Գլխավոր » Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ՏՈՏԱԼԻՏԱՐ ԿԱՌՈՒՅՑ` ԼԻԲԵՐԱԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Ապրիլ 20, 2013թ. 20:57

Levon-Shirinyan-150x150Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ

-Բազմիցս է ասվել, որ հայաստանյան քաղաքական դաշտում կա իրական ազատական գաղափարախոսություն դավանող ուժերի անհրաժեշտություն: Այն խմորումները, որ ներկայումս կատարվում են քաղաքական դաշտի այդ հատվածում իրո՞ք միտված են նշված բացը լրացնելուն:
-Ունենք պահպանողական կուսակցություն` հանձին Հանրապետականի, սոցիալիստական` հանձին Դաշնակցության, եւ, ըստ էության, այո, նկատելի է կայուն արժեհամակարգ, քաղաքական հստակ դիրքորոշումներ ունեցող ազատական կուսակցության բացը:
Եթե երկիրն ուզում է ավտորիտարիզմից անցում կատարել դեպի ժողովրդավարական պետություն, ապա լիբերալ քաղաքական համակարգ ունենալը դառնում է հրամայական: Այդ իմաստով, ողջունելի է նման գործընթացի ակտիվացումը:
Լիբերալները հայտնի են որպես կոսմոպոլիտներ` աշխարհաքաղաքացիներ, եւ լավ կլինի, որ մեր քաղաքական դաշտում ի հայտ եկող ազատական ուժը ունենա ազգային նկարագիր, առաջնորդվի ազգային արժեհամակարգով: Այդ դեպքում մենք կունենանք հայկական լիբերալիզմի ազգային տարատեսակ, ինչը շատ օգտակար կլինի երկրի համար:
Եվ ուրեմն, շատ կարեւոր է, թե ո՞ր քաղաքական ուժն է հավակնում այդ օգտակար գործին:
-Հայտ ներկայացրածը «նորաստեղծ» ՀԱԿԿ-ն է, որը, սակայն, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով, նույն ՀՀՇ-ն է, ոչինչ չի փոխվել, նույնն են եւ մարդիկ: Վարկաբեկված քաղաքական ուժն ի զորո՞ւ է ստանձնելու քաղաքական դաշտի համար կարեւոր այդ դերակատարումը:
-Համաձայն չեմ Տեր-Պետրոսյանի հետ, թե ՀԱԿԿ-ն նույն ՀՀՇ-ն է, չնայած կորիզը ՀՀՇ-ականներն են: Գուցե Տեր-Պետրոսյանը կուզենար, որ այն ամբողջությամբ այդպիսին լիներ, բայց ՀԱԿ դաշինքից շատ երիտասարդներ են մտել նոր կուսակցություն:
-Այնուհանդերձ այդ նույնացմանը հակադարձողներ չեղան: Կնշանակի համակարծիք են:
-Դա մեկ այլ երեւույթի հետեւանք է: ՀՀՇ-ում, դեռ 90-ականներից, կա մոլեռանդ վերաբերմունք Տեր-Պետրոսյանի անձի հանդեպ: Եվ այդ կառույցում նրա խոսքը ընդունվում է անվերապահորեն:
-Իսկ ղեկավարին կուռք դարձնելը ազատական կուսակցությանը բնորո՞շ երեւույթ է:
-Ամենեւին: Դիկտատուրան, միանձնյա ղեկավարումը, առաջնորդի ուռճացված կերպարի ստեղծումը հարիր չեն ազատականներին: Մինչդեռ ՀՀՇ-ականները Տեր-Պետրոսյանին այդպես են համարում: Եթե «նոր» ՀԱԿԿ-ում սա չգիտակցվի, ապա այն ոչ միայն զարգացում չի ունենա, այլեւ կդառնա քարացած մի բան:
-Այն, ինչ տեղի է ունեցել ՀԱԿԿ համագումարում, հաստատում է, որ այնտեղ չկա այլակարծություն, ժողովրդավարություն։ Ապացույցը` ՀԱԿ կուսակցության ղեկավար մարմնի՝ վարչության ընտրությունն էր. իրականում այն ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց:
-Ազատական ուժը պետք է լինի ընտրության, բանավեճի, կարծիքների բախման հիմքի վրա ձեւավորված համախոհների կազմակերպություն, եւ ոչ թե կուռքերի: Եթե այդ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա առաջանում է հերթական տոտալիտար կառույցը` լիբերալ արժեքների անվան տակ:
-Ի դեպ, Տեր-Պետրոսյանը անկեղծացավ, թե փիլիսոփայության հարցում եւս շատ բան չի փոխվել, պահպանվում է ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, պայքարի մեթոդները, գործունեությունը: Գուցե պետք է վերհիշել, թե որո՞նք էին ՀՀՇ-ի «մեթոդները»` իշխանություն եւ ընդդիմություն եղած ժամանակաշրջանում:
-Դատելով ասվածից, Տեր-Պետրոսյանը կարծես թե տոտալիտար կառույց ստեղծելու նպատակ ունի: Իսկ ՀՀՇ-ի պայքարի մեթոդները տոտալ սեփականաշնորհումն էր, արտաքին քաղաքականության մեջ արած «հայտնագործությունները», որոնք սարսափելի հետեւանք ունեցան երկրի համար: Անհաջողության մատնվեց նաեւ իշխանություն փոխելու նրա տոտալ քաղաքականությունը:
Այնպես որ, եթե ՀԱԿԿ-ն չհենվի աշխարհի լիբերալ արժեքների փորձի, նաեւ հայ իրականության մեջ ազատական մտքի հարուստ պատմության վրա, չօգտագործի այդ ժառանգությունը, ապա տեղի կունենա վտանգավոր գործընթաց` ՀԱԿԿ-ն կվերածվի աղանդի:
-ՀՀՇ-ից ՀԱԿ անցման միակ գաղափարախոսական նորույթն այն է, որ «կյանքի փորձով եկել-հանգել են սոցիալ-լիբերալիզմի գաղափարին»: Բայց ո՞րն է այստեղ նորությունը:
-Այստեղ նոր բան չկա, որովհետեւ բոլոր լիբերալ կուսակցություններն ունեն որոշակի սոցիալական ուղղվածություն, եթե, իհարկե, ծայրահեղական` լիբերտալիստական չեն: Եվ եթե սոցիալական ուղղվածություն չունենան, կնշանակի աղանդ դառնալու հեռանկարը կա ու կա: Այնպես որ Տեր-Պետրոսյանը ոչ մի նոր բանի չի հանգել:
-Ի՞նչ կասեք Հայաստանում բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն իրականացնելու ՀԱԿ առաջնորդի ցանկության մասին: Սա արդիակա՞ն մտածողություն է:
-Երեւի ՀԱԿԿ առաջնորդը Լենինից հետո նոր տեսություններ չի կարդացել: Այդպիսի հեղափոխություններ եղել են ֆեոդալիզմի դարաշրջանում: Հայաստանին դա պետք չէ:
Փոխարենը մեզ հարկավոր է ազգային- դեմոկրատական հեղափոխություն, այսինքն՝ ազգային արժեհամակարգի վրա հիմնված պետականության կառուցում: Իսկ այդ հեղափոխությունը պարտադիր չէ իրականացնել աղմուկ-աղաղակով, խոսքս որակական փոփոխության մասին է:
-ՀԱԿ-ը որդեգրում է «խոշոր բուրժուազիային, օլիգարխիայի մաս կազմող ուժերին իշխանությունից պոկելու» քաղաքական կուրս: Չե՞ք կարծում, որ Տեր-Պետրոսյանի նպատակը օլիգարխիայի օգնությամբ վերստին իշխանության գալն է, ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում սեփական օլիգարխիկ իշխանությունը ստեղծելը:
-Մտահոգությունը հասկանալի է… Բայց կարծում եմ, որ դա Տեր-Պետրոսյանի ընդամենը տակտիկական հնարքն է: Նա իր առաջ դրել է ՀՀԿ-ի մենիշխանության ոչնչացման հստակ նպատակ եւ հետեւողականորեն, մտասեւեռված գնում է այդ ուղղությամբ: Հիմքում կա անձնական վրեժխնդրություն. նա չի մոռանում իր հրաժարականը ու դրա համար պատրաստ է դիմել ամեն միջոցի:
Տեր-Պետրոսյանը երեւի հայ օլիգարխիային միամիտի տեղ է դրել, ի դեպ, նա մարդկանց միամիտի տեղ դնելու սովորույթը ունի: Բայց սխալվում է, հայ օլիգարխիայից խելոքն ու խորամանկը չկա, էդ ո՞ւմ է փորձում միամիտի տեղ դնել ու սեփական ծրագրերին ծառայեցնել: Կապրենք` կտեսնենք: Թե որքանո՞վ նրա նպատակները կհանգեցնեն օլիգարխիկ նոր համակարգի առաջացմանը, չեմ կարող ասել, բայց պետք է արձանագրենք այն փաստը, որ օլիգարխիան առաջացել է հե՛նց ՀՀՇ իշխանության տարիներին:
Նաեւ մի բան պարզ է, եթե Հայաստանում տեղի չունենա ապաօլիգարխացում, ապա մեր երկրի ապագան կարող է վտանգվել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Politics, Լրահոս, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն