ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՌԵՐԵՍՎԵԼՆ Է
Հարցազրույց արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆԻ հետ
-Թուրքիայի տարբեր քաղաքներում շարունակվող բողոքի ցույցերը, որոնց մասնակցում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, հետևանք են երկրի վարչապետի վարած քաղաքականության, կիրառվող դիկտատորական մեթոդների դեմ թուրք հասարակության ընդվզմա՞ն, թե՞ կան այլ պատճառներ:
-Թե ինչո՞ւ 5 տասնյակի հասնող բնապահպանների բողոքը` Գեզի այգում առեւտրի, զվարճանքի կենտրոն կառուցելու իշխանությունների մտադրության դեմ լայն արձագանք ստացավ, պատճառը նախ խաղաղ ցուցարարների դեմ իշխանության կողմից անհամաչափ ուժի կիրառումն էր. արցունքաբեր գազ բաց թողեցին, ծեծեցին մարդկանց: Եվ դա ցասում առաջացրեց: Բայց, իհարկե, պատճառներն առավել խորքային են: Առաջինը, իշխող ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության դեմ երկրում բավականին լուրջ դժգոհություն է կուտակվել, մանավանդ, երբ առավել խստացվեցին իսլամական մոտեցումները: Էրդողանի ներմուծած ավտորիտար մեթոդները դժգոհություն են առաջացնում: Նա չի լսում ոչ ոքի, և անում է այն, ինչ որոշում է: Ցուցարաների դեմ ուժի կիրառումը կապվեց վարչապետի անվան հետ, և սա լուրջ զայրույթ առաջ բերեց: Ցուցարաներն այսօր պահանջում են, որ Էրդոռանն անձամբ ներողություն խնդրի, բայց նա այդ քայլին չի գնում:
Մյուս կողմից, դժգոհություն կա խոսքի ազատության դեմ իշխանության բանեցրած ճնշումների նկատմամբ. բազմաթիվ լրագրողներ կամ բանտերում են, կամ հետապնդվում են, վախի մթնոլորտ են ուզում ստեղծել: Աշխարհն էլ այս հարցում արդարացիորեն քննադատեց Թուրքիային:
-Ու չնայած դրան, Արևմուտքը շարունակում է իր հովանավորյալ երկրին ժողովրդավարական համարել, և նրան չնեղացնելու համար մերժել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, դատապարտմանն ու հատուցմանն ուղղված բոլոր ջանքերը:
-Այո: Մինչդեռ իրականում Թուրիքիան ժողովրդավարական երկիր չէ, շա~տ խոցելի է ՙթուրքական դեմոկրատիա՚ ասվածը: Դա է վկայում նաև շաբաթ օրը թուրքական իշխանությունների կազմակերպած տեղեկատվական շրջափակումը: Մեկ օր աշխարհի հայտնի լրատվամիջոցները լռում էին Թուրքիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասին, քանի որ անտեղյակ էին և դա ՙշնորհիվ՚ թուրքական իշխանության: Ինֆորմացիան թաքցրել էին թե՜ աշխարհից, թե՜ սեփական ժողովրդից: Ճնշել, վախեցրել, դրանով իսկ լռեցրել էին իրենց ԶԼՄ-ին, որպեսզի ցույցերի մասին ոչ մի լրատվական հոսք չլինի:
Երկրի տասնյակ քաղաքակներում տեղի էին ունենում բողոքի զանգվածայի ակցիաներ, իսկ CNN-turk պինգվինների մասին տեսանյութ էր ցուցադրում ու պատմում Մարսի մասին: Թուրքիայի բնակչության մեծամասնությունն ու աշխարհը անտեղյակ էին, որ տասնյակ հազարավոր մարդկանց` Ստամբուլում, Անկարայում, թունավորում են գազով, ծեծում, կրակում նրանց վրա: Եվ միայն 24 ժամ անց, արևմտյան և ռուսական հեռուստակայանները ճեղքեցին լրատվական ՙբլոկադան՚: Ո՞նց կարողացան այս թափանցիկ աշխարհում այդպիսի գրաքննություն հաստատել: Եվ սա է թուրքական դեմոկրատիան է:
Թե ինչու բողոքի ալիքը տարածվեց, պատճառներից մեկն էլ հետևյալն է. էրդողանն առաջարկել է Բոսֆորի վրայով կառուցվող երրորդ կամուրջը կոչել սուլթան Սելիմ Ահեղի անունով, ով հայտնի է շիաների ու ալեվիների նկատմամբ իր դաժանությամբ: Եվ սա առաջ բերեց վերջիններիս զայրույթը:
–Այսինքն, բողոքի ցույցերում կա նաև կրոնակա՞ն շարժառիթ:
-Այո, ինչի մասին քիչ է խոսվում: Էրդողանն ուժեղացնում է սունիական իսլամը, ինչն առաջացնում է մյուս մուսուլմաների դժգոհությունը: Նկատենք, որ ալեվիները բավականին մեծ թիվ են կազմում Թուրքիայում` 15-20 մլն:
-Հաճախ է կանխատեսվում, որ եթե Թուրքիայում տեղի ունենան քաղաքացիական բախումներ, ապա այն կարող է այդ երկրի մասնատման պատճառ դառնալ: Այս իրադարձությունները կարո՞ղ են նման հեռանկարի հանգեցնել:
-Դեռ վաղ է այդ մասին խոսելը, քանի որ կանխատեսելի չէ, թե այս շարժումն ի՞նչ հեռանկար կունենա: Իսկ այսօր Թուրքիայի կառավարությունը, շնորհիվ գործադրվող բիրտ ուժի, նաև հզոր բանակի ու այն խորամանկ քաղաքականության, որ Էրդողանն իրականացնում է բանակցելով քրդերի հետ, դեռ իր դիրքերում ամուր կմնա:
-Հետաքրքիր է, իսկ քրդերը որևէ դերակատարում ունե՞ն այս իրադարձություններում, թե՞ թուրքական խորամանկությունն իր դերն ունեցել է` նրանց հեռու պահելով երկրում ծավալվող խմորումներից:
-Կարևոր հանգամանք նշեցիք. եթե քրդական կազմակերպությունները որոշեն միանալ բողոքին, դա կարող է իրադրությունը դարձնել անվերահսկելի: Սակայն, այո, թերևս, Էրդողանի խորամանկությունը տվել է իր արդյունքն ու քրդերը դեռ չեն աջակցում այս շարժմանը: Նրանք այսօր հույսեր ունեն, գաղտնի բանակցություններում Էրդողանը քրդերին խոստումներ է տվել:
-Մի քանի բնապահպաններ ակցիա արեցին, ոստիկանությունը ուժ կիրառեց, բնակչությունը ոգեւորվեց, ժամեր անց մի քանիսը դարձավ 200 հազար բողոքավոր. գունավոր հեղափոխությունների սցենարին շատ նման իրավիճակ է: Թերևս սա է պատճառը, որ ասվեց` ՙթուրքական գարուն՚ սցենարի ականատեսն ենք որ կատարվում է արտաքին ուժերի դրդմամբ:
-Համաձայն չեմ. նախ չկա արտաքին գործոն: Արևմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ը շահագրգռված են, որ Էրդողանի կառավարությունը մնա: Դատելով ամերիկյան պաշտոնական հայտարարություններից, ԱՄՆ-ն իր լծակներով աջակցում է Էրդողանին, իսկ այս երկիրը մեծ ազդեցություն ունի թուրք հասարակության տարբեր շերտերի վրա:
Սա ոչ թե թուրքական գարուն է, այլ զուտ թուրքական երևույթ, ինչո՞ւ: Ի տարբերություն այն արաբական երկրների, ուր տեղի ունեցան ՙգարունները՚, Էրդողանի կառավարությունը երեք տարի անընդմեջ իշխանության է եկել դեմոկրատական ճանապարհով, նորմալ ընտրությունների արդյունքում և ունի մեծաթիվ կողմնակիցներ: Այլ բան է, որ կառավարման ընթացքում Էրդողանը սկսեց կիրառել ավտորիտար մեթոդներ: Մյուս հանգամանքը Էրդողանի անհատականությունն է: Նա Թուրքիայում միակ խարիզմատիկ լիդերն է, ընդդիմության մեջ այդպիսին չկա: Եվ վերջապես, այդ երկրի կրոնական երկու կազմակերպությունները, մեծ ազդեցություն ունեն հասարակության ու, մասնավորաբոր, ստորին խավերի, այսպես ասած, թաղային հեղինակությունների վրա, և նրանց աջակցությամբ էլ իշխող կուսակցությունն այսքան մեծ ձայներ է ստանում: Իսկ նրանք այսօր էլ կանգնած են Էրդողանի թիկունքին:
-Ճի՞շտ է, որ Թուրքիայի վարչապետի դեմ բողոքը միավորել է քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցող ուժերի. համատեղ պայքարում են աջերը, ձախերը, այզգայնականները, քեմալականները:
-Ոչ, հիմնական քաղաքական ընդդիմադիր կուսակցությունները չեն մասնակցում, ո՜չ քեմալականները, ո՜չ ՙԳորշ գայլերը՚, և սա պատահականություն չէ: Կարծում եմ, որ տեղի է ունենում իշխող քաղաքական վերնախավի համախմբում Էրդողանի շուրջ: Այսպիսով, թե՜ երկրի քաղաքական դասը, թե՜ ԱՄՆ-ն ամեն ինչ անում են, որ թուրքական այս շարժումը թուլանա ու հանդարտվի:
-Թուրքական իրադարձությունները չե՞ն կարող մտահոգիչ չլինել հայ համայնքի համար:
-Հայկական համայնքը չի մասնակցում, և չի մասնակցի այս իրադարձություններին: Այն քաղաքական առումով Թուրքիայի համար որևէ վտանգ չի ներկայացնում: Նրանք կառավարելի են:
-Մտավախությունն այն է, որ Էրդողանը կարող է սադրել ազգամիջյան բախումներ և շեղել ամբոխին դեպի հայկական, հունական համայնքներ:
-Հնարավոր է, բայց արձանագրենք, որ հայկական համայնքը, որը նման իրավիճակների փորձ ունի, շատ զգուշավոր է, կարծում եմ, որ համայնքի ղեկավարությունը ձեռնպահ կմնա և ոչ մի դիրքորոշում չի ընդունի:
-Հայաստանում կան թուրքական ցույցերով ոգեւորվածներ: Օրինակ, հայ քաղաքացիական ակտիվիստները հայտարարություն են տարածել և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնել ցուցարարներին: Տեղի՞ն է, թե՞…
-Անհիմն ոգևորություն է: Պետք չէ աջակցել մի շարժման, որը պարզ չէ, թե ո՞ւր է գնում, այն կարող է ստանալ քեմալական, պանթուրքիստական ուղղվածություն, ինչպե՞ս կարելի է դրան սատարել: Եվ վերջապես, սա Թուրքիայի խնդիրն է
-Հաճախ է ասվում, քանի դեռ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության հանդեպ իր ժխտողական քաղաքականությունը, հրաժարվում առերեսվել սեփական պատմության մութ էջերի հետ, հանգիստ չի կարող ունենալու, այդ երկրը երբեք չի ձերբազատվի ներքին խմորումներից: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Թուրքիայում կարելի՞ է նաև ա՜յս տրամաբանության մեջ դիտարկել:
-Անշուշտ, մի ժողովուրդ, մի հասարակություն, որն իր մեջ դեռ ուժ չի գտել ուղիղ նայելու սեփական անցյալին և արդարացիորեն գնահատելու այն, բացահայտելու, դատապարտելու սեփական պատմության մութ էջերը և դրանով իսկ ազատվելու այդ ծանրությունից, դատապարտված է անհանգստության: Այսօր Թուրքիայում անընդհատ խմորումներ են տեղի ունենում, ոտնձգություններ ազգային, կրոնական փոքրամասնությունների հանդեպ, իզուր չէ, որ ալեվիները միացել են ցուցարարներին:
Իսկ ժամանակակից Եվրոպան իր հերթին այլևս պահանջում է, որ ամեն մի ժողովուրդ, պետություն կարողանա համաձակորեն առերեսվել իր պատմության մութ էջերի հետ: Դրա վառ ապացույցը վերջերս Բուխարեստում տեղի ունեցած ֆորումն է, որն ընդունեց մի հայտարարություն ուղղված Լեվանտի (Միջերկրածովյան տարածաշրջանի արևելյան հատվածի երկրներ` Թուրքիա, Իսրայել, Սիրիա, Լիբանան, , Հորդանան, Եգիպտոս) երկրներին: Այն կոչ է անում` Լեվանտի պետություննե՜ր ու ժողովորդնե՜ր, հարգե՜ք ձեր պատմությունն ու համարձակություն ունեցեք առերեսվելու նրա մութ էջերին:
Եզրակացությունը մեկն է, քանի դեռ Թուրքիան չի գնացել այդ քայլին, այո, հանգիստ չի կարող ունենալ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












