Գլխավոր » Լրահոս, Ցեղասպանություն

Միասնականությունն ու պահանջատիրությունը պետք է մղիչ ուժ դառնան Ցեղասպանության 100- ամյակի աշխատանքներում. Արամ կաթողիկոս

Ապրիլ 17, 2013թ. 23:54

Անթիլիասի Մայրավանքում ապրիլի 6-ին անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված Լիբանանի կենտրոնական հանձնախմբի խորհրդակցություն, որը նախագահում էր Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը: Ինչպես տեղեկացնում են Անթիլիասից, Արամ Առաջինը կարեւորելով խորհրդակցության անցկացումը, նշել է, որ Ցեղասպանության 100-ամյակին նվիրված ծրագրերն ու ձեռնարկներն ամփոփող միջոցառումներ չպետք է լինեն, այլեւ 2015 թվականին ընդառաջ, այնուհետեւ դրանք շարունակող նախաձեռնություննե դառնան: «Կրկնություններից եւ խաչաձեումներից պետք է խուսափենք: Մեր մոտեցումը պետք է լինի իրապաշտ եւ գործնական»,- նշել է կաթողիկոսը:

Անդրադառնալով Երեւանում կայացած ցեղասպանության 100-ամյակին նվիրված գիտաժողովին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հիշեցրել է իր ընդգծած երեք բառերը` «հիշել, հիշեցնել եւ
պահանջել»: «Հարյուր տարի շեշտը դրել ենք հիշելու վրա. մոմ վառեցինք, ոգեկոչման երեկոներ կազմակերպեցինք, գիրք տպեցինք: Այդ բոլորը կարեւոր են, որպեսզի մեր նոր սերունդները մեր
նահատակների կտակով եւ ոգով թրծվեն: Սակայն այդ կետի վրա չպետք է կենտրոնանանք: Անհրաժեշտ է, որ մենք այսուհետ շեշտարենք պահանջատիրության եւ հատուցման հարցը»,- ասել է նա:

Արամ կաթողիկոսի խոսքով` հայ ժողովրդի իրավունքների հարցն ամբողջ հայ ժողովրդի հիմնահարցն է: «Հայաստանը պետություն է, Սփյուռքը` Սփյուռք: Կարող են հայկական հարցի առնչությամբ
լինել տարբեր մոտեցումներ: Սակայն այդ տարբերությունների մեջ էլ պետք է լինեն ներքին ներդաշնակություն ու համադրում, մեկ խոսքով` պետք է միակամ գործենք եւ ամուր կերպով կառչած
լինենք պահանջատիրությանը»,- ավելացրել է կաթողիկոսը:

Նա նաեւ ավելացրել է, որ ցեղասպանությունն անցյալին պատկանող դեպք չէ. Սփյուռքն այդ ցեղասպանության հետեւանքն է, որոշ իմաստով այդ ցեղասպանությունը շարունակվում է նաեւ այսօր,
եւ այդ գիտակցությամբ հայկական կառույցները պետք է գործեն:

Եզրափակելով իր ելույթը` Կիլիկիո կաթողիկոսը նշել է, որ ցեղասպանության ճանաչման եւ հատուցման աշխատանքները երեք ճանապարհ ունեն` պատմական, քաղաքական եւ իրավական: «Ժամանակն է, որ առանց անտեսելու առաջին երկուսը` հստակ առաջնահերթություն տանք իրավական կողմին, եւ այս առումով հսկայական աշխատանք ունենք կատարելու»,- ընդգծել է նա:


Դիտել Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն