Գլխավոր » Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն

Ինչ տրամաբանությամբ կառավարությունում կատարվեցին փոփոխությունները

Մայիս 11, 2013թ. 19:43

Գագիկ ՄինասյանՀարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Կառավարությունում փոփոխություններ կատարվեցին միայն տնտեսական բլոկում. փոխվեցին էկոնոմիկայի ու ֆինանսների նախարարներ Տիգրան Դավթյանն ու Վաչե Գաբրիելյանը։ Ինչո՞ւ հենց նրանք, եւ արդյոք փոխարինվեցի՞ն արժանի թեկնածուներով` հանձինս Վահրամ Ավանեսյանի ու Դավիթ Սարգսյանի:
-Հասարակության առաջ ծառացած խնդիրների լուծման հիմքը տնտեսությունն է: Հիշեցնեմ, որ Հայաստանի հիմնախնդիրների ողջ փաթեթից նախագահ Ս.Սարգսյանն իր երդմնակալության ելույթում առանձնացրեց երեք հիմնականը՝ արտագաղթ, գործազրկություն, աղքատություն: Իսկ այս բոլորի վերացման հիմքում աշխատանքն է` աշխատատեղերի ստեղծումը:
Դեռ նախորդ կառավարության օրոք կյանքի կոչված նոր տնտեսական քաղաքականությունը պահանջում է ծրագրերի առավել ընդգրկուն իրականացում։ Կարծում եմ, այս տրամաբանությամբ պայմանավորված կատարվեցին հիշյալ կադրային փոփոխությունները:
-Այնուհանդերձ, ինչո՞ւ փոխվեց հենց այն նախարարը, որի ղեկավարության օրոք արդյունաբերությունը 15 տոկոս աճ է գրանցել, թե՞, ընդդիմության պնդմամբ, ինչպես տնտեսական 7 տոկոս աճի, այնպես էլ արդյունաբերության 15 տոկոսի պարագայում գործ ունենք թվանկարչության հետ:
-Նախ՝ չափազանց դրական եմ գնահատում Տիգրան Դավթյանի կատարած աշխատանքը, իրավացի եք, այն ոլորտը, որը նա ղեկավարում էր, դարձել էր մեր տնտեսության լոկոմոտիվը, ու պատահականություն չէ արդյունաբերության բարձր ցուցանիշը:
Սակայն նախագահ Սերժ Սարգսյանը նոր ու առավել բարձր նշաձող է դրել ներկայիս կառավարության առաջ, կարծում եմ, որ նոր նախարարը կկարողանա ավելի բարձր ցուցանիշներ ապահովել: Ընդ որում, խոսքը միայն քանակականի մասին չէ, այլեւ որակականի:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, ես դրանք անհեթեթություն եմ համարում, որովհետեւ եթե ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած թվերը չհամապատասխանեն իրականությանը, ապա այդ անճշտությունները կարտահայտվեն բազմաթիվ այլ ոլորտներում:
-Կառավարության վերջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանը շեշտեց, թե շնորհիվ նախկին կառավարության աշխատանքի, անցած տարիների ընթացքում ստեղծվել են նպաստավոր պայմաններ, հիմքեր` լավ առաջընթաց ունենալու համար։ Ընդդիմությունը, սակայն, հակադարձեց, Հայաստանի սովորական քաղաքացին այդ նպաստավոր պայմանը չզգաց իր մաշկի վրա:
-Նախ, չափազանց կարեւորում եմ նախագահի այդ դիտարկումը, իրավացի ու առարկայական համարում կառավարության նախորդ տարիների աշխատանքին տրված գնահատականը, որովհետեւ մեզանում ակնհայտ են տնտեսական բարեփոխումների արդյունքները հատկապես ճգնաժամից հետո: Նախորդ կառավարությունն էր, որ մեր տնտեսության մեջ իրականացրեց դիվերսիֆիկացիա, հակաճգնաժամային ծրագիր, որն այսօր տալիս է իր դրական արդյունքները: Եվ այդ աշխատանքը մեր ապագա գործունեության համար ամուր հիմք է լինելու:
Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, ապա միշտ չէ, որ տնտեսական բարեփոխումների արդյունքները կարող են միաժամանակ հասանելի լինել բոլորին:
-«Հարցնելու ենք, ոչ թե ի՞նչ է արվել, այլ արվածը ի՞նչ արդյունքներ է տվել, եւ այդ արդյունքները պետք է լինեն չափելի ու տեսանելի». նախագահի այս խոսքը թերեւս վերաբերում է կարեւոր խնդիրներից մեկին` պետական միջոցների արդյունավետ օգտագործմանը:
-Այո: Մեկ ամիս առաջ խորհրդարանն ընդունեց օրենք, համաձայն որի՝ տողային բյուջետավորումից անցում ենք կատարում ծրագրային բյուջետավորման: Ո՞րն է տարբերությունը. սովորաբար ասում ենք` բյուջեից ծախսում ենք այսքան գումար, հավաքում` այսքանը, սակայն ծրագրային բյուջետավորման դեպքում փոխվում է հարցադրում` ի՞նչ արդյունքների ես հասել X գումար ծախսելով:
Կառավարությունն այլեւս հստակ պատասխան պետք է տա, թե ծախսված գումարներով ի՞նչ խնդիրներ է լուծել: Պետական միջոցների արդյունավետ օգտագործումը դառնում է կարեւոր նախապայման: Հենց այս հանգամանքն է իր խոսքում կարեւորել նախագահը:
-Նոր կառավարության քաղաքականության առնչությամբ եղան տարբեր արձագանքներ: Վ.Օսկանյանը կարեւորել էր բարեփոխումների նկատմամբ օլիգարխիայի դիմադրության հաղթահարումը, խորհուրդ տվել անվերապահորեն չենթարկվել Արժույթի միջազգային հիմնադրամի թելադրանքներին: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:
-Ցանկացած պետության, այդ թվում եւ Հայաստանի համար այդ խորհուրդներն ընդունելի են այնքանով, որքանով, ավելին՝ այդ մոտեցումը մենք նոր չէ, որ որդեգրել ենք, դա մեր կառավարության գործելաոճն է:
Ինչ վերաբերում է օլիգարխիայի դիմադրությանը, այո, դա ճշմարտություն է, բայց պարոն Օսկանյանը հեծանիվ չի հայտնագործել: Օլիգարխիան գիտի, որ բարեփոխումների հետեւանքով իր դերը տնտեսական կյանքում նվազելու է, դրա համար էլ պայքարում է: Այնուհանդերձ, համաձայնելով գնահատականի հետ, ասեմ, որ կա դրա դեմ պայքարի գիտակցումը, եւ այդ պայքարը կլինի անընդհատ:
-Փաստորեն, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով այսօր երկրում ստեղծվել է բարենպաստ իրավիճակ, ինչի մասին շեշտեց նաեւ նախագահը, եւ սա նշանակում է, որ առավել քան մեծ են ակնկալիքները կառավարությունից։ Ըստ ձեզ, երբվանի՞ց կյանքի բարելավումը շոշափելի ու տեսանելի կդառնա յուրաքանչյուր քաղաքացու համար:
-Նախ՝ քաղաքական տեսանկյունից մի ընդգծում անեմ. իրոք, երկրում ավարտվեցին ընտրական գործընթացները, եւ ամենից կարեւորն այն է, որ ավարտվեցին անցնցում, առանց հասարակությանը բարիկադների միջեւ բաժանելու, իսկ դա երկարատեւ ու հետողական աշխատանքի արդյունք է:
Չափազանց կարեւորում եմ նախագահի այն պնդումը, որ այսուհետ հասարակությունը շոշափելիորեն կզգա տարիների բարեփոխումների իրական արդյունքները: Նախագահն իր երդմնակալության ելույթում եւս ընդգծեց, որ ընտրությունների ժամանակ հասարակության փոխանցած ուղերձներն ընկալվել են, եւ լրջագույն աշխատանք է տարվում դրանց իրականացման ուղղությամբ: Այնպես որ մեր քաղաքացիները մոտ ապագայում այդ ամենը կզգան իրենց մաշկի վրա:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հարցազրույցներ, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն