ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՄՂՎԵԼ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
-Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փակայինը, օրերս խոսելով ԼՂ հակամարտության մասին, կարծիք է հայտնել, թե չլինելով տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները շահագրգռված չեն խնդրի կարգավորմամբ:
-Առաջին անգամ չէ, որ իրանական կողմը նման կերպ է գնահատում համանախագահների գործունեությունը: Կարծում եմ, դրան պետք է ըմբռնումով մոտենալ, նկատի ունենալով, որ Իրանն այսօր լուրջ խնդիրներ ունի աշխարհի ուժային բեւեռների հետ, եւ Ղարաբաղյան հիմնախնդիրն օգտագործելով, փորձում է ընդգծել տարածաշրջանում կարեւոր երկիր լինելու իր դերը: Այդ կերպ նաեւ միջնորդներին ակնարկելով, որ չեն կարող լուծել Իրանի սահմանակից երկրի հարցերը` առանց վերջինիս համաձայնության:
Այս հայտարարությունը կարելի է նաեւ պայմանավորել Իրան-Ադրբեջան հարաբերությունների որոշակի լարվածությամբ: Իրանական կողմը պաշտոնական Բաքվին հասկացնում է, որ նա չի կարող ներգրավվել ռազմաքաղաքական այնպիսի դաշինքներում, որոնք Իրանի համար վտանգ կներկայացնեն:
Իսկ ընդհանրապես նման հայտարարությունը, ում կողմից էլ որ հնչի, անցանկալի է, քանի որ ԼՂ հիմնախնդրի կարգավորումը չպետք է տեղափոխվի աշխարհաքաղաքական դիմակայությունների հարթություն` նույնիսկ փորձագիտական վերլուծությունների մակարդակով, ինչը, ցավոք, հաճախ է արվում անգամ հայկական մամուլում:
-Դեսպանն ակնարկել է նաեւ հակամարտության կողմ լինելու Իրանի պատրաստակամության մասին: Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է դեռ 1992-ից, ինչո՞ւ չի կարող ընդգրկվել նաեւ Իրանը:
-Ցավում եմ, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է եւ որպես այդպիսին համանախագահող երկրների հետ գտնվում է ակտիվ խորհրդատվական քննակումների մեջ։ Եթե ԱՄՆ պետքարտուղարը կամ Ռուսաստանի ԱԳ նախարարը հանդիպում են Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, ապա օրակարգային հարցերի թվում ԼՂ հիմնահարցն է: Սա իրողություն է, որը չենք կարող շրջանցել:
Բայց այսօր Թուրքիան բավարարված չէ միայն Մինսկի խմբի անդամ լինելու հանգամանքով, եւ մեկ անգամ չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ակնարկել են, թե վերջինս կարող է լինել համանախագահող երկիր ու առավել ակտիվ ներգրավվել բանակցային գործընթացում:
Այս առումով, այո, Իրանի՝ Մինսկի խմբում ընդգրկվելու հարցը պետք է լինի մեր դիվանագիտական զինանոցում, եթե Թուրքիան կարող է, ինչո՞ւ չի կարող Իրանը տրամաբանությամբ: Մանավանդ որ այդ երկիրը, տարիներ առաջ իրականացնելով ակտիվ միջնորդական առաքելություն, դրսեւորել է հավասարակշռված եւ զուսպ քաղաքականություն: Սակայն այստեղ, ինչպես ասացի, կա մի վտանգ` հիմնախնդիրը չտեղափոխել աշխարհաքաղաքական դիմակայության հարթություն:
-Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահը հայտարարել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում են Հայաստանի նկատմամբ ուժեղացնել ճնշումը, հակառակ դեպքում «կվտանգվի Մինսկի խմբի գործունեությունը»: Տպավորությունն այնպիսին է, որ Ադրբեջանում լավ չեն պատկերացնում Մինսկի խմբի գործառույթները:
-Ասքերովն արել է անտրամաբանական, ծիծաղելի հայտարարություն: Ի՞նչ է նշանակում` միջնորդները պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա: Այդ դեպքում ԼՂՀ-ն էլ կարող է միջնորդներին առաջարկել` ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ ճանաչի ԼՂՀ անկախությունը:
Բայց չմոռանանք, որ միջնորդների խնդիրը կողմերի վրա ճնշում գործադրելը չէ, այլ ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ խնդրով շահագրգիռ կողմերը բանակցությունների սեղանի շուրջ կարողանան գտնել բոլորին բավարարող լուծումներ: Նման հնարավորություն ստեղծվեց 2011-ին` Կազանում: Սակայն Ադրբեջանի նախագահը վերջին պահին ներկայացրեց մեկ տասնյակից ավելի նոր առաջարկներ, որոնք երբեւէ չէին քննարկվել բանակցություններում:
-Ալիեւը Մոսկվայում հերթական անգամ ամբիոնն օգտագործեց ռազմատենչ հայտարարություններ հնչեցնելու համար. նաեւ ասաց, թե հարցը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի դրույթների հիման վրա: Ինչո՞ւ է նա հաճախ մեջտեղ բերում 20 տարվա վաղեմության փաստաթուղթը:
-Հիշեցնեմ, որ այդ բանաձեւերն ընդունվեցին 93-ին, երբ դեռ մարտական գործողությունները շարունակվում էին: Կողմերին կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողություններն ու նստել բանակցությունների, սա է ընկած բանաձեւերի հիմքում: Իսկ Ալիեւը կառչում է այս փաստաթղթից, որովհետեւ նրանում հղում կա ուղղված Հայաստանի կառավարությանը` ներազդել ԼՂՀ իշխանությունների վրա, որպեսզի զորքերը դուրս բերվեն «օկուպացված» տարածքներից: Դա Ալիեւի հին երգերից մեկն է, որ մշտապես թարմացնում է:
Բացի դրանից, բանավեճի առարկա է եւ այն, որ Ադրբեջանը յուրովի է մեկնաբանում Հելսինկյան եզրափակիչ ակտի` ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի դրույթը, ասելով` այն պետք է տեղի ունենա Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ փաստաթղթում նման ձեւակերպում չկա:
Ասված է ճիշտ հակառակը` բոլոր ժողովուրդներն իրավունք ունեն դեմոկրատական ճանապարհով, առանց արտաքին միջամտության լուծելու իրենց քաղաքական, տնտեսական, մշակութային ինքնուրույնության հարցը: ԼՂՀ-ն գնաց այդ ճանապարհով եւ հանրաքվեի միջոցով իրացրեց իր քաղաքական իրավունքը` հռչակելով իր ինքնորոշումը: Ադրբեջանին մնում է հաշվի նստել կատարված փաստի հետ ու ճանաչել ԼՂՀ անկախությունը:
-Օրերս Foreign Policy Journal-ը տպագրեց մեծ արձագանք ստացած «Ադրբեջանի եւ Հյուսիսային Կորեայի բռնապետերը աշխարհի հետ շանտաժի լեզվով են խոսում» վերնագրով մի հրապարակում:
-Իրոք, ուրախացնող փաստ է, որ միջազգային մամուլը Ալիեւին համեմատում է նման բռնապետերի հետ: Դա նշանակում է, որ միջազգային հանրության ընկալումներում Ադրբեջանն ու այդ երկրի նախագահն արժանանում են այն գնահատականներին, ինչին իրականում արժանի են:
Իմ բոլոր հրապարակումներում մշտապես համանախագահողների ուշադրությունն եմ հրավիրում, որ Ադրբեջանի ներկայիս բռնապետական կեցվածքը ոչ միայն Հայաստանի ու ԼՂՀ-ի համար է վտանգավոր, այլեւ ամբողջ տարածաշրջանի, հետեւաբար՝ միջազգային հանրության:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












