ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻՆ ԱՍԵՔ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՆ Է
Մայիսի 1-ը ԽՍՀՄ պետական հիմնական տոներից մեկն էր. աշխարհի մեկ վեցերորդ մասում, ժամանակային գոտիների տարբերությամբ, ժողովուրդը քեֆ էր անում: Կոլեկտիվ առ կոլեկտիվ, շրջան առ շրջան, գյուղ առ գյուղ:
Դե, պետության ղեկավարներն էլ միշտ աշխատանքի էին գնում տոնական տրամադրությամբ, որովհետեւ «սովետում» աշխատանքը հաճույք էր պատճառում բոլորին: Ղեկավարները մեծահոգաբար սպասում էին մինչեւ աշխատավորների շքերթն ավարտվի ու գնում էին նշելու:
Տոնից առաջ էլ կենտրոնական թերթերը հրապարակում էին այն լոզունգների օրինակելի ցանկը, որով պիտի առաջնորդվեին աշխատավորական կոլեկտիվները: Այսինքն՝ «ուռռա» գոռալուց առաջ պիտի իմանայիր, թե ինչի համար ես գոռում եւ քաղաքականապես հասունանայիր:
Նույնն էր նաեւ Հայաստանում: Մեծ առաջնորդի անունը կրող հրապարակ էին մտնում, ասենք, Օրջոնիկիձեի շրջանի աշխատավորները: Նրանք ինչ կա-չկա գերակատարել էին եւ այս տոնին ներկայանում էին նորանոր արտադրական նվաճումներով: Ուռռա՜: Հիշեցի՞ք. կեցցե այս, կեցցե այն:
Մեքենաները սիրուն զարդարում էին, եւ այդ զարդարանքների մեջ պարտադիր պետք է լիներ Լենինի գլուխը` նվաճված թվերի վահանակների վերեւում: Մարդիկ աշխատում էին, կոլեկտիվ քրտնում, ցեկան էլ համարում էր, որ «մեծ առաջնորդի» պատգամներն իրականություն են դառնում:
Բայց մի բան հաստատ է` մարդիկ ուրախ էին: Երեխաներին ուսերին դրած, փուչիկներով-բանով գնում էին: Ուրախ էին ոչ թե այն պատճառով, որ մայիսի 1-ը աշխատավորների համերաշխության միջազգային օրն էր, այլ որ ուտել-խմելու առիթ կա, իրար հետ շփվելու հնարավորություն: Շատերը չգիտեին էլ, թե ում համերաշխության օրն է. ասում էին «մայիսի մեկն է» ու վերջ:
Նրանց չէր էլ հետաքրքրում, որ 1886թ. մայիսի 1-ին ամերիկացի բանվորները գործադուլ կազմակերպեցին եւ պահանջեցին 8-ժամյա աշխատանքային օր, իսկ 1889թ. Երկրորդ ինտերնացիոնալի փարիզյան կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել` ի հիշատակ Չիկագոյի բանվորների ակցիայի:
Եվ մարդիկ հրապարակով անցնելուց հետո աշխատանքային ընկերներով գնում էին «մի կտոր հաց ուտելու»: Դա մի տեսակ նախավարժանք էր, քանի որ մայիսի 2-ն էլ ոչ պաշտոնապես հայտարարված էր «մայովկի» օր` այս անգամ արդեն քաղաքից դուրս` հարազատ-բարեկամների հետ:
Հետո աշխատանքը նորանկախ Հայաստանում որպես դասակարգ վերացավ: Պետական տոնացույցը վերանայվեց, եւ սկսեց բխել միայն ազգային շահերից: Հետեւաբար անկախ պետականության սկզբնափուլում` Լ.Տեր-Պետրոսյանի նախագահության լուսավոր տարիներին, մայիսի 1-ի տոնը չեղյալ համարվեց:
Միանգամայն խելամիտ որոշում էր, քանի որ չեղած բանը տոնելը կնշանակեր ծիծաղել դարավոր իմաստություն ունեցող հայ ժողովրդի վրա: Իշխանությունների համար այդ շրջանի թերեւս ամենաատելի արձանը Երեւանում «տնկած» բանվորի արձանն էր, այն էլ հոշոտված գործարանների դատարկ պատուհանախոռոչների հարեւանությամբ:
Փրկությունն այն էր միայն, որ դարավոր իմաստություն ունեցող հայ ժողովրդի հիշողությունից չէին ջնջվել թեթեւ առեւտրով գոյատեւելու ունակությունները: Եվ «-իկ» մասնիկը հարազատորեն ձուլվեց «սեղան» բառին` Սեղանիկ: Սա դարձավ Հայաստանի անկախության առաջին ինքնակենսագրությունը: Երեխաները սեղանիկ էին խաղում, մեծերն էլ իրենց հազիվ էին զսպում, որ տանը չասեն. «սեղանիկ դիր, հաց ուտեմ»:
Ի՞նչ մայիսի 1, ի՞նչ «մայովկի» օր, գործընկերների հետ ի՞նչ ուտել-խմել: Միայն վառարան, գողացած ցախ եւ վերմիշել:
Հիմա մայիսի մեկը նորից Հայաստանի պետական տոնացույցի մեջ է` այս անգամ որպես Աշխատանքի օր: Սա նշան է այն բանի, որ պետական գիտակցության մեջ աստիճանաբար կարեւորվել է աշխատանքի դերը` որպես բարիքի աղբյուր:
Հուսադրող է թեկուզ այն, որ կա աշխատանքի անհրաժեշտության գիտակցում: Հուսադրող է, քանի որ դրանից հետո տրամաբանորեն պիտի լինի նաեւ աշխատելու հնարավորությունը: Այս ճանապարհը մենք ինչ-որ երկար ենք անցնում ու դեռ միայն անցնում ենք: Կարեւորության գիտակցումից` իրականացում. այս է խնդիրը:
Աշխատանքի հարգը բոլորը գիտեն, բոլորն էլ գիտեն, որ քիչ թե շատ նորմալ ապրելու համար պետք է աշխատել. դրա համար էլ գնում են Ռուսաստան: Սա նշանակում է. «Դուք տոնեք. ես գնացի աշխատանքի»:
Իհարկե, լավ է, որ աշխատանքի օրը նշվում է չաշխատելով, որովհետեւ մարդիկ պիտի ազատ լինեն լիաթոք ուրախանալու համար: Աշխատանքի տոնի մեջ այս վերջին բաղադրիչն է բացակայում` ուրախությունը: Մարդիկ ուրախանալու ոչ հավես ունեն, ոչ հնարավորություն:
Եվ ընդհանրապես, ինչ-որ բան նշելու համար մարդ պիտի տրամադրություն ունենա: Կանանց տոնը չհաշված, քանի որ ուզենք-չուզենք, տրամադրում են: Այսօր մեկը կարո՞ղ է ասել, թե հայ մարդը պետական տոնացույցի առնչությամբ թեկուզ չնչին ուրախություն է ապրում, եթե գիժ չէ: Միակ տոնը, որ սովորույթի ուժով հուսախառն ուրախություն է պատճառում, Ամանորն է:
Դե գործազուրկին ասա` աշխատանքի տոնն է, ուրախացիր: Պատասխանը, իհարկե, ենթադրելի է, բայց հրապարակման ենթակա չէ:
Լավ են արել, որ հիշել են աշխատանքի մասին, բայց հիշում են նաեւ հանգուցյալներին: Հուսանք` այդպես չէ, քանի որ վաղը Մեռելոցի օր չի հայտարարվել:













