Իսկապես որ ՀՀՇ-ի պատմական ակունք: Բայց այս ակունքը ինչ-որ չհիշատակվեց բուրժուա-դեմոկրատական բարեփոխումների «կարեւորագույն» հարցերի շարքում: Եվ հետո. ո՞ւր են ՀՀՇ-ի «պատմական ակունքներում» կանգնած մարդիկ այսօր. կամ հուսալքվել-հեռացել են, քաղաքական պայքարի տրամագծորեն այլ ճանապարհ են ընտրել, կամ էլ խամրած դեմքով գրանցվում են` իբրեւ ջրի երեսին թպրտացող նավակի նավաստի (իմա` համագումարի պատգամավոր):
Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից կարելի է ենթադրել նաեւ, որ վերջինս քաղաքականություն է վերադարձել, ինչպես ինքը կասեր, լրջագույն նպատակներով: Մեզ տեսանելի նպատակը առայժմ Երեւանի ավագանու ընտրություններում նախկինում ձախողված քաղաքական պայքարը ԲՀԿ-ի կապիտալի վրա խարսխելու ձգտումն է, որ դարձյալ քողածածկ է արվում։
ՀՀՇ-ի հերթական զոհն ընտրված է` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Խաչատուր Սուքիասյանի օրինակը իզուր չի հիշատակվում: Բայց ինտրիգն անհաջող է: Իսկապես: Բազմաթիվ բաներ` նախկին ու ներկա, գաղափարներ ու ճամարտակություններ, չեն համընկնում: Ինչեւէ:
Եվ վերջում. տարօրինակ զգացողություններ է առաջացնում այն հանգամանքը, որ ավերակի վերականգնման հեռանկարների եւ միջոցների մասին է խոսում ավերակի հեղինակը ու համակարգային պայքարի կոչ անում հասարակությանը: Համակարգը կար, ուղղությունը կար` բազմակար գրպաններ, մորուքավոր, ագահ հայացքներ: Եվ Հայաստանը կարող էր կերակրել 800 հազար մարդու: Մոռացա՞ք:
Վերջապես սահման պիտի՞:












