ԻՆՉՊԻՍԻ ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ ԵՆՔ ՄԵՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ
Ո՞ր ուղղությունը պիտի ի վերջո ընտրի Հայաստանը. Եվրամիությո՞ւն, թե՞ Ռուսաստան։ Վերջին ժամանակներս այս հարցը դարձել է առավել քննարկելիներից մեկը մեր քաղաքական օրակարգում։
Ցավոք, բանավեճերն ընթանում են հիմնականում տեխնիկական, իրավական եւ համանման խնդիրների շուրջ։ Բոլորը ջանադրաբար շրջանցում են ոչ պակաս կարեւոր մի հանգամանք. իսկ պատրա՞ստ ենք մենք հոգեբանորեն ինտեգրվել ժամանակակից Եվրոպային, ընդունել վերջինիս արժեհամակարգը։ «Ժամանակակից» բառն այստեղ գործածված է բնավ ոչ պատահաբար։
Մեծ Բրիտանիայում վերջերս Համայնքների պալատը ֆրանսիացի գործընկերների օրինակով ընդունեց օրենք միասեռ ամուսնությունների մասին, Ռեդսթոքի քաղաքապետարանը արգելեց բարձրացնել Անգլիայի ազգային դրոշը տեղի մահմեդականների զգացմունքները չանարգելու համար (այնուամենայնիվ դրոշի վրա խաչ է պատկերված, անհավատների խորհրդանիշ), իսկ լոնդոնյան Վուլիչ արվարձանում նիգերիական ծագումով տեղի մահմեդականները մաչետեով մորթեցին Նորին Մեծության բանակի մի զինվորի։
Մորթեցին հենց որպես զինվորի. ի նշան մահմեդականների նկատմամբ կառավարության քաղաքականության դեմ բողոքի։ Որից հետո Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը շվարած կարգադրեց բոլոր զինծառայողներին ժամանակավորապես զինվորական համազգեստ չհագնել փողոցում եւ հասարակական վայրերում։ Հարազատ երկրում։
Անգլերեն լեզվի կրողները սաստիկ չարաշահում են «հպարտություն» բառը՝ դրանով հաղորդելով, որ հպարտանում են բնության ամենատարբեր երեւույթներով (օրինակ, նրանով, որ դուստրը ծննդաբերել է արտամուսնական կապից), բայց տվյալ դեպքում հպարտությունը խաթարվեց։
Վաղեմի ժամանակներից հայտնի «հպարտությամբ կրել Նորին Մեծության բանակի համազգեստը» արտահայտությունը համարվեց անպատեհ. ավելի անվտանգ է շրջել քաղաքացիական հագուստով։
Հավանաբար սա ամենավատ նշանն է։ Եթե ազգի ուժն ու պատիվը մարմնավորելու կոչված զինվորականներին ղեկավարությունը կարգադրում է անվտանգության նկատառումներով (եւ նույնիսկ ոչ թե դաժան գերության մեջ, այլ հարազատ երկրում) պոկել վրայից տարբերանշանները, ապա այդ դեպքում այնքան էլ հասկանալի չէ, թե ինչով է այդպիսի բանակը տարբերվում վախեցած նախրից, եւ ում կարող է այդ բանակը պաշտպանել։ Նորին Մեծության բանակի նշանակությունը այսուհետ հանելուկային է թվում։
Այսօր արեւմտյան աշխարհում ամեն ինչ հարաբերական է։ Բոլոր տեսակետները հավասար են։ Բոլոր մշակույթները՝ իրավահավասար։ Կարելի է այսպես, բայց կարելի է եւ այնպես։
Նախկինում, օրինակ, մենք պարզամտորեն կարծում էինք, թե Հռոմեական կայսրության անկումը բարբարոս ցեղերի ներխուժման հետեւանքով տեղի ունեցած աղետ էր։ Դրա հետեւանքով աշխարհը քաղաքակրթություն կորցրեց։ Այժմ արեւմտյան նոր քաղկոռեկտ պատմագիտությունը անվանում է դա «ակկոմոդացիա» եւ «տրանսֆորմացիա»։ European Science Foundation-ի կողմից հովանավորվող նախագիծը հենց այդպես էլ կոչվում է. «Հռոմեական աշխարհի տրանսֆորմացիան»։
Պեղումների ժամանակ՝ մինչեւ 446 թվականը, հարուստ քաղաք է գեղեցիկ տներով, բաղնիքներով, ֆորումով, տաճարներով, իսկ 446 թվականից հետո՝ մոխրի շերտ, այնուհետ՝ չքավոր թաղամասին կպած չորս խրճիթ, որտեղ ապրում էր եպիսկոպոսը։ Ճոխ առանձնատները վերացան՝ փոխարինվելով ամրոցներով։ Հազարավոր գյուղական բնակավայրեր ջնջվեցին երկրի երեսից։
Գրագիտությունը վերացավ, դրամական շրջանառությունը վերացավ, շուկան վերացավ, վերացան կղմինդրածածկ տները (ինչը սովորական բան էր հռոմեական ժամանակներում), վերացավ ցեմենտը, ճանապարհների շինարարությունը, իսկ Անգլիայում երեք հարյուրամյակով անհետացավ բրուտագործական դուրգը։
Ահա ուրեմն. դա տրանսֆորմացիա էր կամ, մեղա Տեր, ակկոմոդացիա, հռոմեացիների փոխշահավետ համագործակցություն իրենց մոտ ուրախ-զվարթ վերաբնակվող գերմանական ցեղերի հետ։ Բոլոր մշակույթները հարաբերական են, բոլոր տեսակետները՝ իրավահավասար։
Այսօր Արեւմուտքում որեւէ հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշումը փոխարինված է, այսպես կոչված, «տարբեր տեսակետների օբյեկտիվ շարադրմամբ», ինչը տեղեկատվական սրընթաց հոսքում փոխարկվում է ոչ թե օբյեկտիվության, այլ համապարփակ ստախոսության։
«Եկեք քննարկենք» արտահայտությունը ձեւականորեն հնչում է որպես օբյեկտիվ բանավեճի հրավեր, մինչդեռ իրականում ստախոսության հրավեր է։ «Պե՞տք է պետությունը գրանցի միասեռականների ամուսնությունները։ Եկեք քննարկենք»։ «Իրավունք ունե՞ն միասեռ ընտանիքները երեխա որդեգրել։ Եկեք քննարկենք»։ «Ինչո՞ւ պիտի ավանդական եկեղեցին որեւէ առավելություն ունենա աղանդների համեմատ։ Եկեք քննարկենք»։
Դեռ վերջերս աշխարհը կառուցված էր այնպես, որ երբ պարզվում էր որեւէ վիճելի հարցի վերաբերյալ ճշմարտությունը, ապա այդ ճշմարտությունը դառնում էր վերջնական դատավճիռ։ Երբ պարզվեց, որ Երկրագունդը պտտվում է Արեւի շուրջ, «Իսկ մենք այլ տեսակետ ունենք» ասող մարդկանց դադարեցին լուրջ ընդունել։
Միանգամայն այլ է ներկայումս. տեղեկատվական հոսքերի առատությունն այնպիսին է, որ մարդը կարող է առանց վախի անտեսել ցանկացած ապացույց ու փաստ։
Ոչ ամեն բան է հարկավոր քննարկել։ Ոչ բոլոր մշակույթներն են համարժեք։ Ոչ բոլոր տեսակետներն են հավասարազոր։ Եվ բոլոր տեսակետներն իբրեւ իրավահավասար ներկայացնելու սովորությունը վախ է ճշմարիտ խոսքի առջեւ, վախ բուն ճշմարտությունից։
Երբ ասում են՝ «դարձիր եվրոպացի», ծիծաղելի է։ Չի կարելի դառնալ վերացական եվրոպացի, ինչպես որ չի կարելի դառնալ վերացական զինվոր։ Կարելի է լինել իսրայելական բանակի զինվոր, ամերիկյան բանակի, անգլիական բանակի, հայկական բանակի։ Չի կարելի լինել պարզապես զինվոր։ Զինվոր՝ որտե՞ղ։
Մենք ուզում ենք եվրոպացի լինել։ Ինչպիսի՞։ Մենք ուզում ենք լինել հայ եվրոպացիներ։ Հայերը, ներեցեք, եվրոպացի չեն։ Հայերը ինչ-որ այլ բան են։
ՎԱՐԴԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ












