Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՋԻՆԸ ՇՇԻՑ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ

Մայիս 19, 2013թ. 22:33

Հարցազրույցը ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, diplomat.am կայքի տնօրեն ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ հետ

«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆ»`
ԾՐԱԳՐՎԱԾ ՕՊԵՐԱՑԻԱ

-Ովքե՞ր են «Արաբական գարուն» կոչվող սցենարի հեղինակները եւ իրականում ի՞նչ են ուզում սցենարիստները` տակնուվրա անելով ողջ Մերձավոր Արեւելքը:
-Երբ փլուզվեց Խորհրդային Միությունն, ու երկրագունդը դարձավ միաբեւեռ, քեռի Սեմը` Միացյալ Նահանգները, ամենահզոր երկրի իրավունքով ազդարարեց աշխարհի քարտեզի վերաձեւավորման մասին: Ռուսաստանն էլ, սթափվելով ելցինյան քաղաքական շփոթից, Պուտինի նախագահության շրջանից հայտ ներկայացրեց աշխարհի հետ մեծ տերության լեզվով խոսելու ու թեկուզ թուլացած, բայց հասկացրեց, որ չի կարելի իրեն անտեսել համաշխարհային գործերը որոշելիս:
Այս ժամանակ էր, որ ի հայտ եկավ «Արաբական գարուն» կոչվող սցենարը: Այն ամենայն հավանականությամբ գրվել է արեւմտյան խոշոր տերությունների դիվանագիտական, հետախուզական, ռազմական վերլուծական կենտրոններում: Ավելին, կարծում եմ, Բժեզինսկու ծրագիրն է: Ու այսօր այն, ինչ կատարվում է ողջ տարածաշրջանում, համակարգված քաղաքական, տնտեսական ու ռազմական մտածված եւ ծրագրված օպերացիա է:
-Նպատակը Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի կողմից կառավարելի վարչակարգերի հաստատո՞ւմն է:
-Նպատակը սեփական աշխարհաքաղաքական դիրքերի ամրապնդումն է: Բայց նրանք, ովքեր գրեցին «Արաբական գարուն» սցենարը, թույլ են տվել մի մեծ սխալ, այն է` որպես հիմնական խաղացող ընտրեցին իսլամական շարժման առաջամարտիկներին ու դրանով իսկ բաց թողեցին հրեշին:

ԱՄՆ-Ը ՎԱՏ ԱԼԱԴԻՆԻ ԴԵՐՈՒՄ
-Ռուս-ամերիկյան ի՞նչ շահեր են այսօր բախվում Մերձավոր Արեւելքում, մասնավորաբար Սիրիայի շուրջ:
-Վերջին քառորդ դարում Ռուսաստանը գրեթե կորցրել է իր դիրքերը Մեծ Մերձավոր Արեւելքում` օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Նրա ակտիվում մնացել է միայն Սիրիան:
Հրաժարվել այս վերջին հենակետից, անկախ նրանից՝ Բաշար Ասադը կլինի նախագահ, թե ոչ, նա չի կարող հետեւյալ հիմնական պատճառներով. առաջին՝ Սիրիան միակ կետն է, որն ապահովում է ռուսական զինուժի ներկայությունը Միջերկրականի ավազանում, երկրորդը սուննիզմի վտանգն է:
Ռուսները լավ են հասկանում, որ Սիրիայում մարտնչող իսլամիզմի հաղթանակի դեպքում նրա շոշափուկները կտարածվեն դեպի Կովկաս՝ ընդհուպ մինչեւ ռուսական կենտրոնական տարածքներ ու Մոսկվա, իսկ դա կնշանակի Ռուսաստանի վերջնական քայքայում: Սուննիզմի զսպմանն էր ուղղված Պուտինի՝ 2000-ին իրականացրած քաղաքականությունը Չեչնիայում: Նա հենց բնում խեղդեց սուննիզմն ու նրա առաջխաղացումը:
Իսկ այսօր ռուսները մտահոգ են, որ նույնը թերեւս չկարողանան անել Սիրիայում, որովհետեւ այստեղ կա իսլամիզմի հավաքական հզոր ուժ: Պատահական չէ, որ ԱՄՆ պետքարտուղար Քերին Մոսկվայում ասաց` Սիրիան մագնիսի նման դեպի իրեն է ձգում իսլամական ծայրահեղականներին, որոնք իշխանության գալու դեպքում ավելի վատթար վիճակ կստեղծեն երկրում: Իսրայելն իր հերթին եւս այն կարծիքին է, որ Ասադը չարիք է, իսկ ովքեր նրան ուզում են փոխարինել, տասնապատիկ ավելի չարիք կարող են բերել:
Պուտինը եւս, որ մինչեւ վերջերս խաղադրույքը դրել էր Ասադի վրա, Քերիի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, թե իրենք Ասադի համար չեն մտահոգված, այլ թե որ ուժերն են նրանից հետո գալու իշխանության:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին եւ ընդհանրապես արեւմտյան բլոկին, ապա հիմքում, իհարկե, նավթային շահերն են, բայց ոչ միայն: Ինչպես ասացի, Արեւմուտքն ուզում է աշխարհն իրեն ձեռնտու տարբերակով վերաձեւել: Հետեւանքներն արդեն իսկ ակնհայտ են` Բալկաններ, Իրաք, Լիբիա…
Եվ վերջապես մեծ հաշվարկն ուղղված է Իրանին. այս ծրագրված օպերացիայի ալֆան, եթե սկիզբ է առնում Եգիպտոսում, ապա օմեգան հասնում է մինչեւ Իրան: ԱՄՆ-ի համոզմամբ, դեպի Իրան իր ծրագրին խոչընդոտում է Ասադը, ու դա է պատճառը, որ ողջ արեւմտյան բլոկը զինում է սիրիական ընդդիմությանը` Ասադին պարտության մատնելու համար: Սա է նրանց պայքարի ողջ տրամաբանությունը:
Սակայն, կրկնում եմ, հենց այստեղ է ԱՄՆ-ի լուրջ սայթաքումը. ջինը բաց են թողել շշից ու չեն կարողանում հետ տեղավորել: Փաստորեն ԱՄՆ-ը հայտնվել է վատ Ալադինի դերում: Իսլամիստներին իրենք սնուցեցին, նրանք էլ զենքն ուղղեցին եւ դեռ կուղղեն իրենց սնուցողների դեմ. նկատի ունեմ Ալ-Ղայիդան` սեպտեմբերի 11-ով հանդերձ:

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԱԼ ԱՐՆԱԽՈՒՄ, «ՖԱԶԵՐԸ» ԳՑԱԾ ՄԱՐԴԻԿ
-Ի՞նչ տվեց Քերի-Պուտին հանդիպումը. կարծիքները հակասական են: Մի դեպքում ասվում է, թե Սիրիայի հարցում կարծես կոտրվում է ռուս-ամերիկյան տարաձայնությունների սառույցը, մյուս կողմից հակադարձվում է` հորինվածք է:
-Քերիի այցը շատ ավելի խանդավառել է ԱՄՆ-ին, քան Ռուսաստանին: Նույնքան ոգեւորված է եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեմերոնը, որը հայտարարեց, թե վերջապես Ռուսաստանը ճեղքում է սիրիական պատը, որը խոչընդոտում է ռուս-ամերիկյան հարաբերություններին:
Եվ ուրեմն, ինչի՞ հասավ Քերին. Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպելու եւ բանակցելու: Հյուսիսային Իռլանդիա, Սանկտ Պետերբուրգ, Ինդոնեզիա. սրանք այն վայրերն են, ուր մոտակա ամիսներին տեղի կունենան Օբամա-Պուտին հանդիպումները, իսկ օրակարգային թիվ մեկ հարցը, իհարկե, Սիրիան է: Թե ի՞նչ կլինի ի վերջո, կապրենք` կտեսնենք:
Ինչպես ասացի, Ասադն անընդունելի է Արեւմուտքի համար, Ռուսաստանն էլ կարծես այս հարցում հրաժարվել է իր կարծր մոտեցումից ու նրա անձը եւս չի կարեւորում, հենց այստեղ է, որ ուրվագծվում է ռուս-ամերիկյան համաձայնությունը: Եթե կողմերին հաջողվի իրական բանակցային գործընթացը գլուխ բերել, ապա դա կհանգեցնի արյունահեղության դադարեցման. հիշեցնեմ, արդեն 70 000 մարդ է սպանվել:
-Սիրիական ո՞ր ուժերի կոալիցիան կարող է ընդունելի լինել ԱՄՆ-ի ու Ռուսաստանի համար: Եվ առհասարակ, այսօր Սիրիայում կա՞ն նման ուժեր, որոնց շուրջ, Ասադի հեռանալու դեպքում, կարող է կայանալ ռուս-ամերիկյան համաձայնությունը:
-Դժվար է ասել, թե որ ուժերի շուրջ դա կարող է կայանալ, ինչու, որովհետեւ այսօր Սիրիայում խառնաշփոթ կացություն է, հայտնվել են ուժեր` սալաֆականները, Ալ Ղայիդան, որոնց համեմատությամբ իսլամիստներն ընդամենը երեխաներ են, դրանք արնախում, «ֆազերը» գցած մարդիկ են:
Կա նաեւ մյուս վտանգը: Սիրիայում կուտակվել է ահռելի քանակության զենք, թերեւս կա նաեւ մասսայական ոչնչացման զենք, ու հարց է, թե իշխանափոխության դեպքում այդ զենքն ո՞ւմ ձեռքին կարող է հայտնվել: Սա հերթական լուրջ սպառնալիքն է ուղղված հարեւան երկրներին, չէ՞ որ չի բացառվում, որ կարող են իշխանության գալ այն ուժերը, որոնց նպատակը արյուն թափելն է, թալանելը, նրանք սրբություն չունեցող մարդիկ են:

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱԽԵՐԸ
-Ո՞րն է այն շահը, որը վերստին հաշտեցրեց ԱՄՆ ավանդական դաշնակիցներին` Թուրքիային ու Իսրայելին, մղելով համատեղ պայքարի Սիրիայի դեմ:
-Թուրքիայի նպատակն է դառնալ տարածաշրջանային լիդեր, սուննիների առաջնորդ, արաբական աշխարհի ֆորպոստ, հանուն ինչի նա պատրաստ է դիմել հնարավոր ու անհնար բոլոր միջոցներին: Դրանցից մեկն էլ Սիրիայի չեզոքացումն է, ինչի համար Թուրքիան պատրաստ է գնալ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների, բայց որոշակի սահմաններում:
Այսինքն՝ Թուրքիան չի ցանկանում գնալ ուղիղ առճակատման եւ նպատակ ունի կրակից շագանակներ հանել ուրիշի ձեռքերով: Եվ շատ կուզենա, որ դրանք լինեն ամերիկացիների ձեռքերը: Թուրքիայի ցանկությունն է, որ ՆԱՏՕ-ի զորքերը մտնեն Սիրիա, ինքն էլ հետեւի նրանց:
Այս ամենում Իսրայելն էլ իր խաղն ունի: Նախ, ինչպես հայտարարում է, առաջին հերթին պայքարում է իր անվտանգության համար: Բայց այստեղ կա ավելի լուրջ խնդիր, դա «Հզբոլլահի» դեմ պայքարն է: Ժամանակին անձամբ եմ հանդիպումներ ունեցել «Հզբոլլահ» խմբավորման ղեկավար Նասրալայի ու նրա նախորդի հետ: Դեմառդեմ նստած նա ասում էր` մեր նպատակն է ոչնչացնել Իսրայելը որպես պետություն, այն իրավունք չունի գոյություն ունենալ: Եվ Իսրայելը սա շա՜տ լավ գիտի:

ԻՍԿ ՀԱՅԵՐՍ` ԿՈՏՐԱԾ
ՏԱՇՏԱԿԻ ԱՌԱՋ

-Հայ համայնքը, որ Մերձավոր Արեւելքում արեւմտահայ մշակույթի կրողն է, ունի նաեւ քաղաքական կարեւոր դերակատարում: Իզուր չէ, որ Մերձավոր Արեւելքի հայաթափումը եւս մտնում է Թուրքիայի ծրագրերում: Սակայն դուք հաճախ եք ասում, թե սիրիահայերը պետք է ժամ առաջ հեռանան Սիրիայից, հակառակ դեպքում հայությանը բարդուղիմեոսյան գիշեր է սպասվում: Ինչո՞ւ:
-Այն արնախում ուժերը, որոնք կարող են իշխանության գալ Ասադից հետո, կարող են պատուհաս դառնալ հայ համայնքի գլխին: Սա իմ անձնական կարծիքն է: Դրա համար, կարծում եմ, հայությունն ունի երկու ճանապարհ:
Առաջին, օգտագործելով դիվանագիտական խողովակները, բանակցություններ վարել դերակատար ուժերի հետ: Կամ եթե ոչ բանակցություն, ապա գոնե կարելի է հարաբերությունների մեջ մտնել, ինչու ոչ, նաեւ հենց նույն ծայրահեղականների հետ: Ասեմ, որ հայերը միակ փոքրամասնությունն են Սիրիայում, որի թիկունքում պետականություն կա: Ուրեմն, այդ ուժերի հետ պետք է բանակցել հենց այդ դիրքերից, նրանց ընկալելի դարձնել պետության գոյությունը:
Ամենեւին պարտադիր չէ, որ այդ բանակցություններն իրականացնի Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Դա կարող է անել նաեւ որեւէ հայտնի հայ, թեկուզ ոչ հայաստանցի: Դիվանագիտության մեջ նման բաներ հաճախ են արվում, դրանք կոչվում են կուլիսային բանակցություններ, որոնք կարող են շատ արդյունավետ լինել:
Երկրորդ առաջարկս, որի հետ շատերը համաձայն չեն, այն է, որ հայերը պետք է մասսայաբար հեռանան Սիրիայից, ուր ուզում են, թող գնան, թեկուզ Անտարկտիդա, չէ՞ որ խոսքը մարդու ֆիզիկական անվտանգության մասին է:
Կա մի տարբերակ եւս, զենք վերցնել ու պայքարել: Բերվում է լիբանանյան պատերազմի օրինակը, երբ հայերը զենքը ձեռքներին լիբանանցիների հետ հավասար պայքարեցին: Բայց այս առաջարկը ուտոպիա եմ համարում Սիրիայում գոյություն ունեցող ուժերի հարաբերակցության պարագայում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱ


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն