Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԳԻՆԸ

Մայիս 25, 2013թ. 23:29

Վերջին զանգը Հայաստանի 1400 դպրոցներում հնչեց երեկ: Այս տարի ունեցանք 30 հազար շրջանավարտ: 30 հազար պատանիների ու աղջիկների համար անցյալ դարձան դպրոցական տարիները, որ երբեք չեն մոռացվում, քանզի ունեն այն զվարթ անհոգության կնիքը, որը սովորաբար լինում է մինչեւ 17-18 տարեկանը:
Դպրոցական տարիներին հաջորդում է շրջանավարտների սոցիալական ծնունդը, ու թերեւս նաեւ դա է նշվում վերջին զանգի տոնական միջոցառումների ժամանակ: Այսինքն՝ ուրախանալու առիթ իրոք կա, քանի որ հերթական անգամ թարմ շնչառություն է հաղորդվում հասարակությանը: Եվ երեխաները թող ուրախանան:
Բայց այս տոնականության մեջ երեւույթներ կան, որոնք ամենեւին տոնական չեն եւ միայն մեծերի գործն են: Կոպիտ ասած, խոսքը Վերջին զանգի գնի մասին է:
Մոտավոր հաշվարկներով` այս տարի երեխայի` Վերջին զանգի միջոցառումների համար ծախսը շուրջ 130-150 հազար դրամ է: Հաշվի առնելով Հայաստանի բնակչության սոցիալական վիճակը եւ գնողունակությունը` սա լուրջ, այսինքն, դժվար գումար է:

Դպրոցներում շրջանավարտներից հավաքվում է 80-100 հազար դրամ` հանդիսությունների, ավարտական երեկոների, լուսանկարվելու, ուսուցիչներին ծաղիկներ գնելու եւ այլնի համար: Բայց բոլորս էլ գիտենք, որ ավարտական երեկոյի համար անհրաժեշտ են նաեւ նոր զգեստ, կոշիկ: Ստացվում է վերը հիշատակված գումարը:
Հայ մարդը երբեք իր երեխային չի զրկի համադասարանցիների հետ Վերջին զանգի միջոցառումներին մասնակցելու հաճույքից: Չի հանդուրժի նաեւ, որ իր երեխան այդ միջոցառումներին մասնակցի, այսպես ասած, հին շորերով, այսինքն, «խեղճանա»: Ծնողն ի՞նչ չի անի երեխայի համար, այն էլ այդ առիթով: Եվ ուզի-չուզի` մտնելու է գումարային զգալի պարտքի տակ: Այս պայմաններում:

Սրանք խորհելու տեղիք պիտի տան կրթության համակարգի ղեկավարներին, որովհետեւ իսկապես լուծում պահանջող հարցեր են: Հասկանալի է` հեռատես տնտեսական քաղաքականությունից անկախ` ամեն ինչ թանկացել է, այդ թվում եւ ծառայությունները, բայց ոչ մի հիմնախնդիր չկա, որից ելք չլինի:
Օրինակ, շրջանավարտներն իրենց ավարտական երեկոները կազմակերպում են մեծ ու փոքր տարբեր ռեստորաններում, ուր գները երեխաներին թելադրում են դրանց տերերը: Իսկ Երեւանում անտեր տիրոջ որեւէ «օբյեկտ» կա՞: Չկա: Ուրեմն այսպիսի տոներին թող գոնե զեղչ անեն նրանց համար: Մանավանդ որ շրջանավարտների թիվը անցյալ տարվա համեմատ 10 հազարով պակասել է…
Մարդասիրության քարոզներ կարդացող օլիգարխները, վերջապես, թող հոգան այդ ծախսերը, եթե այլ ելք չկա:
Չնայած սրանք ի՞նչ կապ ունեն դպրոցի հետ:

Ա.Մ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն