Հայոց ցեղասպանությանը վերաբերող 12.000 փաստաթղթեր` արխիվում
Հայաստանի ազգային արխիվը շարունակում է հրապարակել ցեղասպանությունը վերապրածների վկայությունները Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը նշեց, որ արխիվն այսօր փաստաթղթային ամենամեծ պահոցն է, որտեղ կան Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթեր` թվով 12.000: «Դրանք բաժանվում են մի քանի խմբի, օրինակ` պետական փաստաթղթեր եւ ցեղասպանությունը վերապրածների վկայություններ, որոնք ամենաարժեքավորն են եւ մեծաքանակը:
Վկայություններում տեղեկություններ կան նաեւ մարդկանց կրած նյութական եւ մշակութային կորուստների մասին»,-ասաց Վիրաբյանը` հավելելով, որ արխիվում պահվում են նաեւ աշխարհի մի շարք երկրների արխիվներում գտնվող եւ 1915թ. դեպքերը ներկայացնող փաստաթղթերի պատճենները. «Բուլղարիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Գերմանիան եւ այլ երկրներ այդ ժամանակ դեսպաններ են ունեցել Թուրքիայում, որոնք հաղորդագրություններ են ուղարկել Թուրքիայում կատարվող դեպքերի, այդ թվում՝ հայերի տեղահանության եւ կոտորածի մասին»: Ամատունի Վիրաբյանի համոզմամբ` ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի մասին տվյալն ընդամենը վիճակագրություն է, եւ այլ է խնդիրը, երբ վերապրածն ինքն է հիշատակում իր կորուստների եւ ցեղասպանությունից փրկվելու մասին. «Այժմ հրապարակվում են այդ պատմությունները:
Նախորդ տարի լույս տեսավ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ» եռհատորյակը, իսկ այս տարի նախապատրասվում են գրքի 4-րդ եւ 5-րդ հատորները: Եռհատորյակը թարգմանվում է անգլերեն եւ թուրքերեն: Թարգմանությունները լույս կտեսնեն մինչեւ 2015թ.»: Ազգային արխիվի տնօրենը տեղեկացրեց, որ ստեղծվում եւ համացանցում է տեղադրվում ցեղասպանության զոհերի անունների շտեմարանը. «Այս հարցում, մենք , իհարկե, ուշացել ենք, որովհետեւ ցեղասպանություն տեսած սերունդը չկա, սական փորձելու ենք տվյալներ գտնել գրականությունից, թերթերից եւ որբերի մասին տեղեկություններից: Ներկայումս կա 30.000 որբի (ԱՄՆ որբանոցներ) գործ, որոնցում տեղեկություններ են տրվում որբերի ծնողների մասին: Այսինքն՝ կարող ենք մոտ 60.000 անուն ճշգրտել:
1,5 միլիոնի անունները չենք կարող ճշգրտել, բայց արդեն ունենք մոտ 200.000 անուն` բնակավայրով եւ ծննդյան թվով»: Ամատունի Վիրաբյանը նաեւ հայտնեց, որ իրականացվում է ցեղասպանություն ապրածների 2-րդ սերնդի պատմությունների տեսագրություն, որը հետագայում կներկայացվի ֆիլմերի տեսքով. «Մարդիկ պատմում են, թե ինչ են լսել իրենց ծնողներից: Արդեն կա մոտ 200 ժամ տևողությամբ տեսագրություն»: Հայաստանի ազգային արխիվը նաեւ ցեղասպանության մասին շարժական ցուցահանդեսների ծրագիր ունի: «Շարժական ցուցահանդեսները կփոխանցվեն ՀՀ դեսպանատներին, որոնք էլ կկազմակերպեն ցուցադրություններ»,-ասաց պարոն Վիրաբյանը:












