Ի՞նչ մեսիջներ են հասնում ԱՄՆ-ից ու Եվրոպայից
Ի՞նչ նոր զարգացումներ են սպասվում ԼՂ հիմանախնդրի կարգավորման գործընթացում: Եվ առհասարակ, սպասվո՞ւմ են, արդյոք: Հետևելով տարբեր ուժային կենտրոններից հնչող հայտարարություններին, կարելի է ենթադրել, որ ստվերային ինչ-ինչ գործընթացներ, այնուհանդերձ, տեղի են ունենում:
Իսկ թե ի՞նչ` վերլուծաբաները փորձում են կանխատեսումներ անել հնարավորինս շոշափելով ՙայսբերգի՚ երևացող մասը:
Եվ այսպես. ի՞նչ մեսիջներ են մեզ ուղղվում համանախագահող երկրներից:
ԱՄՆ պարագայում, ինչպես միշտ, նախ գործում են փորձագետները, շրջանառելով ՙփորձարկիչ գաղափարներ՚, և դրանով իսկ հող նախապատրաստելով ՙծանր հրետանու՚` պետական այրերի հայտարությունների համար:
Վերջին շրջանում ամերիկյան վերլուծաբանները սկսել են ոչ միայն կրկնել արդեն 20 տարի հիմնախնդրի շուրջ արվող դատողությունները, այլև անգամ կոնկրետացնել, թե օրինակ, ո՞վ կարող է նպաստել այս ձգձգվող հակամարտության լուծմանը: Պարզվում է, ԱՄՆ-ում հարց լուծողի դերում տեսնում են նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերիին, ով վերջերս ակտիվ հանդիպումներ է ունենում հայկական ու ադրբեջանական կողմերի հետ:
Եթե Ջոն Քերիի վերջին հայտարություններից զտենք ԱՄՆ պաշտոնյաներին բնորոշ քաղաքական շաբլոն մտքերը, ինչպես` ՙԱՄՆ-ը շահագրգռված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմամբ՚, ՙշարունակելու ենք խրախուսել կողմերի վստահության ամրապնդմանը՚ և այլն և այլն, ապա պետքարտուղարի խոսքում նկատելի կդառնան նոր մոտեցումներն ու անգամ մեսիջները:
ՙՎերջերս Ջոն Քերին բոլորվին նոր մտքեր ասաց` հակամարտությունը պետք է լուծվի բոլոր կողմերի դիրքորոշումները հաշվի առնելով՚,- իր հերթին նկատում է փորձագետ ՄԱՆՎԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ: Այնուհետ, բացելով փակագծերը պետքարտուղարն ընդգծեց, թե ինչ նկատի ունի ՙբոլոր կողմեր՚ ասելով` բացի Հայաստանից, Ադրբեջանից, Ռուսաստանից, նաև Թուրքիային ու Իրանին: ՙԵթե Թուրքիան դեռ 92-ից Մինսկի խմբի անդամ է, ապա սա առաջին դեպքն է, որ իբրև կողմ հիշատակվում է Իրանը՚: Սակայն, ինչպես ասում են, ՙինտրիգը՚ թաքնված է Քերիի հայտարարության մեկ այլ մտքում` հիմնախնդիրը պետք է լուծվի Միջին Արևելիք բոլոր խնդիրների համատեքստում: ՙԵթե ասվածը մտածված կոնցեպտ է, ապա նշանակում է, որ վերանայվում են ԱՄՆ մոտեցմաները: ԱՄՆ-ը խոսում է այլ ֆորմատի և այլ շրջանակների մասին՚,- ասում է փորձագետը:
Հիշենք, որ դեռ մեկ տարի առաջ հենց այս օրերին, Հիլարի Քլինթոնը հայտարարում էր նոր առաջարկների մասին, որոնք այդպես էլ ի հայտ չեկան: Գուցե Քերիի ասածը հենց այն է, ինչի մասին ակնարկում էր նախկին պետքարտուղա՞րը. ՙԳուցե, բայց Քերիի հայտարարությունն այնքա~ն տարբեր է ԱՄՆ նախկին մոտեցումից, որ մենք դեռ պետք է հասկանանք, կուրսի փոփոխություն է՞, թե՞ ընդամենը հնչած հայտարարություն, չնայած հակված եմ, որ հենց այնպես ասված միտք չէր՚:
Դատելով պետքարտուղարի հայտարությունից, կարելի է փաստել, որ ԱՄՆ-ը նպատակ ունի ԼՂ հիմնախնդիրը մղել մերձավորարևելյան հակամարտությունների հարթություն: Փորձագետը գնահատականներ տալ չի շտապում, փոխարենն առաջարկում է` սպասել զարգացումներին, միաժամանակ չբացառելով ամերիկյան ՙկուրսի՚ հնարավոր փոփոխությունը. ՙԱշխարհը զարգանում է, առաջանում են նոր խնդիրներ, իսկ դա նշանակում է` փոխվում են նաև մոտեցումները՚:
Մանվել Սարգսյանն այդ փոփոխվող մոտեցումների հարթության մեջ է դիտարկում նաև օրեցօր նոր թափ ստացող արցախյան ճանաչումների գործընթացը: ՙԱյսօր Արցախի ճանաչման խնդիրը միջազգային հարթության մեջ շոշափվող հարցերից մեկն է, օպերային արվեստի անկրկնելի դիցուհի Մոնսերատ Կաբալիեի հենց այնպես չի այցելում Արցախ, ինչպես նաև հենց այնպես չեն այցելում եվրոպական չինովնիկները, և սա խոսում է այն մասին, որ Ղարաբաղը որպես սուբյեկ՚: Ահա թե ինչու է դրանից անհանգստացած Ադրբեջանն անվերջ փորձում ՙշրջափակել՚ Արցախի միջազգային շփումները` սև ցուցակներ մոգոնելով, որոնց, ի դեպ, վերջին շրջանում եվրոպացիներն սկսել են բավական հումորով վերաբերվել:
Փորձագետը մի կարևոր ընդգծում արեց, եթե Արցախի ճանաչումն ընկալելի է դառնում աշխարհում, ապա ՙմարդիկ սկսում են միաժամանակ մտածել` գուցե միջազգային ճանաչումը հակամարտության լուծումներից մե՞կն է: Այս միտք չէիք լսի տարիներ առաջ, իսկ այսօր հավանական է դառնում՚:
Բացի ԱՄՆ-ից, ԼՂ հակամարտության կարգավորմանն իրենց ՙլուման՚ ունենալու հարցում նկատելիորեն ակտիվացել են նաև եվրոպական կառույցները, մասնավորաբար, ԵՄ-ն: Օրերս այդ մասին հնչեց Հերման վան Ռոմպեյի հայտարարությունը. ՙԵվրամիությունը մտադիր է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում համագործակցել Ռուսաստանի հետ՚, ավելին, նաև կանխատեսեց. ՙ2013 թվականը կարող է լինել շրջադարձային՚:
Ղարաբաղի շուրջ նկատվող աշխուժացման մեջ Մանվել Սարգսյանը մի կարևոր հանգամանք է նշմարում. ՙԲոլորն արդեն գիտակցում են, որ հին մոտեցումը լուծման ուղիներ չի պարունակում՚, ապա հավելեց` հենց նույն եվրոպացիներն այսօր ևս չեն պատկերացնում խնդրի լուծումը, և իբրև օրինակ հիշեց իր հանդիպումը հիմնախնդրով հետաքրքրված եվրոպացի 30 փորձագետների հետ: <Նրանց ասել եմ` 20 տարում որևէ մեկը չհստակեցրեց կողմերի իրավունքներն ու պատասխանատվությունը, կոնֆլիկտի բոլոր իրավունքները տվել եք Ադրբեջանին, անգամ չեք էլ ասում, թե ովքե՞ր են հակամարտության իրական կողմերը, ուրեմն, էլ ինչպե՞ս լուծենք այս խնդիրը՚: Հետաքրքիրն այն է, որ եվրոպացիներն իրենց հերթին արձագանքել են` բա ի՞նչ անենք, ո՞նց լուծենք: Հայ փորձագետը վերջիններիս նախ հիշեցրել է իրականությունը, որ այդ տարածքը գտնվում է Լեռնային Ղարաբաղ պետության վերահսկողության տակ, իսկ նրա անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է: <Նաև ասել եմ, սա այն տարածքը չէ, որ մի սցենար պարտադրես: Ուրեմն, պետք է մոտեցումը փոխվի՚> Եվրոպացիները ասվածի հետ համաձայնել են ու կրկին հարցրել` ինչպե՞ս: Իսկ <ինչպես>՚-ի բացատրությունը, ըստ Մանվել Սարգսյանի, հետևյալն է:
Նրա համոզմամբ ԼՂ հիմնախնդրի առնչությամբ ներկայացվող ոչ մի առաջարկ այսօր համոզիչ չէ, քանզի ՙ<ինքներս ենք կորցրել հիմնախնդրի կարգավորման ընդհանուր պատկերը>, ինչն էլ հետևանք է նրա, որ 15 տարուց ավելի է, ինչ Հայաստանում բացակայում է ԼՂ խնդրի շուրջ փորձագիտական ՙդիսկուրսը՚, խնդիրը դուրս է մղված քաղաքական քննարկումներից:
ՙՏեսք, Ադրբեջանն ասում է` խնդիրը պետք է լուծվի Հելսինկյան եվրոպական եզրափակիչ ակտի շրջանակներում: Իսկ գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում. 1975-ին ընդունված այս ակտով ամրագրվել են Եվրոպայի բոլոր սահմանները: Հիմա հարց եմ տալիս, այդ ինչպե՞ս եղավ, որ ԼՂ հիմնախնդիրը մտավ մի ակտի տակ, որը ընդունվել է 75-ին: Ոչ մեկին սա չի հետաքրքրո՞ւմ, բայց չէ՞ որ մենք պետք է պարզենք, թե ինչպե՞ս ազատվենք այդ ակտից, և արդյո՞ք կարող ենք մեր քայլերով հասնել դրան: Սրա մասին մենք պետք է մտածենք, ու սրա շուրջ պիտի ծավալվեն հայաստանյան փորձագիտական քննարկումները՚:
Սարգսյանը նկատում է, որ ամեն անգամ համանախագահներն ընդգծում են` խաղաղ ճանապարհով Հելսինկյան ակտի պայմաններում լուծել հիմնահարցը, դրա համար էլ աշխարհն ասում է` Ադրբեջանը ճիշտ է, Հայաստանը` սխալ: ՙԴրա համար է, որ Եվրոպայում մեզ հարց են տալիս` դուք չե՞ք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ ասում ենք` ճանաչում ենք: Իսկ այն, որ մեր ճանաչելը վերաբերում է 1918 թվականի Ադրբեջանինն ու նրա տարածքներին, որից դուրս է Արցախը, այ, այդ մասին խոսում են միայն ռադիոյով, փոխարենը, չկա այս կարևոր հանգամանքն արձանագրած որևէ փաստաթուղթը՚: Փորձագետն համոզված է, ողջ փակուցին սրա շուրջ է ստեղծվել, ինչից անգամ եվրոպացիները գլուխ չեն հանում:
Իսկ թե ո՞րն է ելքը, ինչպե՞ս դուրս գալ ստեղծված փակուղուց, նրա հավաստմամբ կա, շախմատային լեզվով ասած, ընդամենը մեկ քայլ` շախ և մատը գրանցված կլինի, իսկ դա ՙԱրցախի անկախության ճանաչումն է՚:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












