Շուշիի ազատագրման օպերատիվ պլանին ՀՀՇ ղեկավարությունը հավանություն չէր տվել
Հարցազրույց Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ (ԱԳՈ) հետ
-Հայոց հինավուրց քաղաքի` Շուշիի ազատագրումը համարվում է առեղծվածային այն իմաստով, որ հայկական ուժերը կարողացան անառիկ բերդաքաղաքն ազատագրել այն ժամանակ, երբ հակառակորդը Շուշիում մեծաքանակ ռազմական տեխնիկա եւ զինուժ էր կենտրոնացրել: Ինչպե՞ս իրականացվեց:
-Եթե պատրաստ ես զոհաբերության, եթե հավատում ես ուժերիդ, եթե ամուր ես բարոյապես, ուրեմն արժանի ես հաղթանակի: Մենք հավատում էինք, որ Շուշին ազատագրվելու է, Արցախում չկար մեկը, որ կասկածեր կամ դեմ լիներ Շուշիի ազատագրման գաղափարին, եւ Աստված այդ հաղթանակը մեզ շնորհեց:
-Այսինքն՝ հաղթանակի առեղծվածը հայի ոգու եւ նվիրումի մեջ է:
-Այո, նաեւ այդ տարիներին բնորոշ համերաշխության ու միասնականության մեջ: Իսկ եթե կա հավատ, սեր առ հայրենիք եւ առ Աստված, մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի հարց է:
-Հայտնի է, որ գրոհը նախատեսված էր սկսել դեռեւս մայիսի 4-ին, բայց տարբեր պատճառներով հետաձգվել է: Ինչո՞ւ:
-Այո, գրոհին պատրաստվում էինք դեռ ապրիլից: Իսկ հետաձգման հիմնական պատճառը անհրաժեշտ քանակության զենք-զինամթերքի բացակայությունն էր: Բայց մենք ձեռքներս ծալած չէինք նստել, մեր հետախուզությունը հավաքում էր անհրաժեշտ տեղեկատվություն թշնամու զինուժի վերաբերյալ: Գիտեինք, որ ադրբեջանցիները եւս պատրաստվում էին հարձակման` Ստեփանակերտի ուղղությամբ:
-Ովքե՞ր են մասնակցել Շուշիի ազատագրման օպերատիվ պլանի կազմմանը:
-Նրանք ովքեր այդ ժամանակ բանակի ղեկավար կազմում էին.
Արկադի Տեր-Թադեւոսյանը, որը Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈՒ) հրամանատարն էր, Սերժ Սարգսյանը, Ֆ.Գզողյանը, 4 ուղղությունների հրամանատարները` Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը, Վալերի Չիթչյանը եւ ես:
Որոշվեց գրոհի օրն ու ժամը` մայիսի լույս 8-ի գիշեր, 2։30-ին, իսկ գրոհն սկսվեց Քիրսի ռազմական դիրքերը գրավելուց եւ Լաչին-Շուշի ճանապարհը հսկողության տակ վերցնելուց հետո ՄՄ-21 ռեակտիվ մարտկոցի համազարկով: Ինչպես հայտնի է, ռազմական գործողությունը ղեկավարում էր Արկադի Տեր-Թադեւոսյանը:
Գրոհն իրականացվեց միաժամանակ 4 ուղղություններով: Սեյրան Օհանյանը, որ հարավարեւմտյան հատվածի հրամանատարն էր, գյուղերը թուրքական զորքերից մաքրելով՝ շարժվեց դեպի բերդաքաղաք, Սամվել Բաբայանի ջոկատը փակել էր Շուշի-Լաչին տանող ճանապարհը:
Սա թուրքերին գցեց խուճապի մեջ, հասկացան, որ հայերը թիկունքից են հարվածում: Մի ամբողջ օր բերդաքաղաքի մատույցներում ակտիվ մարտեր ծավալվեցին, եւ միայն մայիսի 9-ի լուսադեմին` ժամը 4:30-ին հայկական զինուժը մտավ Շուշի:
-Մինչդեռ այսօր ներկայացվում է, թե իբր Շուշիի հաղթանակը հեշտ է ձեռք բերվել, քանի որ թշնամին ինքնակամ հեռացել էր քաղաքից:
-Շատերն են այդպես ներկայացնում, տպավորություն ստեղծելով, թե զուռնա, դհոլով ենք մտել քաղաք: Բայց հաղթանակը ամենեւին էլ հեշտ ձեռք չբերվեց, որովհետեւ հակառակորդն ակտիվ դիմադրում էր:
Այսօր, երբ արտասահմանից զինվորականներ են գալիս Արցախ, տեսնելով Շուշիի դիրքը՝ զարմանում են, չեն կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս է հայ զինվորը կարողացել քիչ զինտեխնիկայով ազատագրել քաղաքը: Ու քանի որ շատերը չեն հասկանում, սկսում են նման հեքիաթներ հորինվել, թե քաղաքում թուրք չկար:
Եղան պահեր, երբ հայտնվեցինք շատ ծանր վիճակում, ստիպված էինք նույնիսկ դիրքեր զիջել ու դարձյալ զենքի պակասի պատճառով: Ես ղեկավարում էի արեւելյան ուղղությունը` Շոշ գյուղի մոտ, կեսօրին մեր փամփուշտները վերջացան, հրահանգեցի նահանջել` զոհերից խուսափելու համար: Եվ երբ Վազգեն Սարգսյանը զինամթերք հասցրեց, մեզ 7-րդ երկնքում էինք զգում:
Չնայած նման իրավիճակներին, այնուհանդերձ ամենեւին չէինք կասկածում մեր հաղթանակին: Հաղթանակած մտանք Շուշի եւ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին ծածանվեց հայոց եռագույնը:
-Ռազմագետների գնահատմամբ, Շուշիում իրականացվել է ռազմարվեստի տեսակետից անթերի պլան, բայց արդյոք միայն դա բավարա՞ր էր լիարժեք հաղթանակի հասնելու համար, եթե չլիներ հայ զինվորի անձնուրաց ոգին:
-Կասեմ մի բան, որ գրեթե չի ասվել. մեր ռազմական պլանը նույնիսկ բացթողումներ ուներ, չեմ խոսի դրանց մասին, ընդամենը նշեմ, եթե այդ թերությունները չլինեին, մեր մուտքը Շուշի շատ ավելի արագ կլիներ: Իսկ կատարյալն ու անթերին հայ ժողովրդի, հայ զինվորի ոգին էր:
-Ասվում է, որ Շուշիի հաղթանակը բեկում մտցրեց Արցախյան պատերազմում, այն որակական մի նոր փուլ թեւակոխեց: Ո՞րն էր այդ հաղթանակի ռազմական-քաղաքական, հոգեբանական նշանակությունը:
-Շուշիի հաղթանակը հսկայական նշանակություն ունեցավ: Արցախի ցամաքային եւ օդային ճանապարհները շրջափակված էին, չկար խմելու ջուր, էլեկտրաէներգիա, գազամատակարարում, խողովակաշարը Շուշիում էր, ու թուրքերը կտրել էին այն: Մի խոսքով, Արցախի տնտեսությունը կաթվածահար վիճակում էր: Մյուս կողմից էլ անընդհատ հրթիռակոծում էին Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը:
Իսկ Շուշիի ազատագրումով մեր շունչը բացվեց, քանի որ բացվեց Քարվաճառի ճանապարհն ու կապ հաստատվեց Հայաստանի հետ: Այդ հաղթանակը մեզ նաեւ մեծ ուժ տվեց, համոզված էինք, եթե ազատագրել ենք մեր բերդաքաղաքը, ուրեմն մեզ այլեւս որեւէ դժվարություն չի կարող կանգնեցնել: Հակառակ իրավիճակն էր թուրքերի շրջանում` հուսալքություն, խուճապ:
-Հայտնի է, որ Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը կազմվել է գաղտնիության պայմաններում, իսկ պատճառն այն էր, որ Հայաստանի ղեկավարությունը հավանություն չէր տվել այդ գործողությանը: Ավելին՝ Տեր-Պետրոսյանը վրդովված ասել էր. «Դուք էդ քանի՞ գլխանի եք, որ որոշել եք ռազմական ճանապարհով ազատագրել Շուշին, ո՞վ է պատասխան տալու հետեւանքների մասին, ես Թեհրանում ձեռք եմ բերել ղարաբաղյան հարցը խաղաղ ճանապարհով լուծելու պայմանավորվածություն»:
-Այո, ի տարբերություն Արցախի, Հայաստանի քաղաքական վերնախավում որոշ անձինք բոլորովին այլ դիրքորոշում ունեին: Նրանք փորձում էին իրենց կոսմոպոլիտ գաղափարներով թուլացնել մեր միտքն ու ուժերը: Բայց ո՛չ մտքով, ո՛չ էլ հոգով մենք չթուլացանք:
88-ի փետրվարից ես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ եմ, ընդ որում, շատ ավելի վաղ եմ անդամակցել, քան նույն Տեր-Պետրոսյանը, եւ շատ լավ գիտեմ, թե ո՞վ է նա ու իր շրջապատից էլի մի քանիսը: Տեր-Պետրոսյանն ասում էր՝ մեր ուժը մեր թուլության մեջ է, այսինքն՝ մեզ բանակ պետք չէ: Ասում էր` ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է: Այսքանն արդեն բավական չէ՞ ճանաչելու նրան:
Քաղաքական վերնախավում կային մարդիկ, որոնք կտրականապես դեմ էին Տեր-Պետրոսյանի մոտեցումներին, նրանցից մեկը Վազգեն Սարգսյանն էր: Տեր-Պետրոսյանի նպատակն էր Ղարաբաղը խաղաղ ճանապարհով թողնել Ադրբեջանի տարածքում: ՀՀՇ-ն մտածում է` Հայաստանը ոտքի կկանգնի, հետո միայն կզբաղվի Ղարաբաղի հարցով: Իրականում ՀՀՇ-ն Ղարաբաղը խաղաքարտ դարձրած եկավ իշխանության:
–Վերջին տարիներին ՀՀՇ-ական շրջապատը հանկարծ սկսեց խոսել Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես կոչված, ռազմական հաղթանակներից՝ նրան համարելով «հաղթանակած նախագահ»: Ի դեպ, օրերս էլ Վազգեն Մանուկյանն էր նկատել, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակներից առաջին անգամ խոսվեց 2008-ին, երբ նա վերադարձավ քաղաքականություն ու դրեց իր թեկնածությունը: Ի վերջո, Տեր-Պետրոսյանն ինչ-որ ներդրում ունեցե՞լ է Շուշիի հաղթանակում:
-Ցավալին այն է, որ կեղծարարներն ամեն ինչ այնպես են խճճել, որ երբեմն դժվար է լինում հասկանալ` ով ով է: Շատ ճիշտ է ասել Վազգեն Մանուկյանը: Հարցին այսպես կպատասխանեմ. մեր ազգը շատ հզոր է, ու գիտե՞ք ինչու. ՀՀՇ ղեկավարությունն ամեն կերպ ցանկացավ, որ ազգը պարտվի, թուլանա, բայց նա հաղթեց, ուրեմն այդ ազգը, իրո՛ք, հզոր է:
Եթե Տեր-Պետրոսյանը ցանկանար, մենք այն ժամանակ ավելի շատ հաղթանակներ կունենայինք: Բայց դրա փոխարեն 1992-ին մեր առաջ դրեցին Սոչիի խայտառակ պայմանագիրը, որով մեզ հսկայական զիջումներ էին պարտադրվում, եւ դա այն դեպքում, երբ հայկական զինուժն իր հայրենիքն ազատագրելով առաջ էր գնում:
Սամվել Բաբայանը 1996 թվականին ներկա է եղել Երեւանում կազմակերպված մի խորհրդակցության, որի ժամանակ Շահեն Կարամանուկյանն ասել է` ազատագրված տարածքները կտանք, իսկ հետո, երբ կուզենք` հետ կվերցնենք: Հռոմի կայսրե՞րն են, որ երբ ուզենան տան ու հետ առնեն: Սա նշանակում է, որ վերնախավում չկար հայրենիքի ընկալումը, նշանակում է՝ չէին գիտակցում, որ ամեն մի թիզ հողի համար արյուն է թափվել: Ահա թե ովքեր էին մեր ազգի ճակատագիրը որոշողները: Եվ գիտե՞ք ի՜նչ դժվար էր մեզ համար երկու ճակատով կռվելը` մի կողմից թուրքի դեմ, մյուս կողմից՝ իշխանության:
Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի «հաղթանակած նախագահ» լինելուն, ապա եթե գործը նրան մնար, ուրեմն հայ ազգին մի քանի անգամ կծախեր: Ես զարմանում եմ, որ ժողովրդի մեջ կա մի հատված, որն այդ ամենը մոռացած՝ գնում, կանգնում է նմանների կողքին: Փաստորեն մարդիկ ուզում են, որ իրենց խաբեն»:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
Թեգեր` ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Արցախ, Շուշի












