Ադրբեջանում զբաղված են սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ
Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել էր ԱԱԽ նիստ, որին ներկա են եղել վարչապետ Sիգրան Սարգսյանը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:
Իր ելույթում նախագահը, անդրադառնալով Ադրբեջանի հակահայկականությանը, մասնավորապես ասել է.
«3-4 տարուց տարածաշրջանում պատկերը լիովին փոխվելու է: Փորձագետներն ադրբեջանական անխուսափելի ֆիասկոյին արդեն երկու-երեք տարուց են սպասում: Շարժվելով դասական բռնապետության կանոններով՝ այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ: Մինչդեռ հենց Ադրբեջանում դրված հասարակական-քաղաքական եւ տնտեսական ականներն են սպառնում պայթել եւ պայթել շատ արագ ու կարծես միաժամանակ:
Ըստ նախագահի. «Նավթի ու գազի արդյունահանման քրոնիկ անկման պայմաններում հարեւան պետության իշխանությունները շարունակում են կուտակած միջոցները այնպես ծախսել, ինչպես չէին կարող ծրագրել անգամ նրանց հակառակորդները: Միայն այսպահային խրախճանքներ՝ սա է իրականացվող քաղաքականության տրամաբանությունը: Գոյացած գումարները խելահեղ արագությամբ մսխվում են միանգամյա օգտագործման ուղղություններով՝ տեսանելիություն ապահովող հսկայական շինարարական ծրագրերում, սոցիալական ծախսերի ֆինանսավորմամբ, ինչը վաղը ստիպված կրճատելու են, աշխարհի տարբեր ծայրերում հանուն մեկ երեկոյի ծափողջույնների միլիարդներ շաղ տալով: Այսինքն՝ գործեր, որոնք երկու քայլ առաջ հաշվարկողի համար ամեն ինչ պարզ են դարձնում»:
Մյուս կողմից՝ գալիս են անթաքույց բռնապետության կամ բռնապետական ռեժիմի հետեւանքները: Ընդդիմախոսների բանտարկելը, ազատ մամուլի գոյության մասին գրեթե տեղյակ չլինելը, հարկադրանքը, ահռելի կոռուպցիան կրկնակի ուժգնությամբ են հիշեցվելու այս երկրում նավթադոլարների նվազմանը զուգընթաց:
«Չեմ կարծում, թե որեւէ մեկը դրանում կասկածում է: Եթե երկու տարի առաջ ադրբեջանցի երիտասարդները վախենում ու լռում էին, այսօր արդեն թեկուզ փոքր խմբերով, բայց արդեն քննարկում են, որ խոսք ասելու ժամանակը շուտով գալու է: Իսկ վաղը շատ մոտ է: Այն վաղը, երբ այս երկրում էլ սոցիալական ցանցերը ժողովրդի թշնամի են հռչակվելու:
Ես ինչո՞ւ եմ անդրադառնում այս թեմային, որովհետեւ այդ երկրի իշխանությունները փոխանակ զբաղվեն սեփական պրոբլեմներով, սեփական ժողովրդի բարեկեցության խնդիրներով, սեփական հասարակության կառուցմամբ, կարծես թե լծվել են մեր դարդին դարման լինելու գործին, կարծես փորձում են մեզ խելք սովորեցնել, գարշահոտ պատկերացումներ տարածել մեր մասին:
Մենք պիտի շարունակենք մեր տնտեսության արդիականացումը եւ դիվերսիֆիկացումը մի քանի տարի հետո սպասվող տարածաշրջանային նոր վերադասավորումներում ավելի նպաստավոր պայմաններ ստանալու համար: Եվ մենք այդ ճանապարհին ենք, որտեղ վայրկյան անգամ կանգնել չի կարելի: Չի կարելի հապաղել»,- շեշտել է Սերժ Սարգսյանը:












