Նալբանդյանի և Քերիի հայտարարությունները
ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերին եւ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը հանդիպումից առաջ հանդես են եկել հայտարարություններով:
Ջոն Քերի. Ուրախ եմ ընդունել նախարար Էդվարդ Նալբանդյանին: Ես շատ ընկերներ ունեմ հայկական համայնքում եւ տարիներ շարունակ ընկերներիս հետ աշխատել եմ Հայաստանի վերաբերյալ տարբեր հարցերի շուրջ:
Հայաստանը բազմաթիվ նախաձեռնություններում ԱՄՆ կարեւոր գործընկերն է: Նրանք օգնում են մեզ Աֆղանստանում Միջազգային ուժերի կազմում, նրանք կարեւոր դեր են խաղացել Կոսովոյում խաղաղությունը պահպանելու գործում: Հարցերից մեկն էլ, որ բոլորս իրոք ցանկանում ենք լուծված տեսնել, Լեռնային Ղարաբաղի սեռեցված հակամարտությունն է: Կարեւոր է, որ բոլոր կողմերը, երբ ասում եմ բոլոր կողմերը, նկատի ունեմ ոչ միայն ադրբեջանցիներին, այլ նաեւ Թուրքիային, Ռուսաստանին, Իրանին եւ մյուսներին, փորձել ճանապարհ գտնել ճեղքելու փակուղին, որն այս հակամարտությունը պոտենցիալ վտանգավոր վիճակում է պահում: Հուսով եմ, որ այդ մասին այսօր մի փոքր կխոսենք:
Կան նաեւ այլ հարցեր, որոնք նույնպես մեծ կարեւորություն ունեն մեզ համար՝ տնտեսական գործընկերությունը, տնտեսության զարգացումը, ժողովրդավարության ամրապնդումը եւ մեր բարեկամ հայ ժողովրդի անվտանգությունը:
Նալբանդյան. Շատ ուրախ եմ Վաշինգտոնում գտնվելու համար: Շնորհակալություն ջերմ ընդունելության համար: Ուրախ եմ Հայաստանի ու ԱՄՆ միջեւ գործընկերության հեռանկարների ու ամրապնդման հարցով զրույց ունենալու համար:
Մեր երկրները միջազգային ասպարեզում համագործակցում են տարածաշրջանային անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես դուք նշեցիք, Կոսովոյում եւ Աֆղանստանում խաղաղապահ գործողությունների եւ այլ մարտահրավերների հարցում: Մենք կիսում ենք տեսակետը, որ կարեւոր է շարունակել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու հարցում՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների՝ մանավորապես ուժի չկիրառման, ինքնորոշման, տարածքային ամբողջականության վրա, որ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների:
Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել նաեւ նախագահ Օբամայի վարչակազմին հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման հարցում նշանակալի ներդրում ունենալու մեջ:












