Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն

ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ՉՎՍՏԱՀԵՑԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ

Մայիս 9, 2013թ. 19:49

Հարցազրույց քաղաքագետ ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆԻ հետ

-Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմությունը ընդհանուր առմամբ անհաջողության մատնվեց։ Որո՞նք են ձախողումների հիմնական պատճառները:
-Ավագանու ընտրությունները տրամաբանական շարունակությունն էին նախագահական ընտրությունների, իսկ այդ ընտրություններում ընդդիմությունը չկարողացավ հանդես գալ միասնական թեկնածուով, ազդեցիկ ուժերը հրաժարվեցին մասնակցությունից: Ստացվեց այնպես, որ գործող նախագահի հիմնական մրցակից դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանը, որի թիմը բավական թույլ էր, հետեւաբար՝ դատապարտված պարտության:
Իսկ հետո, 540 000 քվե վաստակած անձը հիասթափեցրեց մարդկանց իր ոչ քաղաքական գործողություններով: Դրա հետեւանքով վարկաբեկվեց առհասարակ ընդդիմության գաղափարը Հայաստանում: Ավագանու ընտրություններում ընդդիմության քիչ ձայներ հավաքելու պատճառը հասարակության խորը ապատիան էր:
-Պարտության պատճառներից մեկն էլ ա՞յն չէ, որ նրանք շատ ավելի տարվեցին իշխանության ներկայացուցչին վարկաբեկելով, քան սեփական ծրագրերը ներկայացնելով, իսկ երեւանցին ակնկալում էր լսել իր կենցաղային խնդիրների լուծման առաջարկներ:
-Այդ հանգամանքն էլ իր դերակատարությունն ունեցավ: Ընդդիմադիրները պատրաստ չէին մանրամասնորեն ներկայացնել քաղաքի զարգացման հստակ ծրագիր, ու ստացվեց, որ միայն քննադատեցին, հասարակությունն էլ հնարավորություն չունեցավ ընկալել ու ընդունել այդ ուժերին:
Բայց նաեւ չարժե քաղաքական պայքարը հակակշռել տեղական խնդիրներին, ի վերջո սա էլ քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս է: Եվրոպայում, երբ պայքարում են սոցիալ-դեմոկրատներն ու քրիստոնյա-դեմոկրատները, դա չի նշանակում, որ նրանք չեն բարձրացնում տեղական խնդիրներ:
-Մեկ ամիս շարունակ ընդդիմադիրները հայտարարում էին` տեր են կանգնելու իրենց ձայներին, ուշի-ուշով վերահսկելու են: Ու վերահսկեցին, բայց հետո ասացին` ընտրությունները կեղծված են: Ինչպե՞ս հասկանալ:
-Բանն այն է, որ իշխանությունը հիմնականում չընտրեց ընտրակեղծիքներ իրականացնելու ճանապարհը ու իր քվեն ապահովեց մեկ այլ` «մարդ բերելու» մեխանիզմով:
Գիտեք, երբ երկրում թուլանում է քաղաքական գործոնը, ազդեցիկ ու վճռորոշ են դառնում չքաղաքացիները, մարդիկ, ովքեր իրականում համարվելով Հայաստանի քաղաքացիներ, որեւէ կապ չունեն քաղաքացիական արժեքների հետ: Այդ մարդիկ երկրի վարած տնտեսական քաղաքականության արգասիքն են, նրանք հիմնականում գործազուրկներն են, որոնք ապրում են բոմժի հոգեբանությամբ, այն է` լուծել օրվա հացի խնդիր ու տրված փայաբաժնից լինել բավարարված եւ երջանիկ:
Ու չնայած ընտրությունները վերահսկվեցին, բայց այս «կոնտինգենտը» դարձավ վճռորոշ գործոն, քանի որ քվեարկեց իրեն ընտրատեղամաս բերած ուժի օգտին:
-Համաձայն չե՞ք, որ հիմնականում ընդդիմադիր ընտրազանգվածը չմասնակցեց ընտրություններին, հանգամանք, որ կրկին փաստում է ընդդիմության հանդեպ վստահության պակասի մասին:
-Համաձայն եմ, չմասնակցեց, որովհետեւ մարդիկ այլեւս հույսեր չեն կապում ընդդիմության հետ, քանզի վերջիններս չկարողացան հանդես գալ որպես համարժեք այլընտրանք, եւ ընդդիմության թուլության հետեւանքով իշխանությունը վերարտադրվեց: Եթե լիներ այդ հավատը, ապա ընտրություններին կմասնակցեր ակտիվ ընտրազանգվածը ու թույլ չէր տա, որ քաղաքացիական արժեքներն անտեսողները դոմինանտ դեր ունենային ընտրություններում:
Բայց ես մերժում եմ մեղքն ամբողջությամբ ժողովրդի վրա բարդելու մոտեցումը: Եթե մեղադրում ես ժողովրդին, ուրեմն այլեւս չես կարող գործունեության հնարավորություն ունենալ:
Հակառակը, կարծում եմ, որ ընդդիմությունը պետք է փորձի փոխել իր գործելաոճը: Հակառակ դեպքում կստացվի, որ ապրում է միֆերով, ու քանի որ դրանք իրականություն չեն դառնում, մեղադրում է ժողովրդին:
-ՀԱԿ-ի, ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի հավաքած քվեները նկատելիորեն մոտ են իրար, եւ կարծիք հայտնվեց, թե դա կեղծ ընդդիմություն խաղալու հետեւանք էր:
-Ես չեմ ընդունում «կեղծ ընդդիմություն» արտահայտությունը: Իսկ ո՞րն է իրական ընդդիմությունը: Եթե ՕԵԿ-ը չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին, ինչպե՞ս կարելի է նրան մեղադրել կեղծ ընդդիմություն լինելու մեջ: Կամ, ինչպե՞ս կարող ենք ՀՅԴ-ին կեղծ համարել: Դրանք էժանագին բառախաղեր են ու ընդամենը խճճում են մարդկանց: Այստեղ ես միտում եմ տեսնում:
Իրողությունն այն է, որ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հանդես եկան որոշակի կարգախոսներով եւ փորձեցին համոզել ակտիվ քաղաքացիներին մասնակցել ընտրություններին` հակակշռելով պասիվին, բայց դա նրանց չհաջողվեց: Ուրեմն պետք է մտածեն` ինչո՞ւ չհաջողվեց:
Այս ընտրություններում հասարակությունը չհավատաց ընդդիմությանը, հավատաց ՀՀԿ-ին, ու այս ուժը շարունակելու է կառավարել, դե թող հասարակությունն էլ ուշի-ուշով հետեւի, թե ինչպե՞ս է կառավարում: Իսկ ընդդիմությունն էլ իր հերթին թող գա հետեւության. կարծում եմ, որոշ ժամանակ անց նրանք կփորձեն նոր ձեւով հանդես գալ:
-«Բարգավաճ Հայաստանին» հաջողվե՞ց վերականգնել կորցրած վարկանիշն ու ստանալ իր բաժին ձայները, որոնք, ըստ ԲՀԿ-ականների, նախագահական ընտրությունների ժամանակ բաժին հասան «Ժառանգությանը»:
-«Բարգավաճը» չմասնակցելով նախագահականին, իրոք, վարկանիշային կորուստ ունեցավ: Սակայն, դրանով հանդերձ, ավագանու ընտրությունները փաստեցին, որ նրա վարկանիշային կորուստը, մյուսների համեմատությամբ, քիչ է: Կարծում եմ, ԲՀԿ-ն եւս պետք է լրջորեն մտածի վերափոխման մասին, ժամանակն է, որ այդ ուժը հանդես գա հստակ հայեցակարգով, որպեսզի մարդիկ հասկանան, թե ի՞նչ այլընտրանքային փոփոխություններ է առաջարկում երկրի տնտեսության զարգացման, Երեւանի կառավարման հարցերում: Մինչդեռ ԲՀԿ-ի քարոզարշավից մարդիկ շատ բան չընկալեցին ու չհասկացան:
-Անդրադառնանք «Բարեւ, Երեւանին». համակարծիք չե՞ք, որ դաշինքը ստացավ այնքան ձայն, որքան վստահություն ու անձնական վարկանիշ ունի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
-Իհարկե: Նախ, նրանք տակտիկական մեծ սխալ գործեցին ներկայանալով «Բարեւ, Երեւան» բրենդով, շատերը չգիտեին, որ «Բարեւը» «Ժառանգությունն» էր: Մյուս կողմից՝ հետընտրական գործընթացների ժամանակ թույլ տրված սխալների պատճառով Հովհաննիսյանը հեղինակազրկվել է:
Բայց, ինչպես ասում են, քաղաքականությունը փոփոխական է, եթե «Ժառանգության» առաջնորդը շտապի ճիշտ հետեւության հանգել, ապա ամեն ինչ կարող է կտրուկ փոփոխվել:
-Կարո՞ղ ենք եզրահանգել, որ այս ընտրություններն ի ցույց դրեցին ընդդիմադիր ուժերի սպառված ու ոչ կենսունակ լինելը:
-Այո, եւ սա մտահոգիչ է: Ընդդիմադիրները պետք է այսօր իսկ մտածեն իրենց բարեփոխման մասին: Ցավոք, ներկայումս մեր հասարակությանը չեն հետաքրքրում զուտ գաղափարական` լիբերալ, սոցիալիստ, պահպանողական բնույթի հարցերը: Ուրեմն պետք է փորձել կոնսոլիդացնել սեփական ուժերը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն