ԼՂՀ ատլասը`երկրորդ պաշտոնական փաստաթուղթ
Այսօր Արցախի պետական համալսարանում կայացած ԼՂՀ ատլասի շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ նախագահը, վարչապետը, խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչներ, ատլասի խմբագրական կազմը: «Սահմանադրության ընդունումից հետո երկրորդ պաշտոնական փաստաթուղթ, որը մեր երկրի համար առաջնորդվելու հիմք է հանդիսանալու». այսպես բնորոշեց Արցախի նախագահը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ատլասը: Նախագահի խոսքերով` այն հստակեցնում է ինչպես մեր երկրի սահմանները, այնպես էլ միջոցառումների այն համակարգը, որ պիտի ուղղված լինեն դրանց անվտանգության ապահովմանը: Արցախի պետական համալսարանում ԼՂՀ նախագահը նաեւ հստակեցրեց, թե ինչ սահմանների և ինչպիսի անվտանգության մասին է խոսքը:
Ատլասի պատվիրատուն և ֆինանսավորողը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն է, աշխատանքն իրականացրել է գիտնականների և քարտեզագրության ոլորտի մասնագետների խումբը Արցախից ու Հայաստանից` Արցախի և Հայաստանի կառավարություններին առընթեր կադաստրի պետական կոմիտեների համագործակցությամբ: 96 էջանոց 70 խոշոր և միջին մասշտաբի քարտեզներից, աղյուսակներից, գրաֆիկներից ու տեքստերից կազմված ատլասը համապարփակ տվյալներ է հաղորդում Արցախի պատմության, տնտեսության, աշխարհագրության, ժողովրդագրության մասին:
Ատլասը լույս է տեսել հայերեն` 1500 տպաքանակով եւ ավելի փոքր տպաքանակով` ռուսերեն: Բնականաբար, սա վերջին հրատարակությունը չի լինի:
Ատլասի գլխավոր խմբագիր Մանուկ Վարդանյանը հակիրճ ներկայացրեց ատլասի բովանդակությունը` անդրադառնալով նաեւ այն քաղաքականությանը, որ Արցախի կառավարությունն է որդեգրել քարտեզների թեմա դարձած բանագավառներում:
Ատլասի խմբագրակազմի անդամ, պատմաբան Վահրամ Բալայանը կարեւորում է ատլասի կազմման ընթացքում հատկապես ոչ հայկական ծագման աղբյուրների լայն օգտագործումը: Դա թույլ կտա միջազգային հանրությանն առավել ընդունելի եւ արժանահավատ լույսի տակ ներկայացնել մեր պատմությունն ու մեր դիրքորոշումը:
Ատլասի հրատարակման առթիվ Նախագահ Բակո Սահակյանը պարգևներ հանձնեց ատլասի խմբագրակազմին: «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի է արժանացել գլխավոր խմբագիր Մանուկ Վարդանյանը: ՙ«Երախտագիտություն՚ մեդալով պարգևատրվել են խմբագրակազմի անդամներ Վալերի Ալեքսանյանը, Յուրի Առաքելյանը, Գեղամ Բադալյանը, Վահրամ Բալայանը, Աիդա Նազարյանը, Սլավա Սարգսյանը, Վիլեն Սաֆարյանը: ԼՂՀ կառավարության պատվոգիրը վարչապետ Արա Հարությունյանը հանձնեց Սոֆյա Արմաղանյանին:
Նորայր Հովսեփյան












