Գազի սակագնի աճը նաեւ «ՀայՌուսգազարդի» ախորժակի մեծացման հետեւանք է
Հարցազրույց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ
-Հայաստանում գազի սակագնի բարձրացումն իրականում ի՞նչ գործընթացի հետեւանք է. Եվրոպայում արդեն 1-2 տարի առաջ գրանցված գնաճի ալի՞քն է, որ հասավ նաեւ Հայաստան:
-Եվրոպա մատակարարվող գազի սակագինը բավականին աճել է, եւ այդ աճը գրանցվեց Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում: Ընդ որում, այդ երկրներում գազի գինը շատ ավելի է բարձրացել, քան կարող է տեղի ունենալ Հայաստանի Հանրապետությունում:
Եվրոպայի համեմատությամբ մի փոքր ավելի նվազ, բայց աճ կա նաեւ ԱՊՀ անդամ երկրներում, ինչպես Ուկրաինայում, Բելառուսում, մի խոսքով, ամենուր, ուր հոսում է ռուսական գազը, երկրներ, որոնք համարվում են ռուսական գազի հիմնական սպառողները: Բնական էր, որ այդ ալիքը, այո, պետք է հասներ նաեւ Հայաստան: Ավելին՝ այդ գործընթացը Հայաստան հասավ մի քանի ամիս ուշացումով, ու լավ էր, որ դա ձմռան ամիսներին չեղավ:
-Բայց գազի գնի բարձրացման մասին մեզանում մտահոգություններ արտահայտվում էին դեռ մեկ, երկու տարի առաջ: Ի դեպ, կային հույսեր, որ ընթացող բանակցություններով հնարավոր կլիներ գոնե զսպել բարձր գնաճը:
-Այո, այդ մտահոգություններն արտահայտվեցին հենց այն շրջանում, երբ սակագնի բարձրացում գրանցվեց եվրոպական մի շարք երկրներում: Անշուշտ, մեզ համար ընդունելի չէ սակագնի նման ցատկը, բայց սա հետեւանք է շուկայական տնտեսության պայմաններում Ռուսաստանի Դաշնության կոնյունկտուրայի փոփոխության:
Այսինքն՝ ՌԴ-ն, ինչպեսեւ ցանկացած երկիր, իր ռեսուրսները տնօրինում է ինքնիշխան ձեւով, ինքն է որոշում, թե ի՞նչ գնով վաճառի իր ապրանքը: Ու եթե մեծ է տվյալ ապրանքի պահանջարկը, բնական է, որ բարձր է լինելու եւ գինը:
-Փաստորեն շրջանցվեցին նաեւ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերային հարաբերությունները:
-Հարցին հետեւյալ կերպ պատասխանեմ. Ռուսաստանը Հայաստանի Հանրապետության հետ ունի ոչ սովորական, այլ, ընդգծում եմ, հատուկ հարաբերություններ։ Ես չեմ խուսափում օգտագործել «հատուկ» բառը, քանի որ նախկին խորհրդային երկրներից որեւէ մեկի հետ Ռուսաստանը չունի նման յուրահատուկ հարաբերություններ, չունի առավել վստահելի կապեր, որպիսիք հաստատել ու զարգացրել է Հայաստանի հետ:
Սակայն պետք է ասել, որ չնայած քաղաքական զարգացումների դինամիկային, այնուհանդերձ երկու երկրների միջեւ կա տնտեսակա՛ն համագործակցությունը զարգացնելու, խորացնելու անհրաժեշտություն, այսինքն՝ տնտեսականը համարժեք չէ քաղաքականին: Այս ուղղությամբ մենք պետք է լուրջ աշխատենք, հակառակ դեպքում Հայաստանի տնտեսությունը կհայտնվի մրցունակության կորստի վտանգի առաջ:
-Ի՞նչ կասեք այն դիտարկման մասին, որ գազի սակագնի աճը նաեւ «ՀայՌուսգազարդի» ախորժակի մեծացման հետեւանք է:
-Անշուշտ, այդ հանգամանքը եւս կա, ու այս իրավիճակում շատ ավելի տեղին կլինի խոսել «ՀայՌուսգազարդի» ախորժակի մեղմման մասին: Քանի որ եթե այս կազմակերպությունը չվերանայի իր քաղաքականությունը, ապա ներկայիս պայմաններում դա ոչ միայն տնտեսական, այլեւ սոցիալական լրջագույն հարված կլինի երկրի համար:
-«ՀայՌուսգազարդի» ախորժակի մասին է փաստում եւ այն, որ ներմուծման գնի 90 դոլար թանկացման պայմաններում նախատեսվում է խոշոր սպառողներին մատակարարվող գազի սակագինը բարձրացնել 149 դոլարով։ Ինչը 60 դոլարով ավելի է ներմուծվող գնից։
-Այդ կազմակերպության նման պահվածքը, այսինքն՝ գազի սակագնի հետ կապված տարբերակված մոտեցումը, նոր երեւույթ չէ, նախկինում եւս դրսեւորվել է: Բայց խնդիրն այն է, որ եթե նախկինում «ՀայՌուսգազարդը» իր քաղաքականությունը հիմնավորում էր երկրում իրականացվող խոշորածավալ ներդրումների իրականացմամբ՝ պնդելով, որ իր շահույթի մեջ պետք է մտնեն նաեւ այդ ներդրումների հետ կապված ծախսերը, ապա ներկայումս չկան նման լուրջ փաստարկներ, որովհետեւ Հայաստանում հիմնականում ավարտվել է գազիֆիկացումը, ու եթե դեռ որոշակի աշխատանքներ էլ կատարվում են, ապա դրանք անհամեմատ քիչ են, քան 5-6 տարի առաջ:
-Սոցիալական լարվածությունից խուսափելու նպատակով կառավարությունը հայտարարեց սակագնի բարձրացումը 30 տոկոսով սուբսիդավորելու մասին: Իրականացվող քայլերը բավարա՞ր են:
-Ասեմ, որ ե՛ւ գազի սակագինը 30 տոկոսով սուբսիդավորելը, ե՛ւ սոցիալապես անապահով ընտանիքներին համարժեք օժանդակություն ցույց տալը մեր կողմից ներկայացված առաջարկներ են, որոնց, հուրախություն մեզ, անմիջապես արձագանքեց կառավարությունը: Սակայն մեր առաջարկներն այդքանով չեն սահմանափակվում: Առաջարկում ենք չմեկուսանալ ժողովրդի դժգոհության ալիքից ու ծավալել հրապարակային քննարկումներ:
Երկրորդ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չպետք է անցկացնի ներգերատեսչական քննարկումներ, ինչպես անում է սովորաբար, այլ քննարկումներին պարտադիր ներգրավի ոլորտի մասնագետներին, որոնք ունեն շատ լուրջ փաստարկներ չարաշահումների մասին:
Խոսքս ուղղում եմ ոչ միայն Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովին, այլեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին` ուշադիր լինել եւ դադարեցնել ապօրինությունները. գազի վերջնական գինը դեռ ճշտված չէ, բայց արդեն որոշ գազալցակայաններում նկատելի են գների բարձրացման փորձեր, նույնը նկատվում է նաեւ ցեմենտի վաճառքում, պետք է կանխել գնային թռիչքը: Այս ամենը քրեորեն հետապնդելի քայլեր են:
Եվ մենք պահանջում ենք խստացնել գազի սպառման հետ գործ ունեցող ոլորտների վերահսկողությունը:
-Գազն ապրանք է, որի գնի բարձրացումը շղթայական ռեակցիայով կանդրադառնա նաեւ մյուս ապրանքների գների վրա, այդ թվում եւ էլեկտրաէներգիայի: Կկարողանա՞ կառավարությունը զսպել թանկացումների սպասվող շղթան:
-Ջերմաէլեկտրակայանների համար, որոնք գազ են սպառում, կառավարությունը կարող է որոշակի փոխհատուցում նախատեսել: Բայց ընդհանուր առմամբ, գազի գնի բարձրացման հետեւանքով գնաճն անխուսափելի է, քանի որ չկա այնպիսի ծառայություն, որը չներառի գազի բաղադրիչը, այդ թվում եւ տրանսպորտային ոլորտը, որը հիմնականում աշխատում է գազով: Այս ամենը գալիս է ասելու, որ կառավարությունը դրամավարկային քաղաքականության հետ միաժամանակ պետք է կիրառի զսպող մեխանիզմներ, ինչպես արդեն նշեցի, պետք է խստացվի պետության վերահսկողությունը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












